Էկոսֆերա

Ստեփանավանում անցկացվում է «Կայուն էներգիայի շաբաթ» միջոցառումների շարքը․ «Էկոսֆերա»

Ստեփանավանի համայնքապետարանից տեղեկացնում են, որ արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը 2024 թվականին անցկացվում է հունիսի 11-ից 13-ը:

Այս իրադարձությանը նվիրված ԵՄ պետություններում և այլ երկրներում 2024 թվականի մարտից հունիս ընկած ժամանակահատվածում իրականացվում են մի շարք թեմատիկ միջոցառումներ:

Ստեփանավան համայնքը, հանդիսանալով «Քաղաքապետերի դաշնագրի» անդամ, նախատեսում է անցկացնել միջոցառումներ, մրցույթներ, բաց դասեր: Ինչպես «Էկոսֆերա»-ին հայտնեց համայնքապետարանի էներգետիկ մենեջեր Արման Սուքիասյանը, միջոցառումները հանրային ավելի լայն շերտերին իրազեկելու նպատակ ունեն։

«Ստեփանավան համայնքը՝ ի դեմս համայնքապետ Արմեն Գրիգորյանի, կարևորելով էներգետիկ արդյունավետության բարձրացումն ու վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը, միացել է «Քաղաքապետերի դաշնագիր» ծրագրին։

Այս տարին ևս բացառություն չէր և կայուն էներգետիկ շաբաթվա շրջանակում «Նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումներ՝ մրցունակ Եվրոպայի համար» կարգախոսի ներքո Ստեփանավանում կազմակեպվեցին տարբեր միջոցառումներ։

Մասնավորապես, համայնքապետարանի ենթակայության տակ գործող մանկապարտեզներում ավագ խմբերի սաների հետ անց են կացվել թեմատիկ բաց դասեր, ուսանողների և աշակերտների մասնակցությամբ՝ հեծանվավազք և ֆլեշմոբ, կայացան նաև նկարչական և լուսանկարչական մրցույթներ։

«Նմանօրինակ միջոցառումները նպատակ ունեն խրախուսել առողջ ապրելակերպն ու բարելավել էներգետիկ անվտանգությունը՝ միաժամանակ նվազեցնելով ածխածնային արտանետումները»,- ասաց նա։

Սուքիասյանը նաև ընդգծեց, որ ծրագրի իրականացումը նպաստում է քաղաքային մակարդով էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործմանն ու էներգախնայողությանը։

Միջոցառումների ավարտից հետո համայնքապետարանում կամփոփվեն արդյունքները, կգնահատվեն հանձնաժողովի կողմից և հաղթողները համայնքի ղեկավարի կողմից կպարգևատրվեն հուշանվերներով։

Back to top button