
Կառավարությունը հաստատել է Հայաստանի և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից Քաջարանի թունելի շինարարության ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման մասին համաձայնագիրը: Հիմնադրամի միջոցներից թունելի շինարարությանը կտրամադրվի 200 մլն դոլարի չափով ներդրումային վարկ։ Ծրագրի կարիքների համար նախատեսվում է օտարել շուրջ 160 հողամաս:
7 կմ երկարությամբ Քաջարանի թունելի և 4 կմ Սիսիան-Քաջարան նոր ճանապարհահատվածի շինարարությունը կիրականացվի վարկային միջոցներով: Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ճանապարհաշինական այդ ծրագրին կտրամադրվի 200 մլն դոլարի վարկ։ Մանրամասները կառավարության հերթական նիստում հայտնել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը․
«Ապահովված կլինի լուսավորության, օդափոխության, հակահրդեհային ժամանակակից համակարգերով: Կլինի ասֆալտբետոնե ծածկով թունելի երթևեկելի մասը, 2 գոտի 9 մետր լայնությամբ, կլինեն ճանապարհի եզրերին քայլուղիներ, ինչպես նաև առաստաղում տեղադրված կլինի խողովակ, որը կապահովի օդափոխության համակարգի աշխատանքը:
Ճանապարհի սալահատակի տակ կառուցվելու է անվտանգության թունել: Գործող թունելից դեպի անվտանգության թունել կլինեն 14 վթարային ելքեր՝ միջինում ամեն 400 մետրը՝ մեկ: Այս թունելի կառուցման արդյունքում ճանապարհի երկարությունն ու միջին արագությունը կկրճատվեն․
«Կկրճատվի շուրջ 14 կմ-ով, և 50 կմ/ժամ-ի փոխարեն կանցնենք 80 կմ/ժամ միջին արագությամբ: Տևողությունը կկրճարվի մոտ 40 րոպեով: Մեղրու լեռնանցքը այլևս շահագործելու կարիք չի լինի և ձմռան պայմանները հաղթահարելու կարիք չի լինի»։
Ծրագրի կարիքների համար նախատեսվում է օտարել շուրջ 160 հողամաս: Նախատեսված շինարարական աշխատանքների իրականացման հաշվարկված ժամկետը շուրջ 6 տարի է: Շինարարության նախահաշվային արժեքը կազմում է 144,6 մլրդ դրամ (շուրջ 369 մլն դոլար)։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյան․ «Այս նախագծով առաջին անգամ մենք Հայաստանում այդպիսի երկարությամբ թունելի կառուցման կանցնենք Հայաստանում։ Նմանատիպ բարդ կառույցը՝ Սիսան –Քաջարան հատվածի կառուցման մասին է խոսքը։ Այս կառույցը կառավարման ու շահագործման առումով փորձառություն կլինի»։
ՏԿԵ նախարարի խոսքով՝ անավարտ է Աշտարակ–Գյումրի հատվածը։ Նախ՝ կենտրոնացել են այդ հատվածում աշխատանքները վերսկսելու վրա։
«Աշտարակից Գյումրի առաջին կտորը 8 կմ է, որ շինարարության ակտիվ փուլում է, և հավանաբար հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կավարտենք։ Հաջորդը 34 կմ է, որը նախատեսված է ավարտել 2025թ. ամռանը, հաջորդ կտորը 18.7 կմ է՝ Թալին-Լանջիկ հատվածն է, որն ավարտված է, և ևս մեկ կտոր Լանջիկից Գյումրի՝ մոտ 23 կմ, որը կավարտվի այս տարեվերջին։ Եթե 34 կմ-ն էլ հաջորդ տարվա ամռանն ավարտենք, ապա կունենանք Երևանից Գյումրի ամբողջովին կառուցված Հյուսիս-Հարավ»։
Խնդիրները լուծելուց հետո կենտրոնացել են հարավային ուղղությամբ աշխատանքների վրա՝ ասում է նախարարը․ «ՀՀ-Իրան սահմանից սկսած՝ Ագարակ-Քաջարան 32 կմ հատվածն է, որտեղ ակտիվ շինարարության փուլ է, և այս պահին ՀՀ ամենամեծ շինարարական օբյեկտն է՝ 214 մլն դոլար արժեքով»։
2011–ից սկսված ծրագրի ավարտի վերջնական ժամկետներ չեն նշվում։ Թե ինչու , կարծիքները տարբեր են։ ՏԿԵ նախարարը, օրինակ, պարբերաբար հայտարում է, որ քանի դեռ ֆինասավորման աղբյուրները հստակ չեն, կոնկերտ ամբողջական ավարտի ժամկետ նշել չեն կարող։
Փորձագիտական դաշտում այլ դիտարկում ունեն։ Տնտեսագետ Սուրեն Պարսյան․
«Պատճառներից մեկը այն է, որ մենք ունեինք անարդյունավետ պետական կառավարում։ Փորձառություն չունեինք այդպիսի խոշոր ծրագրերի իրականացման։ Անշուշտ, կային բազմաթիվ կոռուպցիոն դեպքեր, որոնք էլ ավելի ձգձգեցին։ Սրանց կարող են նաև գումարել այն, որ մենք չկարողացանք այս ծրագրի մեջ ներառել մեր տարածաշրջանի մյուս երկրներին։ «Հյուսիս–հարավը» ըստ էության չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի այլընտրանք է։ Ստացվեց, որ հնդկական շահագրգիռ նախագծին բերեցինք չինական շինարարներ, դա էլ քաղաքական առումով այդքան էլ հեռանկարային չէր»։
Ծրագրի դանդաղումը որքա՞ ն վնաս է հասցրել Հայաստանի տնտեսությանը։ Պետական ու մասնավոր հատվածում հստակ հաշվարկներ չկան, բայց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է, որ դա շատ արագ կարելի է հաշվել․
«Եթե մենք հաշվենք, որ առնվազն 30–40 տոկոսով կնվազի ճանաժարհի վրա ժամանակի ծախսը, եթե մենք դա վերածենք, թե մեկ մեքենայի գնալ գալը որքան դոլարային արժեք ունի, ծախսերը այդքանով կարող են նվազել։ Տնտեսական առումով արտահանումը կէժանանար, ապրանքների մատակարարումը ժամանակին տեղի կունենար»։
Այլ հաշվարկներ էլ կան․ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի կառուցման դեպքում(556կմ)՝ Հայաստանի տարածքով իրանական բեռների փոխադրումը 9 ժամվա փոխարեն կտևի 5 ժամ, ինչպես նաև 1 կմ-ի հաշվով 1 տոննա բեռի փոխադրման արժեքը կնվազի 1,5-2 դոլարով։




