
Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»- Թբիլիսի
Մեր կենդանաբանական այգու միակ փղին` Գրանդին, այսօր տեղափոխել են Թբիլիսի: Այնտեղ նրան դիմավորել է Մալկա անունով հարսնացուն, որին այգու աշխատակիցներըհասցրել էին գեղեցկացնել:
Այսօր Թբիլիսիի կենդանաբանական այգին այցելուների առջև փակ էր, թեև այստեղ փղերի «հարսանքի» էր: Ինչպես «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց այգու գիտական գծով փոխտնօրեն Դավիդ Տակտակիշվիլին, ամեն ինչ անաղմուկ է տեղի ունեցել, որպեսզի «Գրանդ» փիղը նոր վայրում իրեն հանգիստ զգա:
«Մենք չէինք ուզում, որ այսօր մարդիկ այցելեին և աղմուկ լիներ ողջ այգում. ամեն ինչ արել ենք, որպեսզի Երևանից բերված փիղը հեշտությամբ ադապտացվի այստեղ»:
Սակայն « Գրանդ» փիղն իր հարսնացուի` «Մալկա» անունով Թբիլիսիի կենդանաբանական այգու փղի հետ դեռևս հեռվից կշփվի: Երբ փղերը կադապտացվեն միմյանց, այդ ժամանակ էլ կմիանան:
Ի դեպ Թբիլիսիի կենդանաբանական այգու աշխատակիցները իրենց այգու «Մալկա» փղին գեղեցկացրել էին մինչ այդ: Ինչպես նշում է այգու մամուլի հարցերով պատասխանատու Մզիա Շարաշիձեն. «նրան մանիկյուր և պեդիկյուր են արել, մաքրել ոտնաթաթերը և կարգի բերել որպես հարսնացու: Իհարկե սա գործողություն է, որ հաճախ է արվում կենդանիների շրջանում, սակայն այս անգամ աշխատակիցները կարծես հատուկ էին աշխատում»:
Նշեմ, որ Երևանի կենդանաբանական այգու միակ փղին` «Գրանդին» Թբիլիսի տեղափոխելու որոշում կայացրել է Կենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական ասոցացիան (EAZA), որի թեկնածու անդամ են Երևանի ու Թբիլիսիի կենդանաբանական այգիները: Ասոցացիան սրանով լուծում է այս երկու այգիներում փղերի միայնության հարցը` միաժամանկ հնարավորություն տալով Թբիլիսիում իրակացնել «Գրանդ» փղի ժանիքների վիրահատությունը:
Այսպիսով թեև Երևանի կենդանաբանական այգին հրաժեշտ տվեց «Գրանդ» փղին, այդուհանդերձ առանց փղի չի մնա: Թբիլիսիի կենդանաբանական այգում կա եվս մի փիղ` հարսնացու «Մալկայի » ձագն է` ավելի երիտասարդ «Բունկան», որ առաջիկա օրերին կտեղափոխվի Երևան: Այսօր այգու աշխատակիցները օգնում են, որպեսզի փիղը կարողանա մտնի վանդակ:
Կենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական ասոցացիան մտածում է նաև, որ «Բունկա» փղին տեղափոխելով Երևան, չթողնի միայնության մեջ. եթե «Գրանդ» փիղը Թբիլիսիում տա նոր սերունդ, ապա այդ հարցը եվս կլուծվի:




