ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Ապատեղեկատվությամբ Բաքուն փորձում է «հեռակա ներկայություն» ապահովել Բրյուսելում

Հայկական զինտեխնիկայի կուտակման մասին Բաքվի կեղծ մեղադրանքները, ըստ փորձագետների, Երևանի նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու և Բրյուսելում «հեռակա ներկայություն» ապահովելու նպատակ ունեն։ Հայաստանի ՊՆ–ն հերքել է Բաքվի տարածած տեղեկությունները, հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին ադրբեջանական վարկածը չեն հաստատել նաև ԵՄ դիտորդները: Առաջին անգամ առաքելությունը հստակ պատասխանել է Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությանը: Դա արդեն արձանագրել են եվրոպացի մի շարք պաշտոնյաներ:

Ադրբեջանի կողմից տարածվող հերթական կեղծիքն այս անգամ հերքել է ոչ միայն ՀՀ ԶՈՒ-ն, այլև ԵՄ դիտորդական առաքելությունը: Եվրադիտորդները հերքել են Ադրբեջանի պնդումները, թե հայկական զինված ուժերը տեղաշարժեր են իրականացնում սահմանին։

«Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունն ամբողջ օրվա ընթացքում պարեկություն է իրականացրել հայադրբեջանական սահմանի երկայնքով։ Ամեն ինչ հանգիստ է, անսովոր տեղաշարժեր չեն նկատվել», – նշվում է առաքելության X-ի էջում կատարված գրառման մեջ:

Ավելի ուշ առաքելությունը երկրորդ գրառումն արեց․ մարտի 31-ին Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունը պարեկների է ուղարկել հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմից մոնիթորինգ իրականացնելու և սահմանին անսովոր ռազմական տեղաշարժեր նկատելու դեպքում զեկուցելու համար։ Բոլոր պարեկները զեկուցել են, որ իրավիճակը հանգիստ է եղել և որ անսովոր տեղաշարժեր չեն նկատվել:

Առաքելության գրառումներին ավելի ուշ անդրադարձել է նաև Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Եվրոպացի պաշտոնյան շեշտել է՝ ուրախ է Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության կողմից հաստատում ստանալու համար, որ անսովոր ռազմական տեղաշարժեր չեն նկատվել։ Հենց սա է առաքելության հիմնական նպատակը՝ ապահովել առավել թափանցիկություն և վստահություն կառուցել՝ գրել է պաշտոնյան՝ հավելելով, որ առաքելությունը շարունակում է բաց մնալ նաև Ադրբեջանի իշխանությունների ավելի շատ փոխգործակցության համար:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին նույնպես արձանագրել է, որ պարեկությունը նպաստում է կայունությանը և միջազգային հանրությանը անաչառ տեղեկատվություն տրամադրելուն:

Հայաստանի իշխանությունները չեն բացառում, որ Ադրբեջանը միտումնավոր է դիմում կեղծիքի՝ տարածաշրջանում իրավիճակը սրելու համար: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավանական է համարում, որ 4 գյուղի վերադարձի խոսույթը շրջանառության մեջ է դրվել հատուկ նպատակով:

«Մեզ համար ակնհայտ է կամ առնվազն մեր գնահատականն է այդպիսին, որ Ադրբեջանը փորձում գտնել է պատրվակներ տարածաշրջանում նոր լայնամասշտաբ պատերազմ մեկնարկելու համար: Մեր քաղաքական դիրքորոշումը, ուղերձը այն է, որ ՀՀ-ն ընդհանրապես միջազգայնորեն ճանաչված իր ինքնիշխան տարածքից դուրս որևէ հավակնություն չունի՝ ներառյալ Ադրբեջանի կողմից հիշատակվող գյուղերի տարածքների վրա»: 

Ադրբեջանական վերջին ապատեղեկատվությանը նախորդել էին նաև ուրիշները: Վերջին շրջանում Ադրբեջանը լուրեր էր տարածում, թե նոյեմբերի 10-ից հետո 2020 թվականից հետո արտադրված զենք է Հայաստանը տեղափոխել Արցախ: Մեկ այլ կեղծիքով հայկական կողմին մեղադրում է շփման գծի երկայնքով մինչև 480 կմ ձգվող ականապատ նոր տարածքներ, ավելի քան 500 մարտական դիրքեր, ամրացված կրակակետեր ստեղծելու համար, որոնք կարող են հարձակողական գործողություններ իրականացնել: Գրեթե ամենօրյա ռեժիմով հարձակողական սպառազինություն ձեռք բերող Ադրբեջանը Հայաստանին է մեղադրում տարածաշրջանը ռազմականացնելու համար:

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը նման գործողությունների համար երկու հնարավոր հիմք է տեսնում: Միջազգային իրավունքի կոպիտ խախտումներով Արցախում իրականացրած գործողությունները Ադրբեջանը փորձում է այդ տարբերակով արդարացնել և մաքրել իր անունը:  

«Երկրորդը՝ դեռևս փորձելու է «տաք» պահել Հայաստանի հետ ռազմական եղանակով խնդիրներ լուծելու տարբերակը: Չի բացառվում , որ մենք ականատես լինենք նաև նոր ուղերձների կամ նոր կեղծ փաստական ներկայացումների, որոնք կարող են հետագայում ծառայեցվել Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ նոր ռազմական էսկալացիաներ ծրագրելու տեսանկյունից: Վերջին շրջանում ակտիվացած այս 4 գյուղերի թեման և դրա շուրջ ադրբեջանական խոսույթը, դրա վառ ապացույցն է: Հիմա ամենաքիչն է խոսվում «Զանգեզուրի միջանցքի» ծրագրից, բայց պետք է հասկանալ, որ վերջնական նպատակը դա է: Այսինքն՝ ինչ-որ մի տեղ էսկալացիայի լարումը, բնականաբար, կարող է հանգիստ տեղափոխվել սահմանի մեկ այլ հատված և այդտեղ լուծվեն ռազմավարական խնդիրներ: Կարծում եմ, որ նաև դրա համար է քաղաքական խոսույթ, քարոզչական նյութ նախապատրաստում ադրբեջանական կողմը»: 

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը իր վերլուծություններում խոսում է այս ամենում հատկապես Թուրքիայի շահի և Կովկաս մտնելու նպատակների մասին՝ ակնարկելով նաև Ռուսաստանի շահագրգռվածությունը: 

Ըստ Բադալյանի՝ Բաքուն այս մարտավարությամբ փորձում է հոգեբանական ճնշում գործադրել ապրիլի 5-ի հանդիպումից առաջ և այս կերպ ապահովել իր «հեռակա ներկայությունը» Բրյուսելում։

Քաղաքական վերլուծաբանները վաղուց կանխատեսում էր, որ ապրիլի 5-ի եռակողմ հանդիպմանն ընդառաջ փորձ է արվելու ինչ-որ տարբերակով սրել իրավիճակը: Մինչդեռ պաշտոնապես հաղորդվել է, որ Հայաստան-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպման օրակարգը առավելապես տնտեսական է՝ դիվերսիֆիկացիա և Հայաստանի դիմակայունության ավելացում:

Կարդացեք նաև

Back to top button