
Արցախում, մինչև բռնատեղահանությունը, «Մունք» տեխնոդպրոցը գործել է Մարտունու շրջանի Հաղորտի գյուղում և Ստեփանակերտում՝ ունենալով պետության, բարեգործական կազմակերպությունների, գործարար շրջանակների և բազմաթիվ անհատների աջակցությունը։
«Մունք»-ի ռազմավարական նպատակի իրագործման հիմքն է՝ երիտասարդներին իրենց բնակավայրերում ստացած նոր որակի կրթության շնորհիվ հնարավորություն տալ զարգացնել և ուժեղացնել հեռավոր համայնքները։



Բռնատեղահանումից հետո «Մունք» տեխնոդպրոցի ամբողջ թիմը և Հաղորտի համայնքի բնակիչները համայնքի ղեկավարի գլխավորությամբ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի շնորհիվ տեղակայվել են Լոռու մարզի Տաշիր քաղաքում։
«Նախաձեռնությունը սկսվել է շատ ավելի վաղ՝ 2017թ․-ին։ Առաջին կրթական գործընթացը Արցախում սկսվեց 2019-ին, իսկ բուն դպրոցը 2 տարի է արդեն ինչ գործում է։

«Մունք» տեխնոդպրոցի ստեղծման և գոյության գլխավոր իմաստը և նպատակն է շրջաններում, սահմանամերձ համայնքներում, այժմ նաև ՀՀ մարզերի երեխաներին լավագույն տեխնոլոգիական կրթությունը հասանելի դարձնել տեղում։ Այստեղ ամենակարևոր կետն այն է, որ իրենք ստիպված չլինեն կրթության և աշխատանքի հնարավորությունների ետևից գնալով՝ լքեն իրենց համայնքները։ Եվ լրիվ հակառակ տրամաբանությամբ՝ լավագույն կրթությունը և աշխարհի հնարավորությունները մարզեր տանելն է», – ասում է «Մունք» տեխնոդպրոցի հիմնադիր տնօրեն Աշոտ Ավանեսյանը։

«44-օրյա պատերազմից հետո եղել եմ Արցախում։ Տևական ժամանակ փորձում էինք գտնել հետաքրքիր նախաձեռնություններ, որոնք Արցախում ապագա կունենան։ Եվ մի քանի համախոհների, գործընկերների հետ հիմնադրեցինք «Ռ․Արմենիա» հիմնադրամը։ Գաղափարն է վերածնունդը, նոր որակի Հայաստան ստեղծելը։ Արցախում մեզ համար ամենահետաքրքիր ծրագիրը «Մունք» նախաձեռնությունն էր։ Եվ ներդրում արվեց «Մունք» տեխնոդպրոցի ստեղծման մեջ։ Դա 2022թ․-ի հունիսի 18-ն էր։ «Մունք»-ի 2 տարին նշում ենք այդ օրվանից սկսած։ Այս 2 տարիների ընթացքում եղան շատ դժվար պահեր՝ բլոկադա, տեղահանում։ Այսօր Տաշիրում դպրոցը իր վերածնունդն է ապրում և նոր մասնաճյուղեր բացում Հայաստանի մարզերում», – ասում է «Ռ․ Արմենիա» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Դավիթ Հակոբյանը։




