
Հունիսի 4-ին, Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, թատրոնի և կինոյի ռուս դերասան Դանիլա Կոզլովսկին հայ հանդիսատեսին կներկայացնի իր «Ֆրենկ» երաժշտական ներկայացումը։
Ներկայացման անունը դերասանն ընտրել է՝ ի պատիվ երգիչ Ֆրենկ Սինատրայի, հենց նրա երգերն էլ կլինեն շոուի գլխավոր կետը։
Շոուի կազմակերպիչները խոստանում են, որ դա կլինի բացահայտումների երեկո: Երաժշտական մենահամերգի ընթացքում դերասանը կկիսվի իր մանկության, Կրոնշտադտի ռազմածովային կորպուսում սովորելու եզակի հիշողություններով, կխոսի իր առաջին սիրո և այն արտիստների մասին, որոնցով հիանում էր իր երիտասարդության տարիներին։
«Այս արտիստի տաղանդն իսկապես բազմակողմանի է. պատանեկությունից նկարահանվել է ֆիլմերում և խաղացել թատրոնում։ Նրա աշխատանքն արժանացել է բազմաթիվ մրցանակների։ Կոզլովսկին իրեն փորձել է նաև որպես ռեժիսոր։ Իսկ 2015 թվականին նա առաջին անգամ ցուցադրեց իր վոկալ կարողությունները՝ հանդես գալով մենահամերգ-ներկայացումով։ Հանդիսատեսը կկարողանա տեսնել իրենց սիրելի արտիստին նոր, անսպասելի կողմից:
Դանիլա Կոզլովսկին դարձավ ոչ միայն կատարող, այլեւ պիեսի հեղինակ։ Աշխատանքներն իրականացվել են Սավվա Սավելևի հետ համատեղ, որը նաև հանդես է եկել որպես ռեժիսոր»,- նշված է հաղորդագրության մեջ։




