Մտքի ուժը

Ջրային համակարգ ու մթնոլորտային պայմաններ․ ամեն  բնական միջավայր  ունի իր գեոգենը. «Մտքի ուժը»

Աշխարհագրական ժառանգականությունն իր մեջ ներառում է  նաև գեոգենը։  Բնության ցանկացած երևույթ գիտական բացատրություն ունի։ Երկիր մոլորակը կենդանի օրգանիզմ է, այն շնչում է, կարգավորում սեփական ջերմաստիճանը, փորձում առողջ լինել։ Բնության մեջ ամեն ինչ պետք է ներդաշնակ ու հավասարակշռված լինի։ Բայց մարդու միջամտության արդյունքում միշտ չէ, որ հնարավոր է պահպանել հավասարակշռությունն ու ներդաշնակությունը։  

ԵՊՀ աշխարհագրության և  երկրաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Գոռ Ալեքսանյանը պատմում է․ «Ցանկացած աշխարհագրական միջավայր ունի որոշակի հատկանիշներ, որ որոշակի ժամանակահատվածում, տարածքը ինքն իրեն փոխանցելով, պահպանում է այդ որակները, և երկար ժամանակահատված տարբեր տարածքներ տարբեր որակներ են պահում։ Սահարան, օրինակ, ժամանակին կանաչապատ էր, հիմա՝ անապատ։ Աշխարհագրական ժառանգականության մոտեցմամբ այդ տարածքը կարող է վերադառնալ այլ բնական միջավայրի։ Սա նշանակում է, որ մենք պետք է հաշվի առնենք կենսաբանական այն մոտեցումը, որ ամեն ինչ ժառանգական է՝ անկախ նրանից բույս է, կենդանի։ Ամեն մի բնական միջավայր ունի իր գեոգենը՝ այդ տարածքի գլխավոր որակը, որը, ինչ էլ անենք, այդ որակը պահելու է։ Աղետի օրինակը՝ որոշիչ գոեգենը՝  ջրային համակարգն է ու մթնոլորտային պայմաններն են, որոնք կարող են ինչ որ ժամանակ հանգիստ մնալ։ Բայց այդ որակները այլ գործոններով քնեցվել են։ Բայց քանի որ երկրագունդը համակարգ է, ամեն ինչ բերում է նրան, որ ինչ-որ մի պահի այդ գործոնի համար նպաստավոր պայմաններ են ստեղծվում, ու տարածքին բնորոշ որակը կենդանանում է»։

Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած աղետի հետևանքով ճանապարհների փլվածքները գալարի հատվածում են եղել։ Գալարի հատվածում կենտրոնախույզ ուժը ջրի հարվածելու ժամանակ ավելի մեծ է լինում։ Պատասխաններ պահանջող հարցեր կան՝  ի՞նչ հաստության պաշտպանիչ շերտեր են կառուցվել, որ ջրի ուժը չհասներ ճանապարհին՝ կոնկրետ այս դեպքում նախապատրաստական տեխնիկատեխնոլոգիական պայմաններն էին, դրանց տուրք տվող իրավական և հասարակագիտական մակարդակի հարցերն են ու իհարկե քաղաքականությունը։

Առանց կրակ ծուխ չի լինում ՝ասում է գիտնականը՝ հիշեցնելով նաև Լոռու և Տավուշի մարզերի անտառների մասին․ «Այդ տարածքներում որոշիչ հատկություն ունեցող համակարգը՝ անտառային գեոհամակարգը, ինչպե՞ս փոխվեց։ Հայաստանում տեղումները, ըստ իրենց բնույթի, մանրամաղ ու տեղատարափ կամ հորդառատ են։ Առաջինի դեպքում դանդաղ ջուրը գալիս է, ներծծվում է, շատ մեծ ծավալի մակերևութային հոսք չի առաջանում։ Երկրորդը տեղատարափ անձրևներն են։ Ջուրը չի հասցնում ներծծվել։ Միանգամից մակերևութային հոսք է առաջանում։ Այս անգամ ունեցանք մի վտանգավոր երևույթ՝ այս երկուսի համադրությունը»։  

Կյանքում ամեն ինչ փոխկապակցված է՝ տնտեսություն, սոցիալականություն ու բնապահպանություն. երեքը միասին պետք  է առաջ տանել հասարակական կյանքի բոլոր ոլորտներում։ Բայց Հայաստանում ընկալումն այլ է։ ԵՊՀ աշխարհագրության ու երկրաբանության ֆակուլտետի սերվիսի ամբիոնի վարիչ, աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սեյրան Սուվարյանն ասում է՝ քաղաքային միջավայրում ամեն քաղաքացի պետք է նվազագույնը 15 քառակումի մետր կանաչ տարածք ունենա, իսկ Երևանի կենտրոնում տասը անգամ պակաս է՝ 1,5 մետր։ Տրամաբանորեն, պետք է այս տարածքներում անշարժ գույքի գները ցածր լինեին, բայց Հայաստանի դեպքում ամեն ինչ հակառակն է։ Կայուն զարգացումը անհրաժեշտություն դարձավ այն ժամանակ, երբ մարդիկ սկսեցին կարևորել արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը, որոնք աճ են ապահովում։ Մինչդեռ, ըստ մասնագետների, զարգացում է անհրաժեշտ։

Կայուն զարգացման երեք տարածական մակարդակ է առանձնացվում՝ միջազգային, որտեղ գլխավորը համաշխարհային դերակատարներն են։ Այս դեպքում ՄԱԿ–ն է, երկրորդ՝ պետական մակարդակն է, որ ՄԱԿ–ի սկզբունքները պետությունը որպես հասարակությունը կարգավորող հանրային միավոր փորձում է կարգավորել։ Միկրոմակարդակը ձեռնարկատիրական գործունեությունն է՝ մարդկանց ամբողջությամբ։ Այս երեք մակարդակներում գաղափարախոսական խնդիր չկա՝ արձանագրում են ու նշում՝ Հայաստանում  կայուն զարգացումըՍահմանադրությամբ ամրագրված նորմ է։  Հայաստանում շատերն են խոսում կայուն զարգացումից, բայց էությունը մինչև վերջ բացահայտված չէ։ Ինքը կայուն զարգացումը գաղափարախոսություն է, աշխարհայացք և ունի հայեցակարգ։ Աշխարհում անցյալ դարի կեսերից են ձևավորվել, անհրաժեշտություն էր։  

Կայուն զարգացումն ավելի շատ գիտությո՞ւն է, թե՞ հայեցակարգային մոտեցում։ Գիտնականներն արձանագրում են՝ այն ի սկզբանե գիտական հիմքերի վրա դրված ու մինչև 1992թ․ գաղափարախոսական ու հայեցակարգային մոտեցումների ամբողջություն էր։ Բայց 1992թ․ հետո, երբ Ռիո դե Ժանեյրոյում որպես հայեցակարգ վերջնականորեն ձևակերպվեց, ըստ էության, իր բովանդակության մեջ այն դրվեց գիտական հիմքերի վրա։ Ցանկացած գործունեության մեջ հաջողության հասնելու համար պետք է ունենալ գիտական մոտեցում։

Back to top button