Մշակույթ

Նար Դոսի «Ես եւ նա»- ն՝ ռոք օպերա

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հունիսի 14- ին և 15- ին  Պատանի հանդիսատեսի թատրոնում տեղի կունենա «Ես և նա» ռոք օպերայի պրեմիերան, որը ներկայացնում է «Էդիսոն» թատերախումբը՝ գեղարվեստական ղեկավար,  ռեժիսոր և դերասան  Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։

2013-ի հունիսին «One Armenia» կազմակերպությունը հայտարարեց  դրամաշնորհի մրցույթ, որտեղ և հաղթող ճանաչվեց «Էդիսոն» թատերախումբը՝ առաջարկելով   բեմադրել ռոք-օպերա Նար Դոսի «Ես և նա» պատմվածքի հիման վրա:  Բեմադրության կոմպոզիտորը Արթուր Միտինյանն է՝ «Այաս» ռոք-խմբի հիմնադիրն ու  աշխարհում առաջին  «Բիթլզ ընդմիշտ» ռոք բալետի հեղինակը: Նա նաեւ բազմաթիվ   օպերային, սիմֆոնիկ,  կամերային, հոգեւոր, դաշնամուրային ստեղծագործությունների հեղինակ է, Ռուսաստանի կոմպոզիտորների միության անդամ: Երկար տարիներ ապրել և ստեղծագործել է ՌԴ-ում: 2008 թվականից տեղափոխվել և ապրում է Հայաստանում:

«Հայկական թատերախմբի հետ աշխատանքը գերագույն հաճույք էր»,- ասում է կոմպոզիտորը՝ խոստովանելով, որ իր բոլոր ստեղծագործություններն ինչ որ կերպ համեմված են հայկական շնչով, այդ թվում  ներկայացվող  ռոք օպերան։

Բեմադրության համար «One Armenia» կազմակերպությունը տրամադրել է 10 հազար դոլլար՝ հիմնականում տեխնիկական միջոցներ ձեռք բերելու համար։ Անձնակազմն աշխատել է, ինչպես ասում են, էնտուզիազմով: «Փորձելու ենք ապացուցել, որ ռոք-օպերա կարելի է բեմադրել նաև նման համեստ գումարով»,- ասում է «ԷԴԻՍՈՆ» թատերախմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Սարգսյանը՝ հույսը  սակայն չկորցնելով, որ մշակույթին Հայաստանում էլ մի օր լուրջ միջոցներ և ուշադրություն կհատկացնեն։

Back to top button