
«Եթե իրավական գործընթացներից Հայաստանը հրաժարվում է, ուրեմն պետք է մատնացույց անի այն քաղաքական կամ ռազմական ուղին, որը կվերականգնի նախկին դրությունը»․ միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում այսպես է արձագանքել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի հետ համաձայնության գալուց հետո չի բացառում կողմերի երկուստեք հրաժարումը միջազգային գանգատնեից։ Ի՞նչ հետևանքներ կունենա նման որոշումը և ինչ ռիսկեր կան․ այս հարցերի շուրջ Սահակյանի հետ զրուցել է Անահիտ Սվարյանը։
-Տիկին Սահակյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին ասուլիսում հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ Ադրբեջանի հետ համաձայնության գալուց հետո չի բացառում, որ կողմերը որոշեն երկուստեք հրաժարվել միջազգային գանգատներից։ Եթե այս համաձայնությանը հնարավոր լինի հասնել, սա կլինի քաղաքակա՞ն, թե՞ իրավական որոշում։
-Սա բացառապես լինելու է քաղաքական որոշում, իրավական որոշումները հիմնվում են իրավական ռիսկերի գնահատման վրա։ Հայկական գործերը հիմնավոր են և այստեղ իրավական ռիսկեր չկան։ Մինչ այս պահն էլ կայացրած որոշումները վերահաստատում են արցախցիների և հայերի իրավունքի գոյությունը, և դրանց շարունական խախտումները Ադրբեջանի կողմից։ Ես առավել քան վստահ եմ, որ փաստաթղթի ստորագրումը բավարար երաշխիք չէ փաստաթղթում ներառված պարտավորությունների կատարման առումով, դրա ցայտուն օրինակը նոյեմբերի 9-ի հայտարարությունն էր, երբ անգամ ռազմագերիների վերադարձի խնդիրը չլուծվեց, մենք այս պահին էլ ունենք 44-օրյա պատերազմում գերեվարված անձինք, որոնք առ այսօր չեն հայրենադարձվել, ավելին՝ փաստաթղթի ստորագրումից հետո ունեցանք մասնական գերեվարման նոր դեպքեր, այսինքն՝ Ադրբեջանը ոչ միայն չի պահել իր պարտավորությունները, այլ նաև այդ փաստաթղթերի ոգու և նպատակին հակառակ գործողություններ է իրականացրել։ Վստահ եմ, որ նույն ոգով վերաբերվելու են խաղաղությանը վերաբերող փաստաթղթերին։ Դրա համար կարծում եմ՝ սա կլինի պատմական սխալ, որը նաև իրավական պայքարի ճանապարհը կփակի, ինչը որևէ կերպ չի բխում Հայաստանի շահերից, միակ պայմանը, որ կարելի է հրաժարվել, դա ոչ թե փաստաթղթի ստորագրումն է, այլ փաստաթղթի ստորագրումից հետո դրանում ներառնված կետերի լիարժեք կատարումը։ Եթե այդ կատարումը ապահովվի քաղաքական ճանապարհով, այլ փաստաթղթերի ստորագրման միջոցով, միայն այդ պայմաններում կարելի է քննարկման առարկա դարձնել հրաժարումը, մինչ այդ, դա վաղաժամ է և ամբողջովին վնասելու է Հայաստանի կենսական շահերը։
—Այս պահին երկու պետությունները քանի՞ միջպետական գանգատներ ունեն միջազգային ատյաններում։
-Եվրոպական դատարանում 4 ընթացող գործեր կան, չորս գործ՝ ընդդեմ Ադրբեջանի, երկու գործ ընդդեմ Հայաստանի և մեկ գործ Հայաստանն ընդդեմ Թուրքիայի։ ՄԱԿ-ի դատարանում կարծես ունենք մեկ գործ Ադրբեջանի դեմ, Ադրբեջանը Հայաստանի դեմ։ Սակայն եթե նաև քաղաքացիներին անդրադառնանք, միայն 4-րդ գանգատում մենք սեպտեմբերյան հարձակման արդյունքում տեղահանված, բռնի դեպորտացիայի ենթարկաված 100 000-ը գերազանցող անձանց իրավունքների հարց ենք բարձրաձայնում, մինչդեռ այդ պատերազմը, հարձակումը որևէ հետևանք չի թողել Ադրբեջանի և նրա քաղաքացիների վրա։ Մյուս կողմից՝ ունենք նաև բլոկադայի հետևանքով տուժած տառապած անձինք, նաև մահեր։ Բարձրաստիճան ղեկավարության իրավունքների պաշտպանության խնդիր ունենք և հասկանալի է, որ այս հայցից հրաժարվելը բացառապես անպաշտպան է թողնում Հայաստանին՝ որպես սուվերեն պետություն և հայերին, արցախցիներին, կարծում եմ՝ թվային առումով համադրելի չեն, բայց նաև չմոռանանք բնույթը կատարված արարքների, քաղաքացիական հասարակության թիրախավորումը, դեպորտացիաները, սեփականության իրավունքից զրկելը, հոգեբանական ահաբեկումը, ֆիզիկական բռնությունները, դրանք միակողմանիորեն ցուցաբերվել են հենց հայերի նկատմամբ։
