ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ինչո՞ւ է Արցախից տեղահանված բազմազավակ ընտանիքը զրկվել բնակարանի վարձի աջակցությունից

Արցախի Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղից բռնի տեղահանված Մարգարիտա Պետրոսյանի ընտանիքը վարձով ապրում է Արմավիրի մարզի Արագած գյուղում, սակայն չի օգտվում բնակարանի վարձի սոցիալական ծրագրից ու նպաստից: Չորս անչափահաս երեխաների մայրը մի քանի անգամ դիմել է վերադաս մարմիններին, սակայն մերժվել է: Ընտանիքի միակ կերակրողը ամուսինն է, օրավարձով աշխատում է գյուղի ջերմոցներում:

Արցախից տեղահանվելուց հետո 41-ամյա Մարգարիտա Պետրոսյանը չի կարողանում վերականգնել սոցիալական կարգավիճակն ու օգտվել սոցաջակցության ծրագրերից: 14 տարի ապրել է Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղում: Չորս անչափահաս երեխա ունի՝ մեծը 13 տարեկան է, փոքրը՝ երկու: 2023թ սեպտեմբերի 25-ին բռնի տեղահանվել են, մեկ ամիս ապրել Մյասնիկյանում՝ եղբոր տանը, նոյեմբերից տեղափոխվել Արմավիրի մարզի Արագած գյուղ:

«Ամուսնուս բարեկամներն Արագած գյուղում են մնում, իրենք էլ են Արցախից: Մենք տուն ենք ճարել ու եկել այստեղ: Մենք հենց սկզբից էլ տուն էինք փնտրում, որ ծնողիս տանից դուրս գայինք, քանի որ հարմարություն չկար, բոլորս խցկված տեղավորվել էինք, դրա համար եկել ենք Արագած գյուղ: Տանտերերը Ռուսաստանում են ապրում, ասել են երեք տարի մնացեք, հետո կտեսնենք ինչ կլինի: Շնորհակալ ենք իրենց, որ հիմա մեր գլխի վերևում տանիք կա»:

Տեղահանվելուց հետո Մարգարիտա Պետրոսյանը երկու անգամ է օգտվել պետական աջակցության ծրագրերից: Վարձով են ապրում, բայց զրկվել են բնակվարձի համար տրամադրվող 40 հազարական դրամից:

«Առաջին միանվագ օգնությունը՝ 100 հազար դրամները, որ ստացել ենք, երեխաներին հագուստ ենք գնել: Երկրորդ անգամ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հատկացրած գումարով վառելափայտ ենք առել ու դրանով ձմեռն անցկացրել: 40000 պլյուս 10000 դրամից միայն կոմունալի 10 հազար դրամներն ենք ստանում: Պատճառն այն է, որ ես իբրև թե սեփականություն ունեմ իմ ծնողների տնից, և քանի որ մեր ամուսնությունը գրանցվել է, ապա ամուսինս ու երեխաներս նույնպես բաժնետեր են հանդիսանում, դրա համար չենք ստանում»:

Մարգարիտան ծնունդով Արցախից է, սակայն Ճակատագրի բերումով ծնողների հետ որոշ ժամանակ ապրել է Ուզբեկստանում։ 1990թ-ին տեղափոխվել են Հայաստան։ Պատերազմի պատճառով չեն կարողացել վերադառնալ Արցախ ու մնացել են Հայաստանում, ապրել են Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում:

«Ծնողներս Մյասնիկյանում են ապրում 1990թ-ից: Երբ Ուզբեկստանից ծնողներս փախել են, եկել , այն ժամանակ էլ կարգավիճակ չեն ստացել: Մյասնիկյանում հիմքից տուն են սարքել, բայց կիսակռույց է, միայն երկու սենյակ են սարքել, որտեղ ապրում են մայրս ու եղբորս ընտանիքը»:

Տեղահանվելուց հետո մոր մոտ է տեղափոխվել նաև տատը, և հիմա վեց հոգով ապրում են երկու սենյականոց տանը: Մարգարիտա Պետրոսյանը 2009թ ամուսնացել ու 14 տարի ապրել է Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղում, չորս երեխաներն էլ Արցախում են ծնվել: Արցախում երեխաների համար նպաստ է ստացել, իսկ այստեղ չի կարողանում այն վերականգնել:

