Արտյոմ Լալայանը ստեղծագործում է ջազ-երաժշտություն և այն՝ «Ջազ՝ հայկական ակցենտով» ծրագրով ներկայացնում ռուս, եվրոպացի հանդիսատեսին։ Շուտով այն հասանելի կլինի նաև ամերիկյան լսարանին։ Նախագծի վրա աշխատանքը երաժիշտը սկսել է դեռևս 90-ականներին, իսկ երեք տասնամյակն արդեն ներկայացման որակի ապացույցն է։ Արտյոմ Լալայանը երկար տարիներ ապրել է ՌԴ-ում, աշխատել ռուս երաժիշտների հետ։ Այսօր Հայաստանում է, այստեղից է շարունակելու իր գործունեությունը։
Արտյոմ Լալայանը ծնունդով Արցախից է, այնտեղ է ստացել իր նախնական կրթությունը, հետո տեղափոխվել Երևան և ընդունվել Երևանի կոնսերվատորիա: 1993 թվականին մեկնել է ՌԴ, այնտեղ հիմնել «Ամարաս» ջազ բենդը և երկար տարիներ աշխատել տարբեր երաժիշտների հետ: Նա նաև Գնեսինների անվան երաժշտական հայտնի ակադեմիայում դասավանդելու հրավերով է տեղափոխվել Մոսկվա և չորս տարի դասավանդել այդ կրթօջախում:
«Ջազ՝ հայկական ակցենտով» ծրագրի մեկնարկը նույնպես տրվել է Մոսկվայում ապրելու տարիներին՝ պատմում է երաժիշտը և անշում. «Պրոֆեսիոնալ երաժիշտները շատ հետաքրքրված են այս նախագծով, քանի որ իմ երաժշտությունը հաճախ ջազի կանոններից դուրս է գալիս: Հայկական երաժշտական առանձնահատկությունները մեծ հետաքրքրություն են առաջացնում օտար երաժիշտների ու լսարանի շրջանում»:
Նախագիծը շրջել է տարբեր երկրներով: Արտյոմ Լալայանը նաև նախատեսում է հոկտեմբերին համերգներով ներկայանալ ամերիկյան հանդիսատեսին, հետո նաև նախաեսում է մեծ համերգ ունենալ Երևանում:
«Ջազ՝ հայկական ակցենով» նախագիծը ներկայացնում է նրա հեղինակային գործերը` համեմված հայկական արդեն ծանոթ գործերով, ինչն ավելի հետաքրքիր ու յուրահատուկ է դարձնում հայկական ջազի` լալայանական մոտեցումը:
Երկար տարիներ ՌԴ-ում ապրելուց հետո, 2020 թվականի պատերազմից հետո ջազ երաժիշտը վերադարձել է Հայաստան: «Վերադարձա, քանի որ իմ և շատերի ներկայությունը կարևոր և պարտադիր էր: Եկա և որոշեցի մնալ Հայաստանում, այստեղից շարունակել իմ գործունեությունը: Շատ գործեր ունեմ, որոնք նվիրված են իմ ծննդավայրին: Դրանք շատ հաճախ եմ ներակայացնում տարբեր համերիգների ժամանակ և, ի զարմանս ինձ, լավ ընդունելության են արժանանում օտարների կողմից», — պատմում է կոմպոզիտորը:
Երևանում երաժիշտը հիմնել է իր անվամբ գողտրիկ մի անկյուն, որտեղ ջազի սիրահարներին ներկայացվում են նրա ստեղծագործությունները` համեմված արցախյան մթնոլորտով: