Արտգործնախարարության կադրային սայթաքումները. դեսպանների նշանակումից մինչեւ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության լռությունը
Լենա Բադեյան
«Ռադիոլուր»
Վերջին մի քանի օրվա ընթացքում ՀՀ ղեկավարությունը արտաքին քաղաքականության մեջ թույլ է տվել մի շարք սխալներ: ԱՄՆ-ում եւ Վրաստանում Հայաստանի նոր դեսպանների նշանակումը` անձերի առումով, անթույլատրելի քայլ է համարում արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան ունեցող, Սլավոնական համալսարանի համաշխարհային քաղաքականության եւ միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Արման Նավասարդյանը: Հիշեցնենք. Վրաստանում Հայաստանի դեսպան նշանակվել է Յուրի Վարդանյանը` ազատվելով Սպորտի նախարարի պաշտոնից, Իսկ Միացյալ Նահանգներում` Տիգրան Սարգսյանը` վարչապետի պաշտոնից ամիսներ առաջ ներկայացրած հրաժարականից հետո:
Հայ-Վրացական դիվանագիտական հարաբերությունների ծանրաձողը չի կարող բարձրացնել սպորտում կենդանի լեգենդ, ծանրամարտիկ, խորհրդային տարիներին «Սասունցի Դավիթ» մականունն ունեցող Յուրի Վարդանյանը: Սա ասում է Արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան ունեցող, Սլավոնական համալսարանի համաշխարհային քաղաքականության եւ միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Արման Նավասարդյանը:
«Վրաստանն ունի առանցքային նշանակություն մեզ համար: Գոյություն ունի վրաց-Ադրբեջանական հարաբերություններ, վրաց-թուրքական հարաբերություններ, Ռուիսաստանի հետ հարաբերություններ, կոմունիկացիաների հարցը, մեր Ջավախքը, անգամ եկեղեցական խնդիրներ եւ վրացահայությունը: Նման պայմաններում նշանակել ոչ փորձառու, ոչ պրոֆեսիոնալ դիվանագետի կամ դարձնել դիվանագետ, ես կարծում եմ մեծ սայթաքում է»:
Արտգործնախարարության կադրային սայթաքումներից Արման Նավասարդյանը հատկապես հիշում է երեք տարի առաջ Շարլ Ազնավուրի դեսպան նշանակելու որոշումը, ինչը վնասում է թե գործերին, թե կոնկրետ անհատին:
«Չի կարելի նման մեծությանը դնել նման փափուկ վիճակի մեջ: Ադյունքը եղավ նա, որ մի քանի անգամ հարգելի, տաղանդավոր, հանճարեղ մարդը դեսպան լինելով կոպիտ ձեւով խախտում է լոյալության կանոնները որպես դեսպան` ասելով, անելով հայտարարություններ, որ ընդհանրապես չի արվում կառավարության եւ ղեկավարության կողմից: Շատերը արդարացնում են, որ նրան կարելի է: Ոչ, ոչ մեկի չի կարելի, եթե նա դեսպան է, ասել այն, ինչ որ դեսպանը չի կարող ասել»:
Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի նշանակումը Միացյալ Նահանգներում արտակարգ եւ լիզոր դեսպան Արման Նավասադրյանը դժվարացավ հստակ գնահատել: Կարծում է` նրա գիտելիքները եւ կապերը միջազգային ֆինանսական կառույցների հետ որոշ դեպքերում օգտակար կլինեն, բայց նաեւ խորհուրդ տվեց հիշել «օֆշորային պատմությունները»:
«Դժվարանում եմ ասել, թե նա ինչպիսի դեսպան կարող է լինել: Նկատի ունենալով այն ամբողջ նախապատմությունը, որ չգիտեմ ճիշտ է, թե` սխալ: Նման դեպքերում ընդհանրապես խուսափում են մարդկանց բարձրացնել դեսպանի աստիճանի, այն էլ այնպիսի երկրում, ինչպիսին ԱՄՆ-ն է»:
Հենց այսպես է նախապատրաստվում է Աստանան` ակնարկելով մայիսի 29-ի գագաթաժողովում տեղի ունեցած միջադեպը, ասաց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը:
«Նույնիսկ անհասկանալի է ինչու: Որեւէ մեկը եթե ձախողում է` ինչ որ բան պետք է ստանա, այն էլ դիվանագիտության ոլորտում: Սրան պետք է վերջ տրվի, եթե մենք ուզում ենք երկիր դառնանք»:
Մեկ այլ շռայլությունը, որ Հայաստանն իրեն թույլ է տվել` ԵԽԽՎ-ում Ադրբեջանի նախագահի ելույթի ժամանակ հայ պատվիրակների լռությունն էր: Այս դեպքում Արման Նավասարդյանը հիշեցնում է Սոկրատեսի խոսքերը, իսկ Լեւոն Շիրինյանը պնդում` կեցվածքը անիմաստ էր եւ որեւէ լավ բանի չի բերի: Դեսպանն ու քաղաքագետը չեն հասկանում ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության հատկապես ընդդիմադիր պատգամավորների լռությունը, Հանրապետականներինը բացատրելով աշխատանքը կորցնելու վախով:
«Խելացի խոսելը դժվար է, խելացի լռելը` ավելի դժվար: Բայց սա այդ դեպքը չէ: Նա վիրավորում է մեր ամբողջ երկիրը եւ մեր ժողովրդին եւ այստեղ պարտիզանի նման լռել եւ ասել, որ չեն մտնում նման բանավեճերի մեջ, ես դա համարում եմ սխալ: Այստեղ խորհրդարանական պատվիրակությունը չի կատարում այն առաքելությունը, որը դրված է նրա վրա: Երբ որ պետք է քննադատել այստեղ Հայաստանում նույն ղեկավարությանը` բլբուլ են կտրում, իսկ գնալ հարկատուների հաշվին հասնել Ստրասբուրգ եւ նորահարսի նման նստել եւ ոչինչ չասել` սխալ է»:
Քաղաքագետը պդում է. Հայաստանում անպայման պետք է պատիժներ սահմանվեն, ասենք` չինովնիկական, խորհրդարանական: Այլ կերպ ասած, թույլ տված թերացման համար պաշտոնյան անպայման պետք է պատասխան տա, բայց ոչ տեղափոխվելով դիվանագետի աթոռին: