
Վատ ասֆալտն ու ճանապարհների փոսերը վարորդների դժգոհության մշտական պատճառն են: Չդադարող այս բողոքներին զուգահեռ՝ ամեն տարի այս սեզոնին սկսվում է փողոցների ասֆալտապատումը, փոսային նորոգումը: Ու հնչում է ավանդական դժգոհությունը՝ ասֆալտի որակը լավը չէ: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ մեկ անգամ չէ, որ անդրադարձել է փոսալցման աշխատանքներին, ճանապարհների վիճակին։ Նա նկատել է, որ երկար քննարկումներից հետո դարձյալ մայրաքաղաքում փոսալցման աշխատանքները պատշաճ չեն իրականացվում։ Երևանի քաղաքապետի հանձնարարականով այսօրվանից մեկնարկել են փողոցների փոսային նորոգումները:
«Ես արդեն որերորդ շաբաթն է այս փոսերի մասին խոսում եմ։ Դեռ այդ փոսերի մասին մեր քննարկումներն ակտուալ են։ Որքան ասեմ՝ փոսեր, փոսեր, ուզում եմ հասկանալ՝ մինչև ո՞ր ամիսն է ձգվելու։ Վարչական շրջանների ղեկավարներ երկրորդային փողոցների փոսալցման աշխատանքներն էլ ձեր պատասխանատվությունն է, ուզում եմ հիշեցնել դա ձեզ»։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դժգոհ է մայրաքաղաքի փողոցների վիճակից։ Շուրջ մեկ տարվա անընդհատ քննարկումներից, դիտողություններից և կարգադրություններից հետո, սակայն մայրքաղաքում փոսերն այդպես էլ չեն պակասում։
Վարորդներն էլ չեն հիշում այսքան վատ վիճակում գտնվող ճանապարհներ։ Սոցիալական ցանցերում նույնիսկ ամեն օր տարբեր հրապարակումներ են լինում փոսերի և վնասված անիվների լուսանկարներով։ Ըստ վարորդների իրավապաշտպան Արտակ Խաչատրյանի՝ այս տարին աննախադեպ է ոչ միայն փոսերի առատությամբ, այլև դրանց հետևանքով վնասված տրանսպորտային միջոցների թվով։
«Այ սա այդ քաղաքական ինտրիգյորների արդյունքն է։ Եթե ժամանակին բարեխիղճ, ճիշտ աշխատած լինեին, վերահսկեին աշխատանքները, նման պատկեր չէինք ունենա։ Վերահսկողությունն էլ է շատ թույլ, որակն էլ։ Այս տարի աննախադեպ մեքենաներ կոտրվելու քանակի հետ հանդերձ, ավելի շատ մեքենա չի կոտրվել պարեկային ծառայողների նախաձեռնության շնորհիվ»։
Վարորդները տարեկան հարկեր են վճարում, որոնք պետք է ծառայեն ճանապարհների բարեկարգմանը, մինչդեռ ստիպված են լինում հոգալ նաև քանդված և խորդուբորդ ճանապարհի պատճառով վնասված մեքենայի ծախսերը։ Ավելին՝ ճանապարհի երթևեկելի հատվածի խորը փոսերը նաև վթարային իրավիճակներ են ստեղծում։ Քաղաքապատարանում, իհարկե, չեն ժխտում, փոսերն այս տարի ավելի շատ են, բայց դրան նպաստող մի շարք գործոններ կան, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության ճանապարհների հիմնանորոգման և միջին նորոգման պատասխանատու ինժեներ Արման Սարգսյանը։
«Երևան քաղաքի գրեթե բոլոր վարչական շրջաններում լայնամասշտաբ բազմաբնակարան համալիրներ, շենքեր են կառուցվում։ Այդ աշխատանքների ընթացքում բավականին մեծ ու ծանրաքաշ տրանսպորտային միջոցներ են երթևեկում։ Ժամանակին կառուցված մեծ ճանապարհները նման ծանրաբեռնվածության պարագայում հաշվարկված չի եղել, ինչն էլ պատճառ է դարձել փոսերի նման մեծ աճի։ Մեկ ամսից ավելի տեղումները ևս նպաստել են փոսերի առաջացմանը, և այդ բոլոր աշխատանքները քաղաքապատերանի տիրույթում են»։
Թե ով է պատասխանատու քանդած ճանապարհի պատճառով տեղի ունեցած վթարի համար, միայն դատական փորձաքննությամբ է պարզվում: Ու այդ գործընթացն այնքան ժամանակատար է, որ վարորդները հաճախ իրենք են հոգում մեքենայի գույքային վնասը։ Քաղաքապետարանից հետաքրքրվեցինք, թե քանի դատական հայցեր են ստացել այս խնդրով և քանիսն են բավարարվել հօգուտ տուժածի։ Արման Սարգսյանը չհիշեց նման դեպք, իսկ վարորդների իրավապաշտպան Արտակ Խաչատրայնը նկատեց, որ նման դեպք չի եղել։ Քաղաքապետարանը երբեք այդ պատասխանատվությունն իր վրա չի վերցնում։ Բայց դատական կարգով բողոքարկելուց հետո գրեթե միշտ վարորդները շահում են գործը։ Այլ հարց է, թե տուժածների քանի տոկոսն է գնում այդ քայլին։
«Հաշվի առնելով բյուրոկրատական քաշքշուկները՝ վնասի չափը պետք է առնվազն 200 հազար դրամը գերազանցի, որ մարդկանց ֆինանսապես ձեռնտու լինի դիմել դատարան։ Քաղաքապետարանն ինքակամ չի փոխհատուցի։ Վերջերս մարդիկ եկել դժգոհում էին, որ վնասված անվադողերի համար դիմել են քաղաքապետարանին, վերջինս նույնիսկ ասել է, որ փոսերի պատասխանատուն իրենք չեն»։
Մինչ վարորդները բողոքում են ճանապահների անմխիթար վիճակից և դրա պատճառով առաջացող գույքային վնասից, քաղաքապետարանը հավաստիացնում է՝ ասֆալտապատման այս տարվա աշխատանքներն արդեն սկսվել են։ Հրատապությունից ելնելով՝ աշխատանքներն իրականացվելու են նաև գիշերային ժամերին։ Նաև հայտնում են, որ փոսային նորոգման աշխատանքները կատարելիս 1 օր տևելու է հին շերտի հեռացումը, 1 օր էլ նոր ծածկի տեղադրումը: Մինչև ամառ հուսով են կատարել աշխատանքի 70-80 տոկոսը։ Թե քանի օր կամ ամիս կդիմանա նոր ասֆալտը, ճանապարհների հիմնանորոգման և միջին նորոգման պատասխանատու ինժեներ Արման Սարգսյանը չկարողացավ պատասխանել, միայն հայտնեց, որ եթե քանդմանը նպաստող գործոնները չլինեն, մինչև նույնիսկ մեկ տարի կարող է պահպանվել։ Որակի բարելավում չեն խոստանում։ Լաբորատոր փորձաքննությունները ցույց են տվել, որ անցյալ տարվանից էլ իրենք դժգոհ չեն։




