ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Հաշմանդամության կարգի փոփոխությունից հետո գումարի չափը չի փոխվի․ գործադիրն առաջարկում է փոխել զինծառայողների փոխհատուցման կարգը

Ազգային ժողովը՝ վաղը մեկնարկելիք արտահերթ նիստի ընթացքում կքննարկի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը։

Գործադիրն առաջարկում է վերանայել  հաշմանդամություն ստացած զինծառայողների փոխհատուցման կարգը և նախագիծը քննարկել արագացված ընթացակարգով։ Փոփոխությունների ընդունման դեպքում շուրջ 300 զինծառայող, որոնց առողջական վիճակը բարելավվել է, արդյունքում՝ հաշմանդամության կարգը փոփոխվել, կշարունակի ստանալ ի սկզբանե սահմանված ավելի բարձր փոխհատուցումը։

Եթե հերթական փորձաքննության ընթացքում պարզվի, որ մարտական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակը, օրինակ, բարելավվել է ու ըստ այդմ՝ փոխվել հաշմանդամության կարգը, ապա նա կշարունակի փոխհատուցում ստանալ ի սկզբանե սահմանված հաշմանդամության կարգին համապատասխան։ Ավելի պարզ ձևակերպմամբ՝ հաշմանդամության կարգի փոփոխությունը ֆինանսական փոխհատուցման նվազման չի բերի։ Սա այն դեպքում, եթե օրենսդիրը հավանություն տա աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության առաջարկին։ Նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը մանրամասնում է՝ գործող կարգի համաձայն՝ եթե հաշմանդամության խումբը փոխվում է, վերանայվում է նաև գումարի չափը։

«2020թ 44-օրյա պատերազմից հետո մենք ունեցանք շահառուներ, որոնք սկզբում հաշմանդամության մեկ այլ կարգ ունեին, հետո առողջական վիճակի փոփոխությունից հետո այլ կարգ և որոշակի անհանգստություն ու դժգոհություն կար ֆինանսական կայունության հետ կապված մեր շահառուների կողմից և դրա արդյունքում քննարկեցինք ու որոշակի լուծում տվեցինք․ մասնավորապես կարգի փոփոխությունից հետո 3 տարի ժարունակ ի սկզբանե նշանակված չափից մի փոքր պակաս շարունակում էին ստանալ այդ գումարը ու միայն 3 տարի անց էր նոր գումարի չափ սահմանվում»։

Նախորդ փոփոխությունը, սակայն, չի բավարարել շահառուներին։ Դժգոհությունները հաշվի առնելով՝ որոշել են ևս մեկ անգամ խմբագրել գործող օրենքը։

«Նախագծով առաջարկում ենք զինհիմնադրամի շահառու դարձած անձանց համար, այն խմբող որով ի սկզբանե դարձել են զինհիմնադրամի շահառու և սահմանվել է հատուցման չափ այդ չափը պահպանել 20 տարի շարունակ անկախ նրանից թե հաշմանդամության խմբի ինչ փոփոխություններ տեղի կունենան»,-ասում է Դավիթ Խաչատրյանը։

Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի տվյալներով՝ 44-օրյա պատերազմից հետո հաշմանդամության 2-րդ կարգ ստացած, ապա այն 3-րդով փոխարինած շուրջ 250 զինծառայող կա, ևս 50 զինծառայողի դեպքում հաշմանդամությունն առաջին կարգից երկրորդ է դարձել։ Օրենսդրական այս փոփոխության՝ ուժի մեջ մտնելու դեպքում 300 զինծառայող, չնայած առողջական վիճակի բարելավմանը, կշարունակի ավելի բարձր փոխհատուցում ստանալ։

Պատգամավոր Գայանե Եղիազարյանը հետաքրքրվում է․ «Եթե առողջական վիճակի բարելավում է տեղի ունենում, և անձը կարողանում է ընդունվել աշխատանքի ու հետագայում աշխատել, արդյոք պահպանվո՞ւմ է այս թոշակը»։

Ոլորտային գերատեսչության ներկայացուցիչը մանրամասնում է՝ օրենքով սահմանված հատուցումները կապված չեն եկամուտների, աշխատանքի, նույնիսկ փաստացի բնակության վարի հետ։ Փոխհատուցումը սահմանվում է՝ ըստ հաշմանդամության կարգի կամ ֆունկցիոնալության աստիճանի։ Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամն այս տարվա հունվարից վերանայել ու ավելացրել է զինծառայող շահառուներին տրվող ամսական գումարի չափը։ «Զինապահի» հոգաբարձուների խորհրդի նախագահ Իրինա Սեյլանյանը մանրամասնում էր․

 «Այս տարվա սկզբին հոգաբարձուների խորհուրդը որոշում կայացրեց վերանայելու ու ինդեքսավորելու մեր շահառուների հատուցման ամսական գումարները 2024թ հունվարի 1-ից բարձրացնելով այն 26 տոկոսով։ Այս նախաձեռնության արդյունքում «Զինապահի» տարեկան պարտավորությունները աճել են շուրջ 4 միլիարդ դրամով»,-ասում էր Սեյլանյանը։

Հայաստանում պարտադիր դրամաշնորհային վճարներից ու նվիրատվություններից ձևավորվող միջոցներով հիմնադրամը 2017 թվականից մինչև 2024-ի առաջին եռամսյակի ավարտը ֆինանսական հատկացումներ է արել ավելի քան 12․500 զինծառայողի ու նրանց ընտանիքի անդամների։ Տրամադրված գումարի չափն արդեն գերազանցում է 91.5 միլիարդ դրամը։

Փոփոխությունների փաթեթը Ազգային ժողովը կքննարկի անհետաձգելի կարգով՝ հուլիսի 11-ին մեկնարկող արտահերթ նիստի ընթացքում։

Կարդացեք նաև

Back to top button