ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Նոր պաշտոն՝ Եվրոպայում․ Հայաստանը կհամագործակցի Եվրոպոլի հետ

Հայաստանն ընդլայնում է համագործակցությունը Եվրոպական Միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության հետ անդրազդային հանցավորության դեմ պայքարում։ Մշակվում են նաև նոր համագործակցության փաստաթղթեր ԱՄՆ-ի հետ։  

Այս պահին դժվար է ասել՝ գործնական այս քայլերը որքանով են բխում ապրիլի 5-ի եռակողմ հանդիպման արդյունքներից։ Բայց ուշադրություն է գրավում այն, որ պետական փաստաթղթերի բազայում բազմաթիվ են միջազգային պայմանագրերը, որոնց վավերացման համար ամիսներ կամ տարիներ են պահանջվում։ Մինչդեռ Հայաստան-Եվրոպոլ համագործակցության մասին վերջին փաստաթուղթը կնքվել է երեք ամիս առաջ։

Հայաստանը մտադիր է ընդլայնել համագործակցությունը ԱՄՆ-ի հետ։ Գործնական քայլերը արդեն  կոնկրետ ուղղություն ունեն․ առնչվում են Ներքին գործերի նախարարության գարծառույթներին  հանցավորության դեմ պայքարի ոլորտում։ ԵՄ-ի հետ համագործակցությունը, կարելի է ասել մեկ քայլ առաջ է։ Փաստաթղթերն արդեն պատրաստ են և ԱԺ-ում են։ Դրանք լիագումար նիստի օրակարգ ընդգրկվելուց առաջ քննարկվեցին պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում։

Ներքին գործերի նախարարությունը երկու պայմանագիր է ներկայացրել խորհրդարանի վավերացման, փաստաթղթերն առնչվում են Եվրոպոլի հետ համագործակցությանը։ Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջեւ փոխգործակցության մասին համաձայնագրերից մեկը ստորագրվել է 2023-ի հունիսին, մյուսը՝ այս տարվա փետրվարին։

«Համաձայնագիրը միտված է անդրազգային, անդրսահմանային հանցավորության դեմ պայքարին, մասնավորապես, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքար, միգրանտների մքասանենգություն, կիբերհանցավորություն, ապօրինի ծագում ունեցող ակտիվների վերականգնում, փողերի լվացում, մարդկանց թրաֆիքինգ և հանցավորության այլ ոլորտներում համագործակցություն։ Հաշվի առնելով Եվրոպոլի դերն ու նշանակությունը հատկապես Եվրոպայի տարածաշրջանում հանցավորության դեմ պայքարի ոլորտում՝ մեզ համար շատ կարևոր ձեռքբերում կլինի ապահովելու ներքին գործերի նախարարության և Եվրոպոլի միջև փոխգործակցությունը»։

Պայմանագրի նրբություններից մեկն այն է, որ թե՛ Եվրոպոլը, թե՛ ՀՀ-ն պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններ կատարելուց, որոնք պայմանագրի նպատակին և առարկային դեմ կլինեն։ Հայաստանի համար թեև պայմանագրերը դեռ ուժի մեջ չեն մտել, բայց իրավապահ համակարգում արդեն սկսել են ներդաշնակեցնել պրոցեսները, ասում է փոխնախարարը։  

Պրակտիկ առումով նորությունն այն է, որ Հայաստանը Եվրոպոլում կունենա ներկայացուցիչ։

«Մեր կապի սպան, որը կներկայացնի մեր ամբողջ իրավական համակարգը կունենա Նիդեռլանդներում համապատասխան նստավայր, որի միջոցով Եվրոպոլը կպարտավորվի ապահովել անվտանգ կապուղու համար անհրաժեշտ թե՛ ենթակառուցվածքները, թե՛ մնացյալ բոլոր համալրող սարքավորումները, սարքերը, ընդ որում՝ ԵՄ հաշվին է լինելու ամբողջ պրոցեսը։ Համանման կառուցվածքն մենք կունենանք ՀՀ ՆԳՆ շենքում։ Կապի սպան կունենա հասանելիություն իրավական համակարգի բոլոր հնարավոր դատաբազաներին, որոնք թույլ կտան ապահովելու 24/7 ռեժիմով փոխգործակցությունը ԵՄ և ՀՀ միջև»։

