
Կարմրուկը պարզապես ցան չէ և վտանգավոր է իր բարդություններով:
Վարակվելուց 7-23 օր հետո, միջինում՝ 10-14 օր անց առաջանում են ներքոհիշյալ ախտանիշները.
բարձր ջերմություն, հազ, ռինիտ քթահոսություն, աչքերի կարմրություն մարմնի ցանավորում:
Կարմրուկին բնորոշ է
բարդությունների առաջացումը՝ օտիտ, կոնյուկտիվիտ, բրոնխիտ, թոքաբորբ, որոնք հատկապես ծանր են ընթանում վաղ տարիքի երեխաների շրջանում: Կարմրուկը կարող է առաջացնել նաև սուր էնցեֆալիտ՝ գլխուղեղի բորբոքում, խլություն, իմունային հիշողության կորուստ, երբ կարմրուկի վիրուսը ջնջում է նախկինում ձեռք բերված իմունիտետը և տվյալ անձը խոցելի է դառնում տարբեր վարակների նկատմամբ:
Վարակվելու հետևանքով հնարավոր է նաև ենթասուր ձգձգվող պանէնցեֆալիտ, որը կարող է առաջանալ հիվանդանալուց մի քանի տարի անց և հանգեցնել մահվան: Հղիության ընթացքում կարմրուկը կարող է առաջացնել մի շարք բարդություններ՝
- վիժում
- վաղաժամ ծննդաբերություն
- նորածինների ցածր քաշ
- թոքաբորբ
- գլխուղեղի վնասվածք
- մայրական մահ
Կարմրուկի դեմ պատվաստումներն արվում են 2 դեղաչափով` 1 տարեկանում և 4-6 տարեկանում:
Կարող են պատվաստվել նաև նախկինում չպատվաստված և թերի պատվաստված անձինք:
Պատվաստվելով` պաշտպանում ենք ոչ միայն մեզ, այլև պատվաստման հակացուցումներ ունեցող անձանց (մինչև 6 ամսական երեխաներ, հղիներ, իմունային անբավարարությամբ անձինք):




