
Հայաստանի էներգետիկ ոլորտում մասնագետների պակաս կա։ Պետությունը փորձում է խնդրի լուծման տարբերակներ գտնել, պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունք տալով ուսանողներին, բայց մասնագետներն ասում են, որ դա բավարար չէ։ Ու եթե սկսվեն նոր ատոմակայանի կառուցման աշխատանքները, այդ խնդիրն ավելի ակնհայտ կդառնա։
Հայաստանի էներգետիկ ապագան ատոմայի՞նն է, թե՞ ոչ, դեռ պարզ չէ։ Այդ ուղղությամբ քննարկումները շարունակվում են։ Բայց հստակ է, որ ոլորտում մասնագետների պակաս կա։ Կառավարությունն առաջարկում է միջուկային և ճառագայթային վարչությունների տեխնիկական բաժնի համապատասխան որակավորում ունեցող մասնագետներին դարձնել քաղաքացիական աշխատանք կատարողներ։ Ոլորտի մասնագետներ պատրաստում են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ՝ «ատոմային էներգետիկա» կրթական ծրագրի շրջանակներում, ինչպես նաև ԵՊՀ–ում ՝«Միջուկային ռեակոտրների ֆիզիկա» մագիստրոսական ծրագրով՝ տեղեկացնում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Բայց 2022–ին պոլիտեխնիկում պետպատվերով հատկացված անգամ ութ տեղը չի լրացվել․
«2023–ին, երբ գործում էր տարկետման կարգը, 11 ընդունելություն ենք ունեցել։ Իհարկե, բավարար չէ, բայց արձանագրում ենք, որ պետպատվերով տեղերը լրացվել են, մրցույթ է գրանցվել։ Նույն իրավիճակն է ԵՊՀ–ի պարագայում, երբ 2022–ին պետպատվերով վեց տեղ է տրամադրվել, 5 հոգու ընդունելություն է եղել, 2023–ին՝ 16 տեղի համար ընդունելություն է եղել 6 պետպատվեր, ու վճարովի տեղեր»։
Անցյալ տարվանից պետության համար գերակա ոլորտներում մասնագիտացող ուսանողներին տարկետման հնարավորություն է տրվել։ Ատոմային էներգետիկայի մասնագետներն այդ խմբում են։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ջերմաէներգետիկայի և շրջակա միջավայրի պաշտպանության ամբիոնում են ատոմային էներգետիկայի մասնագետներ պատրաստում։ Ամբիոնի դոցենտ Մերի Ղազարյանն ընդգծում է՝ ատոմակայանը առանց կադրերի պակասի աշխատում է։ Բայց ՀԱԷԿ—ում էլ սերնդափոխության խնդիր կա․
«Այստեղ ոչ միայն ատոմային էներգետիկային է վերաբերում։ Իրականում ամբողջ ինժեներատեխնիկականին։ Բայց ատոմայինը յուրահատկություններ ունի․ օպերատորական անձնակազմը պոլիտեխնիկական համալասարանն է, որտեղ ունենք ատոմային էներգետիկա մասնագիտությունը»։
Խնդիրն իրականում ավելի լուրջ է։ 2014–2015 թվականներին, երբ բուհում ուսուցանում էին «Ատոմային էլեկտարական տեղակայանքներ» ու «Ավտոմատացումը ատոմային էներգետիկայում» մասնագիտությունները, ամեն խմբում 20 ուսանող ունեին։ Ամեն տարի 30–40 շրջանավարտ էր տալիս Պոլիտեխնիկը։ Ուստի նրանցից ոլորտին նվիրված կադրեր գտնելը հեշտ էր։ Մերի Ղազարյանը 2023–ի շրջանավարտների վիճակագրությունն է ներկայացնում․
«Ատոմային էներգետիկա մասնագիտությամբ ունեցել ենք երկու շրջանավարտ, 3 շրջանավարտ՝ ջերմաէներգետիկա, ևս 2–ը՝ շրջակայով։ Այսինքն, ամբողջ էներգետիկայի ճյուղում ապագա սերնդափոխությանը մասնակցելու են այդ հինգ շրջանավարտները, որոնց մի մասն էլ կգնա այլ դաշտ աշխատելու»։
Սերնդափոխությունը միայն բուհի խնդիր չէ՝ ասում է Մերի Ղազարյանն ու ընդգծում բուհ –պետություն–մասնավոր հատված համագործակցության կարևորությունը։ Այստեղ անհրաժեշտ է, որ ոլորտն ինքն էլ ունենա իր դերակատարությունը։ Մասնագետն ընդգծում է՝ փոքր էներգետիկայում այժմ զարգացվածությունը բարձր է, այստեղ աշխատակիցներ քիչ են պահանջվում։ Ոլորտի կազմակերպությունները արևային էներգետիկայի համար, օրինակ, մեկ–երկու մասնագետ են վերապատրաստում, ու վերջ։ Ուստի հիմնական կրթական մոտիվացիան կորչում է։
«Այստեղ մեծ դեր պետք է ունենան խոշոր արտադրողները՝ ՋԷԿ, ատոմային էլեկտրակայան։ Պետությունը մեկ քայլ արեց՝ այս տարի ատոմային էներգետիկա մասնագիտությանը տրվեց տարկետման իրավունք՝ միայն պետպատվերով ութ տեղին։ Պետպատվերով տեղերի քանակը չփոխվեց, ութը դառնար 15, չեմ կարծում, որ, եթե այդպես լիներ, դրանից ՏՏ–ն կտուժեր, այդ մասնագիտության համար նաև վճարովի տեղերի համար են դիմում»։
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ՝ Ջերմաէներգետիկայի և շրջակա միջավայրի պաշտպանության ամբիոնի վարիչի Ժ/Պ Արամ Գևորգյանն ընդգծում է՝ ՀԱԷԿ–ը շահագործողները ավագ սերնդի ներկայացուցիչներ չեն, անձակազմի սենրդափոխման անհրաժեշտություն չի լինի, բայց նոր ատոմակայան կառուցելու դեպքում արդեն մասնագետների հարցը սրվելու է․
«Եթե մենք նոր ատոմակայան ենք կառուցելու, այդ ժամանակ արդեն կադրերի խնդիր է առաջանալու։ Եթե մենք ատոմակայանը աշխատեցնենք մինչև 2036թ ու կանգնեցնենք, կադրերի պակաս չի լինի, բայց նոր կադրերի հարցով պետք է զբաղվենք այսօրվանից»։
Էներգետիկայի ոլորտում մասնագետ դառնում են տարիների ընթացքում։ Իսկ թե ինչպիսի ատոմակայան է ունենալու Հայաստանն արդեն 2036 թվականից հետո, դեռ ոչ մի մանրամասն չի հաղորդվում։




