Մշակույթ

Քաղաքակրթության հետքերով կամ ինչ է փնտրում իտալացի արվեստասերը հայ նկարիչների գործերում

Լիլիթ Մուրադյան
«Ռադիոլուր»

Նյու-Յորքում ապրող իտալացին՝ հայ արվեստը կներկայացնի հաջորդ տարի կազմակերպվելիք բիենալեներում: Ինչ են տալիս նման միջոցառումներն արվեստագետներին եւ ինչ է փնտրում Արտ-բիենալեների հիմնադիր Պիետրո Ֆրանեսին հայ նկարիչների գործերում:

Նկարչուհի Աննա Հարությունյանի հրավերով Երեւան է ժամանել Նյու Յորքի եւ Դուբայի Արտ-բիենալեների հիմնադիր Պիետրո Ֆրանեսին: Այս օրերին նա այցելում է բարձրարվեստ հայ նկարիչների արվեստանոցներ՝ ընտրություն կատարելու: Արդեն այցելել է 25 նկարչի արվեստանոց: Ընտրված նկարիչների գործերը կներկայացվեն 2015 թ-ի օգոստոսին Դուբայում, ապա աշնանը՝ Նյու Յորքում կայանալիք բիենալեներին:

Արվեստասեր իտալացու խոսքով՝ սիրով է ընդունել Հայաստան գալու հրավերը: Ասում է, որ իր համար առաջնահերթ է աշխատել եւ ներկայացնել պատմություն ու արվեստ ունեցող նկարիչների հետ աշխատել. հայերն ունեն եւ տաղանդ եւ պատմություն ու մշակույթ:
«Երբ այցելեցի ձեր արվեստագետների արվեստանոց, այնպիսի տպավորություն էր, թե թանգարան եմ այցելում, ու ուզում եմ ձեր Կառավարությանը հարց տալ. Ինչու ունենալով այսպիսի որակ, ձեր արվեստագետները մեծ ճանաչում չունեն աշխարհում»:

Հիացած ու զարմացած եմ հայ նկարիչների տաղանդով, սակայն չեմ հասկանում, թե ինչու է Հայաստանում արվեստը սերտորեն կապված քաղաքականության հետ, արվեստագետը պետք է ազատ լինի, ասում է Պիետրո Ֆրանեսին՝ առաջարկելով հայ արվեստագետների վարկանիշը աշխարհում բարձրացնելու իր տարբերակը:

«Պետք է արվեստը ազատել քաղաքականությունից, եւ երբ ձեր կառավարությունը սա հասկանա, հայ նկարիչների վարկանիշն աշխարհում կբարձրանա»:

Եվ վերջում, թե ինչ տպավորություն ստացավ Հայաստանից ու մեր արվեստագետներից, լրագրողների ավանդական հարցին, իտալացի արվեստասերն այսպես պատասխանեց. «Աշխարհի քաղաքակրթությունը ծնվել Հայաստանից, Իտալիսայից ու Հունաստանից, եւ ոչ Ամերիկայից, եւ դա վառ արտահայտված է հայ նկարիչների գործերում ու հայկական արվեստում: Երբ արվեստագետը հեռանում է իր արմատներից այլեւս արվեստագետ չեն համարվում, ըստ իս»:

Back to top button