Երևանում տեղի ունեցավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք Հայաստանում 2024» խորագիրը կրող միջոցառում-մրցանակաբաշխությունը։ Մրցույթին մասնակցում էին կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված այն ծրագրերը, որոնց հեղինակները կանայք են։ Նախաձեռնությունն ունի մեկ կարևոր նպատակ՝ ճանաչել կանանց ներդրումը և առաջնորդությունը կլիմայի փոփոխության մեղմման գործում, ինչպես նաև հարմարվողականությանն ուղղված գործողություններում և լուծումներում։
«Կանայք կրում են բոլոր այն գիտելիքները, որոնք անհրաժեշտ են կլիմայի փոփոխության մեղմման համար։ Գուցե այս գիտակցությունը դեռևս մեզանում նստած չէ, բայց եթե ուշադրություն դարձնենք հասարակությունում կանանց գործելաոճին ու գործողություններին, կտեսնենք, որ ավանդական գիտելիքներն իրագործելով և նորի հետ համադրելով՝ կանայք մեծ ազդեցություն են ունենում կլիմայի փոփոխության դեմ պայքարում», – բացման խոսքում ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։
«Ուստի, շատ կարևոր է կանանց ներգրավվածությունը կլիմայի փոփոխության դեմ պայքարում մշակվող քաղաքականությանը։ Իզուր չէ, որ Շրջակա միջավայրի նախարարությունում կլիմայի քաղաքականության մշակման գործում ներգրավված են մեծամասամբ կանայք։ Այս մրցանակաբաշխությունը ևս մեկ անգամ գալիս է ընդգծելու կնոջ դերը կլիմայի փոփոխության մեջ և կլիմայի փոփոխության դեմ պայքարի հարցում», — նշեց փոխնախարարը։