
Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Ուկրաինան հայտնվել է ճակատգրական ճամփաբաժանի շեմին: Այս երկրին կամ սպառնում է պառակտում կամ դաշնային պետության ձևավորում, կարծում է քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Ըստ նրա՝ առկա միտումները չթուլացան անցած նախագահական ընտրությունների ֆոնին։ Փաստացի՝ ռուսամետ հարավ- արևելյան հատվածում նախընտրեցին բոյկոտել ընտրական գործընթացը, ինչը վկայում է այս տարածաշրջանում կիևյան նոր իշխանությունների հանդեպ, մեղմ ասած, առկա հակակրանքի մասին:
Այստեղից այսօր հիմնականում ստացվում են մարտական գործողությունների և բազմաթիվ զոհերի մասին լուրեր: Տեղի ունեցողը Կիևում բնութագրում են որպես հակաահաբեկչական գործողություն, իսկ տեղացի աշխարհազորայինները և նրանց փաստացի սատարող ռուսական իշխանությունները՝ քաղաքացիական պատերազմ: Սա ներուկրաինական խնդիր չէ, այլ աշխարհաքաղաքական առևտրի շարունակական գործընթաց, նկատեց փորձագետը։
Իրականում թեժ պայքար է ընթանում գերտերությունների միջև, որտեղ առաջնահերթ է քաղաքական և տնտեսական ազդեցության գոտու հարցը, իսկ Ուկրաինայի շահերը կարծես թե ոչ մի կողմին չեն հետաքրքրում։ Ռուս- ուկրաինական առճակատման արդյունքում՝ Կիևում արդեն որոշել են լքել Անկախ պետությունների համագործակցությունը, որտեղ մինչ օրս հանդիսանում էր ոչ թե լիարժեք անդամի, այլ միայն դիտորդի կարգավիճակում: Մյուս կողմից՝ միլիարդատեր Պետրո Պորոշենկոյի հաղթանակը Ուկրաինայում որոշակիորեն նման է Վրաստանում մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլու թիմի հաղթանակին՝ թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական ընտրություններում:
Քաղաքագետ Լևոն Շիրինյանը բացառեց, որ նման սցենարը հետագայում կկիրառվի մեր երկրում: Մյուս կողմից նա համոզված է, որ Ռոբերտ Քոչարյանի առանձին կամ թիմով կվերադառնա։




