ԿարևորՀասարակություն

Ցրտաշունչ Շիրակը՝ «ծառերի համար պիտանի» մարզ, Տավուշի Աղավնավանքը՝ տնամերձ տնկարաններով համայնք

Հայաստանում ամփոփվեցին շրջակա միջավայրի բարելավմանն ուղղված Եվրամիության ծրագրի արդյունքները: Բիզնեսի նոր ձևաչափ` տնամերձ տնկարանային տնտեսություններից մինչև բնության նկատմամբ սերն առանցքային դարձրած դպրոցական ակումբների հիմնում: Գլխավոր ձեռքբերումը շրջակա միջավայրին «շունչ տվող» և աճը շարունակող 3 մարզի ծառապատ տարածքներն են:

Տավուշի Աղավնավանք համայնքը, մարզկենտրոնից բաժանված 30 կմ ճանապարհով, դարձել է սեփական հողամասում տնկիներ աճեցնելու ծրագրի առաջամարտիկ: Աղավնավանքցիները գործը սկսել են 2 տեսակից, հետո տնկիների տեսականին հասցրել 22-ի:

Լուսյա Պողոսյանը ծրագրի առաջին շահառուն է: «Այսօրվա դրությամբ 2600 մետր քառակուսի տարածք ունեմ, որից 2000-ը տրամադրել եմ տնկիներին։ Մեր տնամերձ հողամասում ցանեցինք հացենու և թղկիի տնկիներ։ Հիմա աճեցնում ենք նաև լորենի, դեկորատիվ օճառածառ, հուդայածառ, բարդի, տարբեր տեսակի թփեր»։

Աղավնավանքից Զարինե Մելիքսեթյանը տնկիներին տրամադրել է հողամասի 80%-ը, մնացած հատվածում մշակում է բանջարեղեն: Նախորդ տարի մատակարարել է 6000 տնկի, այս տարի նախատեսում է կրկնել հաջողությունը: Շահավետ է բանջարեղենի՞, թե՞ տնկիների մշակությունը հարցին՝ պատասխանում է.

«Այնպես չէ, որ տունկը հեշտ տրվող աշխատանք է, բայց, մեր հողամասները չունեն այնպիսի հատկություն, որ կարողանանք ինչ որ մի բույսից այդքան եկամուտ ստանալ։ Մեր գյուղը շատ կտրված է մարզկենտրոնից, իրացման խնդիրն է մեծ եղել, դրա համար էլ շահագրգրռված էինք, որ մասնակցենք ծրագրին»։

Փքապտղից և Ցախակեռասից մինչև լորենի ու բարդի տնկանյութի տեսքով տնամերձ հողամասերից հանրային տարածքներ են հասել «ԵՄ-ն շրջակա միջավայրի համար. Կանաչ համայնք՝ դիմակայուն ապագա» ծրագրի ֆինանսավորմամբ և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի ջանքերով։

Տնկարանների գծով համակարգող Սերյոժա Ջիլավյանը պատմում է՝ հինադրամը տրամադրել է տնկի աճեցնելու սերմ ու կտրոն, շրջայցերի միջոցով էլ՝ խորհրդատվություն:  Մինչև 224 հազար դրամ դրամաշնորհով մշակողները կարողացել են ներդնել կաթիլային ոռոգման համակարգ, ձեռք բերել պոմպ, մինի տրակտոր կամ այլ սարք-սարքավորում: Նախորդ 2 տարվա ընթացքում համայնքային կանաչապատման և անտառապատումների համար արտադրվել է ավելի քան 204 հազար տնկի:

«Այս ծրագրի շրջանակներում տնամերձ տնկարանները 150-ն են։ Մարդկանց մոտ խիստ տարբեր է արդյունքները լինում։ Հիմնականում իրենց մոտ բաց արմատային համակարգով է տնկիներ աճեցվում, տնկիները հավաքվում են աշնանը և գարնանը։ Մարդ կա արտադրում է 5000-6000, մարդ էլ կա՝ 200-300 տնկի։ Տարբերությունը մարդու աշխատասիրությունից է»:

Համեմատաբար բարձրադիր ու ցուրտ պայմաններով Շիրակի մարզը, որտեղ առավելապես մշակում են հացահատիկ, Լոռու և Տավուշի հետ ներառվել է տնկանյութի ստեղծման և դրանով կանաչ տարածքների ընդլայնման ծրագրում:

«Էյ Թի Փի» բարեգործականի գրասենյակի ղեկավար Ռուզաննա Առուստամյանն անկեղծանում է.

«Բոլորն ասում են, Շիրակի մարզում ծառեր չեն աճում, բայց շատ ուրախ եմ, որ մեր անտառային բաժնի ղեկավարը դա հերքում է: Այնտեղ մենք անտառ տնկել ենք և շարունակելու ենք տնկել: Այս ծրագրով անտառապատվել է 100 հեկտար տարածք։  Եվ դա շարունակական է լինելու։ Հենց դրա համար էլ Գյումրիի սելեկցիոն կայանում ստեղծվել է նաև տնկարան իր ջերմոցով։ Այսինքն ոչ միայն բաց արմատային, այլև փակ արմատային տնկիներ են աճեցվելու»։

«Կանաչ համայնք՝ դիմակայուն ապագա» ծրագրի մյուս ուղղվածությունը բնության նկատմամբ սերը երեխաների մոտ ավելացնելն է:

Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան հիմնական դպրոցի ուսուցիչ Մելինե Էլիբեկյանը պատմում է՝ դպրոցում ստեղծվել է էկոակումբ, սաների ներգրավվածությունը սպասվածից բարձր է:

«Ոգևորված են, նույնիսկ ավագ դպրոցներ հաճախող մեր աշակերտները միանում են շաբաթօրյակներին, ծառատունկերին, և այլ բնապահպանական միջոցառումներին։ Մենք գրեցինք «կանաչ դպրոց» խորագրով մի փոքր ծրագիր և երեխաները մասնակցեցին տնկիների տնկմանը, խնամում, հետևում են։ Դպրոցամերձ տարածքը փոքր է, սակայն մենք մասնակցում ենք նաև համայնքում իրականացվող կանաչապատման ծրագրերին»:

Էկոակումբների ստեղծումն ու բնապահպանական կրթության տրամադրումն իրականացել է «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի ջանքերով: Հիմնադրամի քաղհասարակության և կրթական ծրագրերի համակարգող Ռուբեն Կրիկյանն ամփոփում է՝  Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի 15 դպրոցում հիմնել են ակումբներ, աշակետների համար կազմակերպել ամառային ճամբարներ:

«Քանի որ ծրագիրը 3 տարվա ընթացքում էր, որոշ երեխաներ որոնք մուտք էին գործել էկոակումբներ նաև ավարտեցին դպրոցը և իրենց փոխարինեցին նոր երեխաներ: Ընդհանուր առմամբ կարելի է ասել մոտ 500 երեխա մասնակցեց էկոլոգիական ակումբների աշխատանքին»:

Եվրամիության դրամաշնորհային ծրագրի ժամկետը 2020-2023թթ.-ն էր: Մասնակիցները նշում են՝ ներդրումն արդյունքի է վերածվել, տնամերձ տնկարանները ձեռք են բերել կարողություն, որը հետագայում էլ կիրացնեն, իսկ կանաչապատումն ու ծառապատումը կշարունակվի:

Կարդացեք նաև

Back to top button