Պայմանագրերը Հայաստանում արդեն անցել են վավերացման համար անհրաժեշտ փորձաքննությունները, ՍԴ-ն հաստատել է փաստաթղթի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելիությունը։

Սա եվրոպացի մասնագետների հերթական ներկայությունը կլինի Հայաստանում։ Բայց կարևորագույնը, թերևս, եվրադիտորդների աշխատանքն է ՀՀ սահմանին։ Հատկապես ապրիլի 5-ի եռակողմ հանդիպմանն ընդառաջ նրանք ծանրաբեռնված են աշխատել՝ ստուգելու հայ-ադրբեջանական սահմանին կրակոցների մասին Բաքվից տարածվող ապատեղեկատվությունն ու արդեն գրանցված միջադեպերը։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը թեև սահմանային լարումը Ադրբեջանի կողմից անիմաստ է համարում և չի կապում բրյուսելյան հանդիպման հետ, բայց ամեն դեպքում, հատկապես ապագայի համար կարևորում է եվրադիտորդների կատարած աշխատանքն ու արած արձանագրումները։

«Արձանագրումները մնայուն փաստեր են և ցանկացած պահի, երբ մենք կունենանք այդ հնարավորությունը, այդ արձանագրումները կօգտագործենք։ Ժամանակին, երբ ՄԱԿ-ի բանաձևերը ընդունվում էին, մենք ասում էինք՝ ՄԱԿ-ի բանաձև է, հետո՞։ Բայց 44-օրյա պատերազմի ընթացքում և հետո պարզ դարձավ, որ մեզ աջակիցներ չկան, որովհետև գոյություն ունեն այդ բանաձևերը։ Հիմա, երբ մենք ասում ենք, «Խաղաղության պայմանագրի» շուրջ աշխատանքները պետք է լինեն անխոչընդոտ, դա նշանակում է, որ այդ արձանագրումները անելու են իրենց գործը սեղանի շուրջ նստելուց։ ԵՄ-ն արդեն 209-ից ավելի դիտորդներ ունի և կարող է նաև ավելացնել։ Եվ այդ ավելացնելու պարագայում, ամեն մի արձանագրում ունի իր արժեքը, որովհետև դա արդեն ձևակեպված փաստեր են, որոնք հաստատվում են հավաքական փաստարկման միջավայրում։ Ամեն ինչ կանենք, որ նման կրակոցները ունենան գնահատվելու հնարավորություն նաև եվրոդիտորդների մակարդակով և հասնենք նրան, որ կրակոցներ չլինեն, որովհետև, եթե կրակոց կա, ապա սեղանի շուրջ նստածները չեն կարող իրենց աշխատանքի բուն փուլերին մոտենալ»։      

Բուն փուլերի առումով, ի դեպ, Քոչարյանը հաստատում է՝ կա որոշում սահմանազատումը Տավուշից սկսելու, մինչդեռ ապրիլի 3-ին սահմանազատման հանձնաժողովը գլխավորող  փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը տարածված հաղորդագրությամբ պնդում էր, թե սահմանազատումը Տավուշից սկսելու որոշում դեռ չկա։  

«Պարզ է չէ՞, որ երբ սկսել ենք այդ հատվածից, նշանակում է՝ ինչ-որ մի տեղ, ինչ-որ փակ սենյակում պետական անվտանգության ինչ-որ մարմին նայել է, թե որտեղ է ավելի նպատակահարմար ու գտել է այդպես, դա կոչվում է Գլխավոր շտաբ»։

Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ եթե պետական սահմանի թեկուզ փոքր հատվածում սահմանագիծն արդեն հաստատվի, դրա պաշտպանելը դառնալու է շատ հեշտ, որովհետև դրանից հետո այնտեղ կանգնելու են այն ուժերը, որոնք պատասխանատու են դրա չխախտման համար՝ սահմանապահ զորքերը։

Կարդացեք նաև

Back to top button