-Թվային առումով փաստորեն համադրելի չեն գանգատները, իսկ ադրբեջանական հայցերն ունե՞ն նույն արժեքը, ինչ Հայաստանի հայցերը։
Ադրբեջանական հայցերը ավելի հայելային արտատպություն են, որոնք զուրկ են փաստերից, իրավական հիմնավորումներից, դրանք արհեստականորեն ներմուծված հայցադիմումներ են, գանգատներ են՝ հայելային պատկեր ստանալու համար, ինչը զուտ ստրատեգիկ մոտեցում է միջազգային հանրության հետ շփվելիս։ Դրա պարզունակ օրինակը խտրականության քաղաքականությունն է, հայերը դարերով ենթարկվել են այդ քաղաքականությանը, թուրք-ադրբեջանական միասնության կողմից։ Եվ մենք ունենք հստակ դեպքեր, նաև մարդու իրավունքների խախտումներ, պատերազմական հանցագործություններ, որոնք ունեցել են այս էթնիկ կոմպոնենտը, և վերջիվերջո, հայերն են արտաքսվել բռնի կերպով իրենց բնակավայրերից, և հայերն են, որ վերադարձի դեպքում պետք է հայտնվեն ադրբեջանական իշխանության ներքո։ Այս առումով, եթե հայկական կողմն է հրաժարվում այս հայցից, մենք չենք ունենում սիմետրիկ վիճակ, հակառակը, ավելի մեծ անարդարություն ենք ստեղծոում, քան այն պարագայում, երբ Ադրբեջանն է հրաժարվում այդ հայցից։ Ակներև է, որ նախ հայերը նման քաղաքականություն երբեք չեն ծրագրավորել և չեն իրականացրել, մյուս կողմից, մենք համանման խնդիր չունենք, որ պատմական հողեր կան, որոնք հայտվել են, գտնվում են Հայաստանի տիրապետության ներքո, և մենք այդ ազգաբնակչության վերադարձի իրավունքի ապահովման հարցեր ունենք, դրա համար իմ գնահատմամբ մենք ունենք ոչ համադրելի իրավիճակներ, իսկ ոչ համադրելի իրավիճակում նույնական լուծում տալը արդեն իսկ ստեղծում է ոչ սիմետրիկ իրավիճակ։ Ադրբեջանը քաղաքական և ռազմական ճանապարհով հասել է անգամ Հայաստանի տարածքային ամբողջականության խախտմանը և Հայաստանն այս պահին քաղաքական և ռազմական ճանապարհով չի կարողանում պաշտպանել կամ վերականգնել նախկին դրությունը, ուստի միակ ճանապարհը մնացել է իրավականը, եթե իրավական գործընթացներից Հայաստանը հրաժարվում է, ուրեմն պետք է մատնացույց անի այն քաղաքական կամ ռազմական ուղին, որը կվերականգնի նախկին դրությունը։
-Նման նախադեպեր եղե՞լ են միջազգային իրավունքի պրակտիկայում և ի՞նչ են ցույց տվել դրանք։
-Տեսականորեն նման հնարավորություններ կարող են լինել, բայց առանձնահատուկ այս հարցը իմ կողմից քննարկման առարկա չի դարձել։ Կարծում եմ՝ նման համաձայնությունները պետք է հավասարակշռված լինեն, և ապահովված անհրաժեշտ երաշխիքներով, իսկ միջազգային հարաբերություններում միայն միջնորդ երկրի կամ կառույցի գոյությունը և կողմերի ստորագրությունը բավարար չեն նման երաշխիքներ ստեղծելու համար, լրջագույն ապահովվող միջոցներ պետք է գործադրվեն, ես չեմ բացառում, որ նման կոմպլեքս միջոցառումներով նմանատիպ գործընթացներ եղած լինեն, բայց համարժեք այլ իրավիճակներում, երբ նման այլ ոտնձգությունների և ագրեսիայի է ենթարկվել պետությունը, մեր տարածաշրջանում և նմանատիպ զարգացումներում ես նմանատիպ դեպք չեմ մտաբերում։




