Էկոսֆերա

Հայաստանը՝ կլիմայական քաղաքականության բարեփոխման շեմին․ «Էկոսֆերա»

Ինչպե՞ս կարող են արտադրողները նպաստել կլիմայի փոփոխության մեղմանը։ Զրուցել ենք գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների հետ, որոնք փորձում են իրենց բիզնեսը դարձնել հնարավորին անթափոն՝ այս կերպ կրճատելով արտանետումների քանակը շրջակա միջավայր։

Կլիմայական հարցերը տնտեսության բոլոր ոլորտներում են և դրանք առնչվում են բոլորի հետ։ Քայլ առ քայլ տնտեսության բոլոր ճյուղերը պետք է վերանայեն իրենց մոտեցումները, քանի դա լինելու է օրենքի պահանջ։ 2025 թվականի հունվարին նախատեսվում է «Կլիմայի մասին» ՀՀ օրենքի ընդունումը։

Գյուղատնտեսության մեջ տարբեր տեսակի թափոնների առաջացումն անխուսափելի է։ Դրանք տարբեր են ծավալով, տեսակով և վտանգավորությամբ: Ինչը ստեղծում է ռիսկեր շրջակա միջավայրի և մարդու առողջության համար։ Որքան քիչ թափոն, այդքան քիչ արտանետում։

Այսպես օրինակ՝ ջերմոցային գազերի արտանետումների առումով էներգետիկ ոլորտից հետո երկրորդ տեղում գյուղատնտեսության, անտառային օգտագործման և հողօգտագործման ոլորտն է՝ 18․8 % արտանետում, որից հետո միայն գալիս է արդյունաբերության ոլորտը։ Ահա թե ինչու կարևոր են բարեփոխումները նաև գյուղատնտեսության ոլորտում։

Արմավիրի մարզի «Լուկաշինի» գյուղատնտեսության ասոցիացիայի նախագահ Վարդգես Դավթյանը, խոսելով ոլորտի խնդիրներից, ընդգծեց՝ գյուղատնտեսները մեծ դժվարությամբ են ընդունում նորարարությունները, այդ թվում՝ նոր տեխնոլոգիաների ներդրումը: Դավթյանի ընտանիքը զբաղվում է գյուղատնտեսական մթերքների աճեցմամբ, վերամշակմամբ, սառնարանային պահպանմամբ և իրացմամբ։ Այս ծավալուն գործունեության արդյունքում թվում է, թե հնարավորինս քիչ թափոն պետք է առաջանա, քանի որ պտուղներից ստանում են նաև չրերի տեսականի։

Վարդգես Դավթյանը պատմեց, որ չրեր պատրաստելուց հետո առաջանում է երկրորդական հումք, որն անվանում են թափոն։ Խոսքը կորիզների և մրգերի կեղևների մասին է։ Այժմ պատրաստվում է վերամշակել նաև այդ հումքը և ստանալ բարձրորակ արտադրանք։ Նոր գաղափարներն էլ ծագել են դասընթացի ընթացքում, որին մասնակցել է գյուղատնտեսը։

Արմինե Մարտիրոսյան

Գյուղատնտեսության ոլորտում ակտիվ են նաև կանայք՝ հնարամիտ գաղափարներով։ Թռչնապահությամբ զբաղվող Արմինե Մարտիրոսյանն էլ նշում է՝ արտադրում են հիմնականում հավկիթ։ Թափոնը թռչնաղբն է, որն օգտագործվում է որպես պարարտանյութ, սակայն ծավալները շատ են։

«Մի կետ է գալու, որ ինքնաբավ ենք լինելու և ավելանալու են այդ թափոնները։ Հիմա մտածում ենք, որ այդ թափոններից լրացուցիչ պրոդուկտ ստանալ, կստանանք օրգանիկ պարարտանյութեր վաճառքի համար։ Մեծ ներդրումներ չի պահանջվում, ավելի շատ՝ մտածողության փոփոխություն»,- ասում է նա։

Որքան քիչ թափոն, այդքան քիչ արտանետում։ Հայաստանը կլիմայական քաղաքականության մեծ բարեփոխման շեմին է, քանի որ միջազգային մի շարք համաձայնագրերով ստանձնել է կրճատել արտանետումների քանակը։ Բարեփոխումների ճանապարհին բոլորը, այդ թվում՝ գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչները, պետք է վերանայեն իրենց մոտեցումները՝ դրսևորելով այսպես ասած՝ կլիմայական վարքագիծ։

Արտակ Բաղդասարյան

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագիր պատասխանատու Արտակ Բաղդասարյանի խոսքով՝ գլոբալ կլիմայական օրակարգին զուգընթաց, անխուսափելի է դառնում տարբեր շերտերի ակտիվ դերակատարումը։ Հետևաբար առաջանում է իրավունքների և պարտավորությունների տարանջատման խնդիր, որը պետք է կարգավորվի համատասխան օրենքով։ Այս դեպքում՝ «Կլիմայի մասին» օրենքով։

«Բոլոր կարգավորիչ գործիքները, որոնք կներդրվեն օրենսդրական ակտի հիմքում, ենթակա են կատարման։ Կլիմայական խնդիրները տնտեսությունից դուրս չեն, դրանք սպասարկում են տնտեսությունը»։

Անի Ղուկասյան

Օրենքի նախագիծն այժմ համաձայնություններ ստանալու փուլում է, ասում է ՇՄ նախարարության Կլիմայական քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Անի Ղուկասյանը․ «Կլիմայի մասին» ՀՀ օրենքի նախագիծը շրջանառվել է ՇՄ ստորաբաժանումներում։ Այժմ համաձայնություններ ստանալու փուլում է՝ շահագրգիռ գերատեսչություն ներկայացնելու համար։ «Կլիմայի մասին» ՀՀ օրենքի ընդունումը նախատեսված է 2025թ․-ի հունվարին»։

Կարդացեք նաև

Back to top button