Վերլուծական

Դավութօղլուի «արդար հիշողությունը» եւ Ցեղսպանության իրողությունը

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Մինչ հայ-թուրքական արձանագրություններն այդպես էլ մնացին չվավերացված` երկու պետությունների խորհրդարանների մեծ օրակագրերում, այս թեմայի շուրջ սկսեցին նոր զարգացումներ: Դեռեւս 2009-ին` արձանագրությունների ստորագրումից առաջ, ինչպես վերհիշում է իր գրքում ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինտոնը, «Էդվարդ Նալբանդյանը համառում էր` անհանգստանալով ստորագրման արարողության համար Դավութօղլուի պատրաստած ելույթից»:

Ելույթը այն ժամանակ այդպես էլ չհնչեց, բայց այսօր հայ հասարակությունը կրկին քննարկում է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի խոսքերը: Իսկ դրանք հետեւյալն են. «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նոր եւ ավելի հաստատուն դարաշրջան կհաստատվի, եթե մտավորականներն ու քաղաքական գործիչները գործեն՝ երկու կողմերի հոգեբանական արգելքները հաղթահարելու եւ «արդարացի հիշողություն» կառուցելու համար»։ Դավութօղլուն նշել է, որ 1915թ.-ի դեպքերի շուրջ հաստատվել է «անարդար հիշողություն» եւ երկու կողմերին բաց ու շարունակական երկխոսության կոչ է արել։

Այսպիսի հայտարարությունների եւ զարգացումների ֆոնին քաղաքագետ Լեւոն Շիրինյանը պատկերացումներ չունի հայ-թուրքական հարաբերությունները ինչ հեռանկար եւ ապագա ունեն: «Յեմ պատկերացնում թուրքական այս «նեյնիմնների» վրա կառուցված հարաբերությունները»,- ասում է։

Որոշ դեպքերում կտրուկ գնահատականների կողմնակից արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան ունեցող, Սլավոնական համալսարանի համաշխարհային քաղաքականության եւ միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Արման Նավասարդյանը այս դեպքում նշում է. հայ-թուրքական հարաբերություններն ամեն դեպքում անհրաժեշտ են: «Ես կարծում եմ, որ բոլոր եղելություններում մենք պետք է աշխատանք տանենք, քաղաքականություն վարենք Թուրքիայի հետ մեր հարաբերությունները դնելու նորմալ հունի մեջ: Սա բխում է մեր ազգային շահերից»։

Նշված նորմալ հունին, սակայն, չեն նպաստում Դավութօղլուի հայտարարությունները, ինչի արդյունքում հայ հասարակությունը ավելի զգայուն է դառնում: Օրինակ` թե շարքային քաղաքացիների եւ թե քաղաքագետերի համար, անընդունելի է, երբ Դավութօղլուն իր վերջին հոդվածում` Ցեղասպանության մասին խոսելիս նույն նժարի վրա է դրել հայերին եւ թուրքերին` այսպես կոչված «արդար հիշողության» հայեցակարգի մասին գրելով հետեւյալը. «Թուրքերի եւ հայերի՝ միմյանց հասկանալու համար կարեւոր է, որ նրանք հարգեն միմյանց հիշողությունները։ Իրականում դա «ընդհանուր ցավի» ժամանակաշրջանն էր»:

Դավութօղլուի այս մատեցմանը քաղաքագետ Լեւոն Շիրինյանը արձագանքում է այսպես. «Եթե քաջության ու բարոյականության մասին է խոսքը, ընդհանրապես թուրքերը պետք է հրաժարվեն այդ տերմիններն օգտագործելուց»։

Back to top button