Առանձնահատուկ կիսամյակ՝ Եվրամիության համար. նախագահությունը անցնում է Իտալիային
Եվրամիության նախագահությունը հուլիսի 1-ից կես տարով Հունաստանից անցնում է Իտալիային, երկիր, որը բավականին հավակնոտ նպատակներ ու խնդիրներ է առաջադրում: Մասնավորապես, Իտալիայի ղեկավարությունը հայտարարում է եվրոպական քաղաքականության գերակայությունների վեկտորը փոխելու անհրաժեշտության մասին, որպեսզի միավորված Եվրոպան վերստին դառնա «երազանք», այլ ոչ թե խնդիրների ու հիասթափությունների աղբյուր ԵՄ-ի քաղաքացիների համար: «Այս կիսամյակը առանձնահատուկ է, որովհետեւ պետք է սկիզբ դնի քաղաքական նոր շրջափուլին»,- ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Իտալիայի Նախարարների խորհրդի պետքարտուղար Սանդրո Գոցին, որը պատասխանատու է եվրոպական քաղաքականության համար: Իտալիայի նախագահության օրակարգում ամենից առաջ տնտեսական աճի ապահովումն է ընդհանուր եվրոպական շուկայի
գործունեության հաշվին: Գերակայությունների թվում են՝ գործազրկության դեմ պայքարը, նոր ինդուստրիալ քաղաքականության մշակումը՝ ուղղված փոքր ու միջին բիզնեսի ձեռնարկությունների մրցունակության մեծացմանը: Իտալիայի համար խիստ ակտուալ է անօրինական ներգաղթի խնդիրը, եւ Հռոմը տրամադրված է հասնել ներգաղթի համալիր եվրոպական քաղաքականության ընդունման, որը կնախատեսի Եվրոպայի սահմանների պաշտպանության ապահովումը եւ փախստականի կարգավիճակի տրամադրման միասնականացված մեխանիզմի մշակումը:
Իտալիան միշտ էլ եղել է Եվրամիության ընդլայնման հետեւողական կողմնակիցը եւ նպաստելու է Սերբիայի եւ Ալբանիայի ընդունմանը, հայտնել է Գոցին: Ուկրաինայի հարցում Հռոմն այն համոզմունքն ունի, որ «Եվրոպայի հետ երկրի ինտեգրացումը եւ Ռուսաստանի եւ ԵՄ-ի մերձեցումը զուգահեռ գործընթացներ են եւ չպետք է հակասության մեջ մտնեն, այլ պետք է փոխլրացնեն»:
Իտալիան գոհ է նախորդ կիսամյակում ԵՄ-ն գլխավորած Հունաստանի աշխատանքից: «Հունաստանն սկսել է այն աշխատանքը, որը մենք մտադիր ենք շարունակել: Խոսքը վերաբերում է ԵՄ-ի ընդլայնմանը, ինդուստրիալ քաղաքականությանը, ներգաղթի քաղաքականությանը: ԵՄ-ի կառավարման մեթոդների կատարելագործման հարցերում նույնպես մենք մեծապես կարող ենք հենվել Հունաստանի կատարած աշատանքի վրա»,- ասել է Սանդրո Գոցին: