ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

«Սև ուրբաթ»՝ անշարժ գույքի շուկայում․ կդառնա՞ արդյոք շինարակական բումը փուչիկ

Հայաստանում աննախադեպ արագությամբ ավելանում են շինարարության ծավալներն ու հիոպթեքային վարկերը։ Տնտեսությունը չի կարողանում իրացնել այն մեծ շրջանառությունը, որն այժմ կա։ Փորձագիտական դաշտում այստեղ ռիսկեր են տեսնում։ Բայց և նկատում են՝ պայթելու վտանգ չկա։ Հայաստանում շինարարության ոլորտը զարգանում է բնակարանաշինության ծավալների աճի հաշվին։

Հայաստանում շինարարության ոլորտի աճը շարունակվում է։ ՎԿ տվյալներով՝ ընթացիկ տարվա ապրիլին ՀՀ-ում շինարարության ծավալը կազմել է մոտ 36 մլրդ դրամ։ Մեկ տարում ոլորտի աճը կազմում է մոտ 18 տոկոս։ 2024թ.-ի ապրիլին իրականացված շինարարության ծավալներում տնտեսական գործունեության տեսակներից զգալի մասնաբաժինները պատկանում են անշարժ գույքի հետ կապված գործունեությանը՝ մոտ 52 տոկոս։ Դիտարկվող ժամանակահատվածում առաջնային դիրք են զբաղեցնում կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող շինարարության ծավալները՝ մոտ 13 մլրդ  դրամ։ Մեկ տարում այս ցուցանիշը նվազել է մոտ 29 %-ով: Շինարարության ծավալը գերազանցել է 1 մլրդ դոլարի շեմը։ Երկրի տնտեսությունը չի կարողանում իրացնել այն մեծ շրջանառությունը, որն այժմ կա։ Սա էլ իր հերթին է բերում գերտաքացման։ Բայց այս դեպքում, ըստ տնտեսագետ Արմեն Գրիգորյանի, նմանություններ 2009–ի ֆինանսական ճգնաժամի հետ չկան։ Բացատրություն կա՝ 2000-ականներին շինարարությունը տնտեսության մեջ մոտ 30 տոկոս էր կազմում, այժմ այդպես չէ՝ 10–12 տոկոս է։

«Իր կանգնելը աղետաբեր չի լինի, որպես առաջին հարված։ Բայց, միևնույն է, ճյուղի ու փոխկապակցված ոլորտների համար աղետաբեր կլինի»։

Ընդհանրապես, շինարարությունը ամբողջ աշխարհում ունի որոշակի «փուչիկի» էֆեկտ։ ՀՀ–ում այս ոլորտը, ըստ էության, տնտեսության այն եզակի ճյուղերից է, որը համակարգաստեղծ է՝ արձանագրում է տնտեսագետ Արմեն Գրիգորյանը.

«Ի տարբերություն տնտեսության այլ ճյուղերի, շինարարությունը, հատկապես բնակարանշինությունը, տնտեսության գրեթե բոլոր ճյուղերի համար ինքն իրենով որոշակի պահանջարկ է առաջացնում։ Ընդ որում, դա ոչ միայն ֆիզիկական ապրանքների արտադրության հետ է կապված, այլև բազմաթիվ ծառայությունների՝ նաև ֆինանսական՝ գույքի ապահովագրություն, վարկային ռեսուրսների տեղաբաշխում, այնպիսի ծառայություններ, որոնք նախատեսված են շենք–շինությունների միջավայրի դիզայնի հետ»։

Հայաստանում շինարարության ոլորտը զարգանում է բնակարանաշինության ծավալների հաշվին։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանը նկատում է․

«Ակնհայտ է, որ քաղաքի առանձին հատվածներում, այսպես ասենք՝ վայրի բնակարաշինություն է, որը վաղ թե ուշ, պայթելու է։ Արդեն կառուցապատողներն են ասում, որ առանձին հատվածներում բնակարանաշինական ծրագրերը այնքան խիտ են, որ մեկը մյուսին խանգարում են, փորձելու են դեմպինգ անել, որից կտուժեն բոլորը»։

Այս տարի երկրորդային շուկայում բնակարանների գների նվազում է ակնկալվում, իսկ արդեն հաջորդ տարի՝ նույն պատկերն են կանախատեսում առաջնային շուկայից բնակարան գնելիս։ 2025թ հունվարի 1–ից Երևանում այլևս չի գործի եկամտահարկի վերադարձի ծրագիրը, դրանից հետո այն կշարունակվի մարզերում մինչև 2029թ։ Անշարժ գույքի շուկայի ակտիվությունը եկամտահարկի վերադարձով է պայմանավորում նաև կառուցապառող ընկերություններից մեկի հիմնադիր Արմեն Սաքապետոյանը։

«Այս հանգամանքով պայմանավորված՝ մենք տարին պայմանական բնորոշում ենք որպես «սև ուրբաթի» տարի։ Կարծում ենք, որ ակտիվությունն ավելի է մեծանալու, և բնակարան գնելու ցանկություն ունեցող անձինք շտապելու են օգտվել այս վերջին հնարավորությունից»։

2015–ից մեկնարկած ծրագրով պետական բյուջեից վերադարձվող գումարներն ավելի քան տասն անգամ ավելացել են։ Պետական բյուջեից վերադարձվել է ավելի քան 141 մլրդ դրամ։ Միաժամանակ տարեցտարի աճել է նաև ծրագրից օգտվող շահառուների թիվը՝ 2023–ին հասնելով շուրջ 39 հազարի։ 2029–ին ծրագրի ամբողջական չեղարկում է նախատեսվում՝ բացառութմաբ կառավարության ցանկում հաստատված սահմանամերձ բնակավայրերի։

Back to top button