
Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրը Հայաստանում ոչ թե շնորհավորելու, այլ՝ մտահոգվելու և մտահոգությունները բարձրաձայնելու առիթ է։ Օրինակ՝ էլեկտրոնային դեղատոմսերի համակարգի ներդրումն ու տրանսպորտի սպասվող թանկացումը խոսում են այն մասին, որ սպառողների իրավունքներն ուղղակի չեն պաշտպանվում՝ նշում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ հիմնադիր նախագահ Բաբկեն Պիպոյանը։ Ի՞նչ հիմնախնդիրներ ու ժամանակակից մարտահրավերներ կան մեր երկրում սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում և ի՞նչպես կարելի է դրանք լուծել:
Սպառողների իրավունքները պետք է պաշտպանվեն ամեն օր, իսկ մեկ օր էլ ամփոփվեն այն ձեռքբերումները, որոնք արձանագրվել են տարվա ընթացքում։ Սակայն «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ հիմնադիր նախագահ Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ այսօր տոնական տրամադրությամբ դժվար է շնորհավորել սպառողներին, քանզի մտահոգվելու խնդիրներն ավելի շատ են։
«Դե ֆակտո, մեզ մոտ տեղի է ունենում հակառակը։ 365 օր մենք բախվում ենք խնդիրների, հասկանում ենք, որ դրանք չեն լուծվում։ Եվ միայն սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրը սկսում ենք արձանագրել խնդիրները՝ ակնկալելով, որ պատասխանատուներն ի վերջո ականջալուր կլինեն և լուծում կտան»։

Ամեն տարի սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային կազմակերպությունը տարվա համար կարգախոս է սահմանում։ 2024-ի կագախոսն է «Արդար և պատասխանատու արհեստական բանականություն սպառողների համար»։
«Բնականաբար, այստեղ գործ կունենանք այն չարաշահումների հետ, որոնք կարող են ի հայտ գալ՝ կապված անձնական տվյալների պաշտպանության, խարդախությունների հետ։ Բայց մի պահ փորձենք հասկանալ՝ ի՞նչ ենք հասկանում՝ ասելով սպառողների իրավունքների պաշտպանություն, և ինչ գործ ունի այստեղ արհեստական բանականությունը։ Ո՞ւմ մտքով կանցնի, որ կարելի է մտածել արհեստական բանականության հետ կապված խնդիրներին կարգավորում տալ։ Կարծում եմ՝ քչերիս։ Բայց աշխարհն այսօր դինամիկ զարգացում է ապրում, և պետք է հասցնել նրա հետևից գնալ»։
Փորձագետը առանձնացնում է երկու առանցքային թեմա, որոնք հենց այսօր ուղիղ առնչվում են սպառողների իրավունքի հետ և, ըստ նրա, ցույց են տալիս, որ Հայաստանում սպառողների իրավունքներն ուղղակի չեն պաշտպանվում։ Դրանք են տրանսպորտի գնի թանկացումն ու էլէկտրոնային դեղատոմսերի համակարգի ներդնումը։ Նշենք, որ մարտի 1-ից 470 անուն դեղ վաճառվում է միայն էլեկտրոնային դեղատոմսով, իսկ սեպտեմբերի 1-ից էլ կգործեն հանրային տրասպորտի ուղեվարձի նոր սակագներ։ Որոշ դեղեր պետք է միանշանակ վաճառվեն դեղատոմսով, բայց այն, ինչ այսօր Հայաստանում կատարվում է, ուղղակի տրամաբանությունից դուրս է՝ նշում է Պիպոյանը։
«Ֆրանսիայում այսօր ներդրված է ոչ միայն էլեկտրոնային, այլև թղթային դեղատոմսի համակարգը։ Հայաստանը որոշել է, որ թղթային դեղատոմս պետք չէ այն դեպքում, երբ պոլիկլինիկայի աշխատողի համակարգիչն այնքան հին է, որ, կներեք, կարծես Նոյն իր հետ բերել է տապանից, 40 րոպեում միանում է, 40 րոպեում անջատվում, 40 րոպեում էլ ծրագիր բացում։ Բժիշկն իր սենյակում նստած է, դռան հետևում հերթեր են, մարդը հասկանում է, որ հենց հիմա իրեն անիծում են մի բանի համար, ինչում ինքը մեղք չունի»։
Ըստ փորձագետի՝ խնդիր է առաջանում նաև բժշկական գաղտնիքի հարցում։Այս կերպ տեղեկատվությունը հասանելի է լինում բոլորին, որովհետև «Արմեդ» համակարգը մասնավոր ընկերությանն է պատկանում։ Հայաստան հազարավոր սփյուռքահայեր ու զբոսաշրջիկներ են գալիս, որոնք ոչ մի դեղատանը կցված չեն, և նրանց համար անիմաստ քաշքշուկ է առաջանալու՝ նշում է Պիպոյանը։
Խոսելով տրանսպորտային համակարգի խնդիրներից, փորձագետն ընգծում է՝ բոլորն արձանագրում են, որ համակարգն աշխատում է սխալ և ձևավորում է սխալ ինքնարժեք, երթուղիները երկար են և այլն, բայց միաժամանակ, առանց այդ խնդիրները լուծելու, բոլորը քննարկում են, թե բարձր ինքնարժեքի գինն ով է տալու։
«Երևան քաղաքը 1 մլն դոլար գումար է վճարել ու գնել տրանսպորտային համակարգի բարեփոխման խորհրդատվական փաստաթուղթ։ Սա ուղիղ նշանակում է, որ մենք համարել ենք, որ չունենք փորձագիտական միտք։ Հայաստան է եկել միջազգային խորհրդատու, որը տվել է բանաձև՝ ինչպես է պետք բարեփոխել տրանսպորտային համակարգը։ Այսօր բոլորը արձանագրում են, որ համակարգը սխալ է աշխատում, սխալ ինքնարժեք է ձևավորվում։ Մեր մեքենաները ծախսատար են, դրանք պետք է ավելի քիչ տարածություն քշեն, մաշվեն ավելի ուշ։ Հիմա, առանց սա բարեփոխելու, քննարկում ենք, թե ով է վճարելու այս բարձր ինքնարժեքը»։
Բաբկեն Պիպոյանի խոսքով`շատ կարևոր է , որ փորձագիտական հանրույթը ներգրավված լինի այդպիսի խնդիրների վերհանմանն ու լուծմանը և քննարկումները չլինեն միայն սոցցանցերի մակարդակում։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահը արձանագրում է՝ Հայաստանում սպառողի տեղեկացված և լսելի լինելու առաջընթաց է նկատվում, բայց նրանց իրավունքները պատշաճ պաշտպանված չեն։




