Սփյուռքի ձայնը

Հայ կանանց միջազգային ասոցիացիայի ուշադրության կենտրոնում արցախցի կանայք են. «Սփյուռքի ձայնը»

Հայ կանանց միջազգային ասոցիացիան 8-րդ անգամ հայ կանանց համախմբել էր մեկ սեղանի շուրջ՝ լսելու ու ծանոթանալու կնոջ խնդիրների ու երազանքների մասին: Այս անգամ հանդիպումը արցախցի կանանց հետ էր:

 «Հայ կանանաց միջազգային ասոցիացիան ստեղծվել է երեսուներեք տարի առաջ՝ մի խումբ հայ կանանց շնորհիվ, որոնք ուզում էին կապեր ստեղծել տարբեր երկրների, տարբեր հոգևոր, գաղափարական ու կուսակցական պատկանելության այն հայ կանանց հետ, որոնք նաև պետք է կապ ստեղծեին  Հայաստանի ու հայաստանցի կանանց հետ»,- ասում է Ալիս Պետրոսյանը։

Նա այն երեք հայ կանանցից է, որոնք որոշեցին միախմբվել այս հարցերի շուրջ։ Ալիսը հիմնադիրներից միակն է, որ շարունակում է իր լուսահոգի ընկերուհիների գործը նաեւ։ Հենց Հայաստան առաջին այցը միասնական աշխատանքների մեկնարկը տվեց։

«Հանդիպումներ ու համաժողովներ ունեցել ենք տարբեր երկրներում, բայց պետք էր գալ Հայաստան: Երբ որոշեցինք Հայաստանում անցկացնել համաժողով՝ համաճարակը սկսվեց, հետո պատերազմը: Այս անգամ էլ Հայաստանում ներքին անհանգստություններ կային և շատերը վախեցան գալ: Մենք՝ շուրջ երեք տասնյակ կանայք, եկանք Հայաստան։ Եթե հայաստանցիները կարողանում են հաղթահարել բոլոր դժվարությունները, մենք չպետք է վախենանք մեր հայրենիք գնալուց», — նշում է Ալիս Պետրոսյանը:

Այս այցի ընթացքում եղել են տարբեր քաղաքներում  ու գյուղերում,   «հանդիպել կանանց, որոնք գյուղատնտեսությամբ են զբաղվում, որոնք IT ոլորտի հրաշալի մասնագետներ են, կանայք, որոնք կայացել ու  փորձում են զարգացնել իրենց հմտությունները»։

Արցախի հայաթափումից հետո ունեն տարբեր ծրագրեր՝ հատկապես արցախցի կանանց համար: Հանդիպել են ոչ թե դասախոսություն կարդալու, այլ նույն սեղանի շուրջ նստելու և նրանց երազանքներն ու մտահոգությունները լսելու համար: «Շատ հետաքրքիր ու կայացած կանանց հանդիպեցինք, որոնք, ցավոք, թողել են իրենց հիմնական աշխատանքը և զբաղվում են տարաբնույթ գործերով՝ կենցաղային հարցերը լուծելու համար:  Մենք ուզում ենք օգնել նրանց ՝ զբաղվել իրենց գործով»,- ասում է Ալիսը:

Նյութական աջակցություն, խորհրդատվություն ու տարատեսակ համագործակցությունների հնարավորություններ. Հայ կանանց միջազգային ասոցիացիան ամբողջ տարին մշակելու է ծրագրեր՝ հայ կանանց իղձերը իրականացնելու և խնդիրները լուծելու համար: Սակայն ունի մեկ կարևոր պահանջ՝ ծրագրերի շարունակականության համար՝ աշխատանքի արդյունքներ և առաջընթացի փաստեր: 

Կարդացեք նաև

Back to top button