ԿարևորՄշակույթ

Ատոմ Էգոյանը վերադառնում է «Ոսկե ծիրան»․փառատոնը կբացվի նրա նոր ֆիլմով

Կանադահայ վարպետ Ատոմ Էգոյանը վերադառնում է Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոն։ Նա այս տարվա կարճամետրաժ ֆիլմերի ժյուրիի նախագահն է։  Բացի այդ, Էգոյանի բարձր գնահատանքի արժանացած նոր կինոնկարը՝ «Յոթ քողը», որի պրեմիերան նախորդ տարվա Տորոնտոյի կինոփառատոնում էր, 21-րդ «Ոսկե ծիրան»-ի բացման ֆիլմն է։ Սա Ռիխարդ Շտրաուսի «Սալոմե» օպերայի կլանիչ ու վառ պատկերային վերաիմաստավորումն է, որտեղ Ամանդա Սեյֆրիդը փայլում է թատերական մի ռեժիսորի դերում, ով ջանում է կյանքի կոչել Սալոմեի աստվածաշնչյան պատմության սեփական մեկնությունը։ Ֆիլմը կցուցադրվի ոչ միայն բացմանը, այլեւ փառատոնի ընթացքում՝ որպես «Երեւանյան պրեմիերա»։

Նշենք նաև, որ փառատոնի ընթացքում Էգոյանը կարժանանա Փարաջանովյան թալեր մրցանակին՝ կինոյում ունեցած ավանդի համար։

Փառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 7-14-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի և այլն) կինոփառատոններից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։ 

«Ոսկե ծիրան»-ն այս տարի առանձնահատուկ անդրադարձ կկատարի երկու մեծությունների՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին:

Back to top button