
Հարդրութեցի Ռուդիկ Ոսկանյանը դեռ դպրոցից գիտի բույսերի քիմիական կազմը և կապը առողջության հետ։ Իր պատրաստած դեղաբույսերն օգնել են նաև շրջափակված արցախցիներին, երբ դեղատներում արդեն դեղեր չկային։ Այժմ Ռուդիկը Հայկական բժշկական ինստիտուտի առաջին կուրսում է սովորում, և այսօր բույսերի հարուստ աշխարհը ներկայացրել է ուսանողներին, բուհի դասախոսական կազմին։ Միջոցառման մասնակիցներին նաև հյուրասիրել է իր պատրաստած թուրմերով թեյով և բացատրել, թե որ դեղաբույսն ինչի համար է օգտակար։
«Սոյայի թեյ կամ սուրճ կարելի է սա անվանել։ Պատրաստվում է սոյայի պտուղներից։ Բովում ենք, հետո աղում ենք, փոշի ենք սարքում»։
Ռուդիկ Ոսկանյանը Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից է։ Սովորում է Հայկական բժշկական ինստիտուտի առաջին կուրսում։ Բժշկության հանդեպ հետաքրքրությունն ու սերը նրա մոտ մանկուց է։ 7 տարեկանում կարողանում էր ներկայացնել մարդու անատոմիական կառուցվածքը, այսօր արդեն ճանաչում է բույսերի քիմիական կազմն ու դրանց կապն առողջության հետ։
«Բույսերով սկսել եմ զբաղվել 15-16 տարեկանում։ Պապիկս մասնագիտությամբ գյուղատնտես է։ Ինքն է իմ մեջ սերմանել հայրենի բնաշխարհի հանդեպ սերը»։
Ռուդիկի պապը գյուղում հայտնի էր որպես ժողովրդական բժիշկ։ Նրա օգնությանը դիմում էին ինչպես տեղացիները, այնպես էլ այլ գյուղերի բնակիչները։ Ռուդիկին այնքան էր հետաքրքրում բույսերի առողջարար աշխարհը, որ որոշեց ինքն էլ գնալ պապի հետքերով։ Առաջին քայլերը 2019 թվականին Անանիա Շիրակացու անվան միջազգային գիտակրթական համալիրում տեղի ունեցած «Դիզակի բույսերը» խորագրով իր առաջին ցուցահանդեսն էր, որտեղ ներկայացրել էր մոտ 60 տեսակի դեղաբույսերի հերբարումներ։

«Հերբարիումը, երբ բույսերը չորացնում ենք և գրում ենք դրանց անունները, տեսակները, ընտանիքը։ Պապիկս զբաղվում էր ժողովրդական բժշկությամբ, ես էլ ուզում եմ համ ընդգրկվել ժողովրդական բժշկության մեջ, համ էլ իրար հետ կապեմ ժողովրդական և ավանդական բժշկությունները»։
Բույսերի օգտակար հատկություններն ավելի մանրամասն սկսեց ուսումնասիրել 2021 թվականից հետո, երբ սկսեց ծառայել հայկական բանակում։ Իսկ վերադառնալուց հետո արդեն շրջափակված Արցախում մնաց որպես բուժակ։ Դեղերի պակաս կար, բայց բուսականությամբ հարուստ էր Արցախը, և Ռուդիկը փորձեց դեղերի պակասը լրացնել բույսերով ու իր գիտելիքներով՝ դրանով նաև օգնելով հայրենակիցներին։ Արցախից տեղանահնվելուց հետո բույսերի հանդեպ սերը ոչ միայն չմարեց, այլև ավելի ամրապնդվեց։ Համեստ և լուռ էր դասերին, բայց հենց առաջին կիսամյակում աչքի ընկավ, երբ պետք է ռեֆերատային աշխատանք ներկայացներ։ Հենց այդ ժամանակ էլ բացահայտեցին Ռուդիկին, ասում է Հայկական բժշկական ինստիտուտի օրգանական և անօրգանական քիմիայի դասախոս Արփինե Հարությունյանը։

«Ինքն ընտրեց իր թեման, և երբ ներկայացրեց, բացահայտեցինք Ռուդիկի սերը դեպի բնությունը, բույսերը։ Իր հոբին իրեն որպես ապագա բժիշկ շատ օգտակար կլինի, քան այն ուսանողներին, որոնք այդ կապը չեն տեսնում»։
Այսօր արդեն բույսերի քիմիական կազմն ու կապը բժշկության հետ Ռուդիկը սովորեցնում է ինստիտուտի ուսանողներին, համակուրսեցիներին։ Ավելին կկարողանա պատմել հատկապես լաբորատոր փորձերից հետո, որոնք արդեն ընթանում են։ Մինչ լաբորատոր փորձերը կավարտվեն, Ռուդիկը առաջարկում է համտեսել իր պատրաստած դեղաբույսերով թեյերը։
«Մեկ գդալ սոյայի փոշին ու 1-2 գդալ շաքարավազ կամ մասուրի մուրաբան ավելացնում ենք, իրար հետ խառնում ենք, հետո ավելացնում ենք գոլ ջուր, թողնում մի քանի րոպե մնա, հետո համտեսում։ Համ համն է հաճելի, համ ծարավությունն է հագեցնում, համ էլ փքվածությանն է օգտակար։ «B», «D» վիտամիններ է պարունակում, շատ օգտակար թեյ է»։
Մինչ Ռուդիկը պատմում է, թե որ բույսով ինչ թեյ կարելի է պատրաստել, դասախոսները շշնջում են՝ Ռուդիկի մասին դեռ շատ կլսենք։




