ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Նորագյուղը Երևանի նոր կենտրո՞ն. եկող տարի կսկսվի թաղամասի օտարումն ու վերակառուցումը

Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ներկայացվել է մայրաքաղաքում միանգամից մի քանի հատվածների ներդրումային ծրագրեր։ Մասնավորապես՝ քաղաքային իշխանությունը նախատեսում է վերակառուցել Երևանի կենտրոնին մոտ գտնվող ամենահին թաղամասերից մեկը՝ Նորագյուղը ու խոստանում՝  նորացված Նորագյուղը կլինի մայրաքաղաքի նոր կենտրոնը։ Թաղամասի հատակագիծն արդեն պատրաստ է, ֆրանսիացի ճարտարապետների նախագիծն, ըստ ամենայնի, կյանքի կկոչվի արդեն եկող տարվանից։

Երևանի կենտրոնին մոտ գտնվող Նորագյուղ թաղամասը կարող է մայրաքաղաքի նոր ու ժամանակակից կենտրոնը դառնալ։ Քաղաքային իշխանությունը նախատեսում է վերակառուցել շուրջ 200 տարվա պատմություն ունեցող թաղամասն ու այստեղ հողաշեն առանձնատների փոխարեն ժամանակակից բարձրահարկեր ու նոր ենթակառուցվածքներ ստեղծել։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը շեշտում է՝ ծրագիրը ամենակարևորներից մեկն է, որ համայնքն առաջիկայում իրականացնելու է։

«Այստեղ մենք մի քանի կարևոր խնդիրներ ունենք, որոնք կարծում եմ՝ պետք է մեր ուշադրության կենտրոնում լինեն, առաջին հերթին Նորագյուղի բնակիչներն են և նրանց իրավունքների լիարժեք պաշտպանությունը այս ամբողջ գործընթացում։ Շատ դեպքերում այնտեղ տները բավականին հին են, հողաշեն տներ կան, բնակիչները կարիք ունեն բնակֆոնդի հարցի լուծման, և ես վստահ եմ, որ այս ծրագիրը, օգտոգործելով ամբողջ Նորագյուղ թաղամասի խնդիրները, մենք հնարավորություն կունենանք լուծելու»։

Նորագյուղ թաղամասը վերակառուցելու մասին քաղաքապետարանում դեռ ամիսներ առաջ էին խոսում։ Հենց այդ ժամանակ ֆրանսիացի ճարտարապետների խումբ եկավ տեղում թաղամասին ու տեղանքին ծանոթանալու համար։ Հենց ֆրանսիացիներն են թաղամասի նոր հայեցակարգն ու հատակագիծը մշակել։ Այն արդեն պատրաստ է․ Ավինյանն ընդգծում է՝ պետք է ամեն ինչ արվի եղած նախագծից չշեղվելու համար։

«Մենք շատ վատ փորձեր ունենք թաղամասերի նախագծման, շատ գեղեցիկ տեսքով նախագծեր են, հետո վերջնարդյունքը լրիվ այլ բան է ստացվում, իսկ այն ինչ մենք հիմա ունենք, որպես գլխավոր հատակագիծ՝ լայն փողոցներով, բավականին լավ տրամաբանված մաստերպլան դրանից շեղումներ չպիտի լինեն»,-ասում է Ավինյանը։

Թե ինչպիսին է լինելու թաղամասը, կամ դրան հասնելու ճանապարհը, քաղաքապետարանն առայժմ ամբողջությամբ չի մանրամասնում, խոստանում են առաջիկայում տեսանյութերի ու մանրամասն գծագրերի միջոցով ներկայացնել։ Վստահ են, որ վերակառուցվող թաղամասը ոչ միայն տեղային խնդիրներ կլուծի, այլև կբեռնաթափի կենտրոնը, ծրագրի մի մասն էլ արդեն նախագծված Արշակունյաց-Մոնթե Մելքոնյան նոր մայրուղու կառուցումն է։

«Ենթադրվում է, որ որոշ չափով այստեղ են տեղափոխվելու ֆինանսական, բիզնես և գուցե նաև պետական ու տեղական ինքնակառավարման սույբեկտներ»։

Ֆրանսիացի ճարտարապետները խոստանում են, որ թաղամասը ժամանակակից լուծումների հետ մեկտեղ, նաև հայկական ու տեղանքին բնորոշ էլեմենտներ կունենա։ Առաջիկայում քաղաքային իշխանությունը ծրագիրը կառավարության քննարկմանը կներկայացնի։ Նախատեսում են՝ արդեն հաջորդ տարի սկսել օտարման գործընթացը՝ մանրամասնում է Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Անետա Բաբայանը։

«Պիտի արդեն սկսենք գույքերի մասին տեղեկատվության հավաքագրման, գույքագրման գործընթացը, այնուհետև ձեռքբերողների ներգրավում։ Սրանք ընթացիկ գործընթացներ են, և ակնկալում ենք, որ հանրային գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումը կլինի, որոշակի երկար ժամանակահատված ենք նախատեսել, բայց հուսով ենք՝ աշխատանքները կազմակերպել հնարավորինս կարճ ժամկետներում»,– ասում է Բաբայանը։

Քաղաքապետարանը նման մտադրություն ունի նաև Երևանի ամենակոլորիտային թաղամասերից մեկի՝ Կոնդի վերաբերյալ։ Այս դեպքում, սակայն, դեռ ընտրված նախագիծ չկա, թե ինչպիսին կլինի Կոնդն ապագայում, պետք է որոշվեր Քաղաքաշինության կոմիտեի՝ 2021թ հայտարարված մրցույթով, որի երկրորդ փուլն առայժմ չի կայացել, գործընթացը փակուղում է։

Փոխարենը առաջիկայում գործադիրը կքննարկի Երևանի Օղակաձև այգու 4-րդ հատվածի բարեկարգման ծրագրի ներդրումային առաջարկը։ Քաղաքային իշխանությունը մտադիր է այգու այս հատվածում մասնավորի աջակցությամբ նոր, ժամանակակից լուծումներով այգի կառուցել։

«Մենք արդեն իսկ կառավարության քննարկմանն ենք ներկայացրել գերակա շահի մասին որոշումը։ Աշխատանքային կարգով գիտենք, որ որոշակի առաջարկներ կան, որոնք, սակայն, էական խնդիրներ չեն մատնանշում, ուղղակի դիտարկումներ են։ Առաջիկայում ենթադրում եմ, որ այս որոշումը կառավարության հաստատմանը կներկայացվի բավականին ակտիվ տեմպով, և հիմա արդեն մեկնարկում ենք գույքերի գնահատման գործընթացը։

Սրան զուգահեռ քաղաքապետարանը ԿԳՄՍ նախարարության հետ սկսում է մայրաքաղաքի հուշարձան շենքերի գույքագրումը։ Առանձնացվել է շուրջ 50 միավոր հուշարձան-շենք, որոնք սեփականության իրավունքով պատկանում են մասնավոր անձանց կամ ընկերությունների և բարեկարգման կարիք ունեն :

Կարդացեք նաև

Back to top button