«Երեխայի նպաստն էլ են կտրել, որը 2022թ.-ի փետրվարի 9-ի ծնունդ է: Սեպտեմբեր ամսից մենք նպաստը չենք ստացել: Այնտեղ ստանում էի 119 հազար դրամ, որպես բազմազավակ մայր և անչափահաս երեխաներ ունեմ»:

Խնդիրը կարգավորելու հույսով Մարգարիտան տարբեր կառույցների է դիմել, բայց մերժվել է: Մերժում է ստացել նաև ՀՀ վարչապետից: Ասում է, որ Արցախում գրանցում ունի և մասնակցել է նախագահի ու գյուղապետի ընտրություններին, ինչպես նաև նպաստ է ստացել:

«Հիմա ես պետք է անձնագիրս փոխեմ ու Հայաստանի անձնագիր վերցնեմ, բայց չեմ հասկանում՝ եթե ես երկու անգամ Արցախից անձնագիր եմ ստացել, ինչու են ինձ Հայաստանի քաղաքացի համարում»:       

Մարգարիտա Պետրոսյանը ամիսներ շարունակ խճճվել է այս թնջուկում: Խնդրի շուրջ պարզաբանումներ տվեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Զարուհի Մանուչարյանը.

«40000 +10000 դրամ սոցիալական աջակցությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներին նշանակվում է կեցության և այլ ծախսերը հոգալու համար: 40 հազար և 10000 դրամ սոցիալական աջակցության շրջանակում 10000 դրամը նախատեսված է կոմունալ վճարների համար և տրամադրվում է բոլորին՝ համահավասար եղանակով: Եթե քաղաքացին ստանում է 10000 դրամը, ապա դա նշանակում է, որ 40000 դրամ չստանալու հիմք հանդիսացել է ՀՀ-ում իր ունեցած սեփականությունը կամ ինքը հանդիսացել է սեփականության համասեփականատեր»:

Այս դեպքում Մարգարիտա Պետրոսյանը Մյասնիկյան գյուղում ծնողների տան համասեփականատեր է հանդիսանում: Սոցիալական նպաստի հետ կապված Զարուհի Մանուչարյանն ասում է, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այլ պետության կողմից նշանակված կենսաթոշակների և նպաստների վերականգնում չի իրականացնում:

«Լեռնային Ղարաբաղում եղել են այլ վճարատեսակներ, բնականաբար, Հայաստանի Հանրապետությունը չի կարող շարունակել այնտեղ նշանակված կենսաթոշակների կամ նպաստների վերանշանակումն ու վերավճարումը, քանի որ այստեղ վճարում են  ՀՀ օրենսդրությամբ սահմանված կենսաթոշակներն ու նպաստները: Այդ դեպքում ԼՂ-ի բռնի տեղահանված հայրենակիցներին ուղղորդում ենք կրկին դիմել ոչ թե նշանակումը շարունակելու համար, այլ նոր նշանակում իրականացնելու համար: Հետևաբար, քաղաքացին նախ պետք է նշի, որ նպաստի տեսակն է ինքը  ստացել Լեռնային Ղարաբաղում, և եթե ՀՀ-ում մենք ունենք նպաստի այդ տեսակը և ինքն էլ համապատասխանում է օրենսդրությամբ սահմանված պահանջներին՝ արդեն իրեն նշանակում կիրականացվի»:

Սոցիական նպաստ ստանալու համար Մարգարիտա Պետրոսյանը պետք է  ունենա ՀՀ քաղաքացիութուն և օրենսդրությամբ սահմնաված կարգով դիմի իր բնակավայրի միասնական սոցիալական ծառայութուն: Իսկ մինչ այդ ընտանիքի միակ ապրելու միջոցը մնում է  Արագած գյուղի ջերմոցներում ամուսնու օրավարձով աշխատանքը:

Back to top button