
Ամերիկյան վարչակազմն ակնկալում է 2025 թվականին ատոմային ռազմական համալիրին հատկացնել գրեթե 20 միլիարդ դոլար, իսկ ցածր հարստացված ուրան գնելու համար՝ 2,2 միլիարդ դոլար: Սա նախատեսվում է դաշնային բյուջեի հաջորդ տարվա նախագծով, որն ուղարկել է ԱՄՆ Կոնգրեսի դիտարկմանը: Մինչ այդ միջուկային սպառնալիքին անդրադառնում է ՌԴ նախագահը, հստակեցնելով, որ կկիրառի միջուկային զենք, եթե երկրի գոյությանը վտանգ սպառնա։ Փորձագետների մի մասը կարծում է, որ մոտ է այն օրը, երբ տերությունները ստիպված կլինեն նստել բանակցությունների սեղանի շուրջ ու պայմանավորվածությունների գալ միջուկային սպառնալիքի ներքո։
Միջուկային զենքը ստեղծվել է ոչ թե կիրառման, այլ զսպման համար՝ ասում է քաղաքական վերլուծաբան Հայկ Այվազյանը՝ պարզաբանելով ատոմային ռազմական համալիրին գրեթե 20 միլիարդ դոլար հատկացնելու՝ ամերիկյան վարչակազմի մտադրությունն ու դրան Պուտինի կողմից պատասխան հայտարարությունը։ «Ռազմատեխնիկական տեսանկյունից Ռուսաստանը պատրաստ է միջուկային պատերազմին», — հայտարարել է ՌԴ նախագահը լրագրող Կիսիլյովի հետ հարցազրույցում։ «Ռուսաստանը պատրաստ է օգտագործել զենք, ցանկացած զենք, այդ թվում՝ միջուկային, եթե խոսքը ռուսական պետության գոյությանը, ինքնիշխանությանը, անկախությանը վնասելու մասին է։ Ամեն ինչ գրված է ռազմավարության մեջ, և մենք այն չենք փոխել»- , ասել է Պուտինը։
«Միջուկային ստրատեգիական զենքը ստեղծվել է ոչ թե կիրառման, այլ փոխզսպման համար, այսինքն՝ Ռուսաստանը հիմա խաղադրույքները բարձրացնելու է, սպառնալիք է ստեղծելու ԱՄՆ տարածքի նկատմամբ։ Խորհրդային Միության ժամանակ այսպես էր՝ ամերիկյան հրթիռները ուղղված էին ԽՍՀՄ վրա, ԽՍՀՄ հրթիռները ուղղված էին ԱՄՆ տարածքի վրա և որպեսզի պատահականություններ չլինեին ու միջուկային մեծ պատերազմ չլիներ իրենք ստեղծել էին միմյանց նկատմամբ զսպման մեխանիզմներ։ Ընդհանուր անվտանգությունը անջատված չէր միջուկային անվտանգությունից։ 1994թ ՌԴ անջատել է ԽՍՀՄ այս սկզբունքը և հրաժարվել ԱՄՆ տարածքի նկատմամբ իր հրթիռները ուղղելու քաղաքականությունից՝ մոսկովյան դեկլարացիայով։ Հիմա կարծում եմ ՌԴ նորից վերադառնալու է այդ դեկլարացիային և ռեալ սպառնալիք կստեղծի ԱՄՆ տարածքի նկատմամբ»։
Միջուկային սպառնալիքը, ըստ վերլուծաբանի, կստիպի երկու գերտերություններին նստել բանակցությունների սեղանի շուրջ և հենց այդ հիմքով հնարավոր կլինեն պայմանավորվածությունները։ Զրուցակցիս կարծիքով՝ ՌԴ–ն կվերականգնի իր ազդեցությունը հետխորհրդային ողջ տարածքի նկատմամբ, այդ թվում՝ Հայաստանի։
«Իրականում պատերազմը ԱՄՆ–ի և ՌԴ–ի միջև է կամ ՆԱՏՕ-ՌԴ, հետևաբար, հենց որ ՌԴ ստրատեգիական միջուկային զենքի տեսանկյունից պայմանավորվի ԱՄՆ–ի հետ, երաշխիքներ պետք կլինեն, իսկ երաշխիքները նշանակում են, որ ԱՄՆ պետք է զիջի Ուկրաինան Ռուսաստանին։ Դրանից հետո ՌԴ–ն Ուկրաինան իր կազմի մեջ կմտցնի՞, թե՞ կպահպանի մի հատված անկախ, բայց իր աշխարհաքաղաքական ազդեցության գոտում, հետագայի որոշելիք է»։
Ուկրաինական խնդրի գլխավոր հարցում Միացյալ Նահանգները, վերլուծաբանի կարծիքով, չկարողացավ իր նպատակին հասնել, ՌԴ–ն, մինչդեռ, կարողացավ ձգել պատերազմն ու դրանով իսկ խնդիրներ լուծել։
Քաղաքագետ Արա Պողոսյանի դիտարկմամբ, սակայն, պատերազմում որևէ կողմ չկարողացավ հասնել իր ռազմավարական նպատակին։
«Նույնիսկ եթե ՌԴ–ն ի վիճակի լինի որևէ պայմանագրի տեսքով գրանցել իր ռազմական գերազանցությունը, միևնույնն է, մենք արդեն ականատես ենք եղել ավելի քաղաքացիական բնույթի գործողությունների։ Ռուս-ուկրաինական պատերազմի բորբոքումը նման է եղբայրասպան պատերազմի, և սա արդեն ռազմավարական պարտություն է ՌԴ համար»։
Քաղաքագետը չի կարծում, թե պատերազմը շուտ կավարտվի։ Դա հնարավոր է մի դեպքում, և դա միջուկային սպառնալիքը չէ։
«Դժվար է խոսել պատերազմի կոնկրետ ավարտի մասին, քանի դեռ կողմերից մեկի սպառազինությունների մատակարարումների շղթան չի կտրվել, որով հնարավոր կլիներ դատողություն կատարել, որ կողմերից մեկը ստիպված է լինելու հանձնվել»։
Հայկ Այվազյանի կարծիքով, սակայն, պատերազմի ավարտը մոտեցել է։ Կարծում է, որ 2025 թվականին հնարավոր կլինի հասնել հանգուցալուծման։




