
Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Աշխարհաքաղաքական ակտիվ վերադասավորումները, ըստ ամենայնի, անդրադարձել են նաեւ Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վրա: Մինսկի խմբի համանախագահների առաքելությունը որոշակիորեն աշխուժացավ ամերիկացի միջնորդ Ջեյմս Ուորլիքի 6-կետանոց հայտնի հայտարարարությունից հետո, որը տարբերվում էր բանակցային սեղանին առկա փաստթղթից, այսօր ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանը։
Թեպետ ադրբեջանական կողմը, ի տարբերություն հայկականի, ընդհանուր առմամբ ավելի ջերմ ընդունեց այդ դիտարկումները, այնուամենայնիվ՝ Մինսկի խմբի համանախագահներին Բաքվում չընդունեցին թե նախագահը, թե արտգործնախարարը, որոնք միասին մեկնել էին Վիետնամ, իսկ այնտեղից՝ Չինաստան:
Այս ազդակների ստորջրյա քարերի առկայությունը մտորելու տեղիք է տալիս: Ելնելով վերջին զարգացումներից՝ Մելիք-Շահնազարյանը կարծում է, որ Մադրիդյան սկզբունքները, չապահովելով որևէ առաջընթաց բանակցություններում, այլևս անկենսունակ են: Մյուս կողմից՝ միջնորդական առաքելությունը կրում է ոչ միայն բովանդակային, այլ նաև գործնական փոփոխություններ: Մասնավորապես՝ Ֆրանսիան որոշել է փոխել իր համանախագահին՝ Մինսկի խմբում։
Վերջին զարգացումները բարդացրել են բանակցային գործընթացը ՝ ուկրաինական քարտի շահարկումների ազդեցությամբ ռուս-արևմտյան հարաբերությունների սրացման ֆոնին, համոզված է քաղաքագետը։ Մինսկի խմբի համանախագահների միջև տարաձայնությունները վկայում է մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական մրցակցության նոր գոտու մասին՝ ի դեմս Լեռնային Ղարաբաղի, որը կարող է դառնալ խաղաքարտ ընթացող քաղաքական առևտրի մեջ։
Հրանտ Մելիք- Շահնազարյանը չբացառեց, որ բանակցային գործընթացի ձգձգումը պայմանավորված է մոտ օրերս հիմնվող Եվրասիական տնտեսական միությամբ։ Ամեն դեպքում՝ Ռուսաստանի կողմից ղարաբաղյան գործընթացում դիրքերի հնարավոր զիջման պարագայում կթուլանա այդ երկրի ազդեցությունը նաև Հյուսիսային Կովկասի սեփական տարածքում, հավելեց բանախոսը։




