ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Վարդավառին ջրային պարեկներն ամբողջ կազմով լողափերում կլինեն

Հուլիսի 1-ից Սևանի ափին փրկարարներն ու ջրային պարեկները 24-ժամյա հերթապահություն են  իրականացնում։ Հանրային լողափերում տեղադրվել են ջրափրկարարական գույք, սարքավորումներ ու հենակետեր։ Լողամիջոցներով պարբերաբար իրականացվում են շրջայցեր, բարձրախոսներով քաղաքացիներն իրազեկվում են անվտանգության նորմերի մասին։ Նախորդ տարի լողափնյա սեզոնին Սևանում ջրահեղձման 6, այս տարի՝ 1 դեպք է գրանցվել։ Փորձը ցույց է տալիս, որ մեր քաղաքացիները ոչ միշտ են հետևում անվտանգության կանոններին։

Հանգստի սեզոնի մեկնարկով պայմանավորված մեծանում են լողափնյա գոտիներում փրկարար ծառայության աշխատակիցների կողմից տարվող պրոֆիլակտիկ աշխատանքի ծավալները։ Ջրային ավազաններում հանգիստն առավել անվտանգ դարձնելու համար, մասնավորապես Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչությունն անցել է շուրջօրյա հերթապահության ռեժիմի Սևանի թերակղզում և հանրային լողափերում:

ՆԳՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Ճզմաչյանի փոխանցմամբ՝ հանրային լողափերում տեղադրվել են ջրափրկարարական հենակետեր, այդտեղ են տեղափոխվել մոտորանավակներ, փրկարարական գույք: Ջրային պարեկները լողամիջոցներով պարբերաբար իրականացնում են շրջայցեր, զբոսաշրջիկներին, քաղաքացիներին բարձրախոսներով իրազեկում են անվտանգության կանոնների մասին, հետևում են, որ չխախտեն համապատասխան խորությունների վրա տեղադրված լողանշանները:

«Վարդավառի տոնին հատուկ ջրափրկարարական ջոկատն իրականացնելու է էլ ավելի ծանրաբեռնված ծառայություն։ Անձնակազմն ամբողջ ծանրաբեռնվածությամբ մասնակցելու է այդ օրը քաղաքացիների պահպանմանը։ Քաղաքացիներին հորդորում ենք հետևել ջրային պարեկների հորդորներին, որ պահպանեն անվտանգության կանոնները»։

Ներքին գործերի նախարարության կազմում  2023թ նոյեմբերից  սկսել է աշխատել ջրային պարեկային ծառայությունը, որի գործառույթների մեջ են մտնում հանրային լողափերում և լողափային հատվածներում հասարակական կարգն ու հասարակական անվտանգությունն ապահովելը, հսկողություն իրականացնելը  և առաջին օգնություն ցույց տալը քաղաքացիներին։ Անդրադառնալով Սևանում լողափնյա սեզոնի բացմանը՝ ոստիկանության պարեկային ծառայության վարչական գործերի և դատական պաշտպանության վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Հայկ Վարդանյանը նախ անդրադարձավ այն իրավախախտումներին, որոնց համար տարբեր պատժամիջոցներ են նախատեսված:

«Օրինակ, լողամիջոցը ոչ սթափ վիճակում վարելու կամ զննություն անցնելուց խուսափելու համար նախատեսվում է պատասխանատվություն՝ նվազագույն աշխատավարձի 30-ապատիկի չափով: Այլ խախտումների թվում են՝ տեխնիկական անսարքություն ունեցող, չհաշվառված լողամիջոց վարելը, այն առանց կողային համարանիշի վարելը, լողամիջոցը վարելու իրավունք չունեցող անձին հանձնելը եւ այլն: Երբ լողամիջոցը մոտեցվում է լողափնյա այն հատվածներին, որոնք կահավորված չեն լողամիջոցների մոտենալու կամ հեռանալու համար օրենսդրությամբ նախատեսված կահավորանքով, այս դեպքում պատասխանատվություն է նախատեսվում աշխատավարձի 20-ապատիկի չափով»:

Սևանա լճում 2023 թվականին լողասեզոնին ջրահեղձ է եղել 6 քաղաքացի, իսկ այս տարի արդեն 1 դեպք է գրանցվել՝ հայտնեց Ճզմաչյանը։

«Ջրափրկարարները լողամիջոցներով պարբերաբար շրջայցեր են իրականացնում, բարձրախոսներով իրազեկում են, որ բոլոր հանգստացողները պահպանեն անվտանգության կանոնները։ 2023 թվականին լողափնյա հանգստի սեզոնի ընթացքում ջրահեղձ է եղել 6 քաղաքացի, մեկ ձկնորս էլ` մինչև լողասեզոնը։ Այս տարի ջրահեղձության 1 դեպք է գրանցվել հունիսի 1-ին»։

Ջրահեղձության դեպքերը հիմնականում տեղի են ունենում, երբ մարդիկ ոչ սթափ վիճակում գերագնահատում են իրենց ուժերը։ Դեպքեր են լինում նաև, որ քաղաքացիներն անցնում են տեղադրված լողանշանները ու չեն կարողանում վերադառնալ։ Լողափնյա հանգստի սեզոնից դուրս հիմնականում ջրահեղձ են լինում ձկնորսները, քանի որ երբեմն անբարենպաստ եղանակային պայմանների ժամանակ են դուրս գալիս լիճ։ Ճզմաչյանը նշեց, որ այս տարվա ընթացքում ջրահեղձության դեպք է եղել նաև ՃՏՊ–ի հետևանքով. մեքենան ընկել է Հրազդան գետը ու ներսում գտնվող 3 քաղաքացիները խեղդվել են։

Կարդացեք նաև

Back to top button