ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

2025 թվականի հունվարից միասնական շտապօգնության ծառայություն կունենանք. նախարար

2023 թվականին ավարտվել, շարունակվել և մեկնարկել են տասնյակից ավելի բժշկական կենտրոնների կառուցման, վերակառուցման ծրագրեր՝ Ազգային ժողովում կառավարության 2023 թվականի կատարողականի ներկայացման ժամանակ ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նախարարի տեղեկացմամբ հաշվետու տարում ավելացել են պետական պատվերի շրջանակում հիվանդանոցային, դժվարամատչելի բժշկական օգնության և սպասարկման ծավալները, ներդրվել է հերթագրման էլեկտրոնային միասնական ավտոմատ համակարգ: 

Թեև տարիներ առաջ մեկնարկած բարեփոխումների արդյունքները տեսանելի կլինեն տարիներ անց, բայց որոշ միտումներ արդեն ուրվագծվում են։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի փոխանցմամբ՝  ծնելիության, մահացության, առողջական ցուցանիշներում  դրական առաջընթաց կա։  Ցուցանիշները գոհացնող են նաև պետական պատվերի շրջանակում հիվանդանոցային, դժվարամատչելի բժշկական օգնության և սպասարկման ոլորտներում։ Ներդրվել է հերթագրման էլեկտրոնային միասնական ավտոմատ համակարգ, ավելի արդյունավետ քաղաքականություն է տարվել չարորակ նորագոյացությունների հայտնաբերման և կանխարգելման ուղղությամբ։

«Սքրինինգային ծրագրերի պետպատվերի շրջանակներում բուժման շնորհիվ է, որ 2021 թվականի համեմատ 2022 թվականին կյանքում առաջին անգամ ախտորոշված չարորակ նորագոյացությունների դեպքերն աճել էին  6.6 տոկոսով, իսկ մահացության դեպքերը նվազել 3.4 տոկոսով։ Այս դինամիկան շարունակվել է նաև 2023 թվականին։ Ընդլայնել է գլխուղեղի կաթվածի ծրագիրը, ներդրվել է աորտայի շերտազատման անևրիզմայի վիրահատական բուժման ծրագիրը, որի շնորհիվ տասնյակ կյանքեր են փրկվել»։

Արյան շրջանառության համակարգի հիվանդացությունը, որը մեր երկրում մահացության ցուցանիշի առաջին «պատասխանատուն» է, ևս նվազել է։  Նախարարն ընդգծում է, որ ավելացել է օրգանների փոխպատվաստման ծառայությունների թիվը․ կատարվել է 60-ից ավելի վիրահատություն։ Իսկ հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման և քրոնիկ վիճակների կառավարման մասով նախարարը կարևորում է Առողջության առաջնային պահպանման բարեփոխումները։

«Մենք շարունակելու ենք այս օղակում վերազինման և մասնագիտական կատարելագործման աշխատանքները, քանի որ հենց այս օղակն է ապահովելու կայուն մարդակենտրոն համակարգ։ Առողջապահական ծառայությունների հասանելիության մասով մեզ համար ֆինանսական մատչելիությունից բացի կարևոր է մարդու բնակության վայրին մոտ ֆիզիկական մատչելիության ապահովում և այդ ծառայությունների արդիականացումը, որակի ապահովումը»։

2023–ին  ավարտվել, շարունակվել և մեկնարկել են տասնյակից ավել բժշկական կենտրոնների կառուցման, վերակառուցման ծրագրեր։ Նախարարի խոսքով՝ Մարտունու և Վայոց ձորի բժշկական կենտրոններն այսօր ժամանակակից ծառայություններ են մատուցում, և մարդիկ ստիպված չեն լինում Երևան գալ՝ հավելյալ անհարմարություններ և ծախսեր կրելով ։

Խորհրդարանական ընդդիմությունը կարծում է, որ համայնքային հիվանդանոցներում տեխնիկական վերազինումից բացի մասնագետների լուրջ խնդիր կա։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի խոսքով՝ մարդիկ նախընտրում են Երևան գալ, քանի որ չեն վստահում համայնքային հիվանդանոցներին։

«Եթե մարդ մի խնդիր է ունենում, պետք է հարյուրավոր կիլոմետրեր գա, Երևան քաղաքում իր խնդիրները լուծի, որովհետև վախենում էլ է այդ հիվանդանոցներ գնա, քանի որ լավագույն դեպքում մի խնդիրը կրկնապատկվում, եռապատկվում է։ Շատ դեպքերում, սխալ բուժման հետևանքով նաև կյանքից է զրկվում»։

Համաձայնելով դիտարկմանը՝ նախարարը վստահեցնում է՝ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են, և դրանցից մեկն էլ մասնագետների գործուղումն է մարզեր։

«Ամեն տարի ավելի քան 50 մասնագետ այս ծրագրի շրջանակներում գործուղվում է մարզեր, մենք ունենք նաև կարճատև գործուղումների ծրագիր՝ մինչև 6 ամիս։ Բայց մեր փորձը ցույց է տալիս, որ 6 ամսից հետո էլ այդ բժիշկները մնում եմ մարզերում աշխատելու»։

Հաշվի առնելով նաև շտապ օգնության հասանելիության խնդիրները մարզերում՝ 2025 թվականի հունվարից կներդրվի միասնական ծառայության համակարգը։ Ըստ նախարարի՝ փոխվելու է սպասարկման տրամաբանությունը, և կանչը սպասարկվելու է ըստ ամենամոտ գտնվող մեքենայի սկզբունքի։ Ավանեսյանը նաև հայտնեց, որ կատարվել է բնակչության տեղակայման քարտեզագրում՝ ըստ հիվանդացության հիմնական օջախների: Արդյունքում որոշել է հեռավոր բնակավայրերում ավելացնել ենթակայանների թիվը, որպեսզի կանչի ժամանակը լինի օպտիմալ, և քաղաքացիները, անկախ բնակության վայրից, հավասար ու մատչելի ծառայություն ստանան:

«Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանին հետաքրքրում էին Կորոնավիրուսի հետևանքով մահացության ցուցանիշներն ու առհասարակ քովիդի հետևանքները։

«Արդեն 4 տարուց ավելի է, երբ կորոնավիրուսը որպես համաշխարհային ճգնաժամ սկսեց ունենալ իր ազդեցությունը։ Հիշում եք երեւի, որ Հայաստանում որոշվել էր սկզբում շան տեղ չդնել, հետո որոշվեց տնական օղիով ու պինցետով բուժման մեթոդներ կիրառել, բայց հետո տեսանք, թե ինչ հետևանքներ ունեցանք։ Արդյոք ունե՞ք ցուցանիշներ, թե ի վերջո կորոնավիրուսի հետևանքով ինչքան մահացություն է եղել, և ինչքա՞ն անուղղակի հետևանքներ են եղել նոր հիվանդությունների սրացման ուղղությամբ։

Անահիտ Ավանեսյանը  հայտնեց, որ  մահացության ցուցանիշներն առաջին իսկ օրվանից հրապարակայնորեն ներկայացվել են։ Ըստ նախարարի՝ կառավարությունը կարողացել է կառավարել թե՛ հիվանդության տարածումը, թե՛ դրա հետևանքները։

Կարդացեք նաև

Back to top button