
Արցախից բռնի տեղահանված անձանց մասնագիտացման և աշխատանքի տեղավորման ծրագրի շրջանակում արդեն կնքվել է եռակողմ 397 պայմանագիր՝ շահառու-գործատու-Միասնական սոցիալական ծառայության գրասենյակ։ Արցախից բռնի տեղահանված անձանց մասնագիտացման և աշխատանքի տեղավորման ծրագիրը բաղկացած է երեք բաղադրիչից՝ մասնագիտական ուսուցում և աշխատանքի տեղավորում, աշխատանքային փորձի ձեռքբերում և աշխատանքի տեղավորում, մասնագիտական ուսուցում, աշխատանքային փորձի ձեռքբերում և աշխատանքի տեղավորում։ Միասնական սոցիալական ծառայություն դիմում են ոչ միայն աշխատանքի տեղավորման, այլև խորհրդատվություն ստանալու համար։
Արցախից բռնի տեղահանված 397 անձ մասնագիտացման և աշխատանքի տեղավորման ծրագրով արդեն աշխատում է։ Ծրագրին մասնակցելու սահմանափակում չկա։ Եթե բռնի տեղահանված անձանց շրջանում կան ցանկացողներ, ապա պետք է դիմեն Միասնական սոցիալական ծառայության իրենց տարածքային գրասենյակ։ Այնտեղ կուղղորդեն և կներկայացնեն, թե ինչ փաստաթղթեր են պետք, ասում է Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը։ Մինչ փոխնախարարը ներկայացնում է ծրագրին դիմելու կարգը, բռնի տեղահանված արցախցիներից ոմանք դժգոհում են, որ աշխատանքի համար դիմածների մեծ թվի պատճառով սպառվել է ծրագրին միանալու սահմանաչափը։ Ասում են՝ Միասնական սոցիալական ծառայության գրասենյակներից են իրենց այդպես ասել։
Այս դիտարկմանն արձագանքելով, նախարարի տեղակալը նշեց, որ նախնական 1000 շահառու է նախանշվել, սակայն պահանջարկով պայմանավորված սահմանաչափը կավելացվի։

Մասնակցության համար երկու պայման կա. դիմողները վերջին մեկ ամսում պետք է որևէ տեղ աշխատած չլինեն և լինեն 16-63 տարեկան։
«Եթե պահանջարկն ավելին է, կարող ենք ընդգրկել ավելի մեծ թվով շահառուների։ Այս պահի դրությամբ ծրագրով նախատեսել ենք 1000 շահառուի, սակայն դա որևէ սահմանափակում չի ենթադրում»։
Արցախից բռնի տեղահանված անձանց մասնագիտացման և աշխատանքի տեղավորման ծրագիրն ունի 3 բաղադրիչ՝ ուսուցում և աշխատանքի տեղավորում, երկրորդ բաղադրիչով՝ պրակտիկայի ձեռքբերում և աշխատանքի տեղավորում և երրորդ՝ ուսուցման, պրակտիկայի և աշխատանքի տեղավորում։ Ըստ փոխնախարարի՝ այս բաղադրիչներից յուրաքանչյուրն իր առանձնահատկություններն ունի։ Ուսուցման բաղադրիչով, օրինակ, դասընթացները տևում են մինչև 6 ամիս, որի ընթացքում պետությունը փոխհատուցում է ուսուցման վարձը՝ մինչև 50 000 դրամի չափով։ Դրանից հետո կնքվում է առնվազն 3 ամսով աշխատանքային պայմանագիր, որի ընթացքում պետությունը յուրաքանչյուր ամիս գործատուին փոխհատուցում է եկամտային հարկի բոլոր ծախսերը՝ մինչև 50 000 դրամ։
«Պրակտիկայի բաղադրիչի դեպքում առնվազն 6 ամիս աշխատանքային պայմանագիր պետք է կնքել, որից 3 ամսվա ընթացքում պետությունը գործատուին փոխհատուցում է աշխատավարձի չափը՝ մինչև 165 հազար դրամի չափով, ներառյալ հարկերը։ 3 ամսից հետո աշխատողին փոխհատուցում է եկամտահարկը՝ մինչև 50 000 դրամ ամսական»։
Երրորդ բաղադրիչն, ըստ Ռուբեն Սարգսյանի, առաջին երկու բաղադրիչների համադրություն է։
«Տարբեր շահառուների մոտ տարբեր խնդիրներ կան ինտեգրվելու, աշխատանք գտնելու համար։ Եթե խոսում ենք 3-րդ բաղադրիչի մասին, մենք գործ ունենք մարդկանց հետ, որոնք առավել մեծ խնդիրներ ունեն, ավելի խոցելի են»։
Փոխնախարարի փոխանցմամբ՝ այս պահին բոլորը պրակտիկան են նախընտրում, ուսման բաղադրիչով դեռ չեն դիմել: Ըստ կնքված պայմանագրերի՝ շահառուները հիմնականում ներգրավվում են սպասարկման ու շինարարության ոլորտում։ Ըստ փոխնախարարի՝ մինչ օրս Արցախից բռնի տեղահանված 6792 անձ է ցանկացել հաշվառվել միասնական սոցիալական ծառայություն։ Նրանցից 4418-ը ստացել է գործազուրկի կարգավիճակ, աշխատանքի է տեղավորվել 1990-ը: Այդ 1990 հոգին առանց որևէ ծրագրի աշխատանքի են ընդունվել:
Դիտարկմանը, որ 100 հազարից ավելի բռնի տեղահանվածներից ընդամենը մոտ 6800-ն է հաշվառվել սոցիալական ծառայությունում, ինչը շատ փոքր թիվ է, փոխնախարարն ասաց, որ բացի այս ծրագրից տարբեր այլ գործիքակազմեր կան, և բռնի տեղահանվածները նաև այդպես կարող են աշխատանք գտնել: Դրանք միջազգային կառույցներն են, տեղական ՀԿ-ներն են, բիզնեսն է: Չի բացառվում նաև, որ մարդիկ աշխատանքի տեղավորված լինեն, բայց նախարարությունում դրա մասին չիմանան: Իրենց մոտ վերահսկվում է միայն գերատեսչությանը դիմած արցախցիների զբաղվածությունը։




