ԿարևորՀասարակություն

Մինգիչաուրից Արցախ, հետո Երևան՝ Ստեփանակերտ վերադառնալու հավատով  

Նաիրա  և Գուրգեն Բաբայանները 1988 թվականին 3 երեխաների հետ Մինգիչաուրից տեղափոխվել են Արցախի Պատարա գյուղ, վերակառուցել հայրական տունը: Այստեղ ծնվել են Արցախուհին և Նարինեն: Շարժման, պատերազմների միջով անցած ամուսինները զբաղվել են տարբեր գործերով՝ հողագործությունից մինչև անասնապահություն: 90-ականների պատերազմից հետո Ստեփանակերտում երրորդ անգամ քարը քարին դնելով  մեծ տուն են կառուցել, որտեղ ապրում էին երկու որդիների ընտանիքների հետ: Նրանց 5 զավակներն ընտանիք են կազմել Արցախում: Շրջափակման օրերին  խնամքով մշակել են իրենց բանջարանոցն ու այգին և բաժին հանել ծանոթ-անծանոթներին: 2023թ սեպտեմբերի 19-ի պատերազմից հետո  ընտանիքը հաստատվել է Երևանում, 3 սենյականոց բնակարան են վարձակալել, որտեղ ապրում են 12 հոգով:

«Գնալու ենք, գնալու ենք, որտե՞ղ…

-Ստեփանակերտ:

-Հա, ես էլ եմ ուզում Ստեփանակերտ գնալ, դրա համար այստեղից ոչ մի տեղ չեմ գնացել, բայց  ե՞րբ ենք գնալու:

-Ե՞րբ եք ուզում գնալ:

-Հենց հիմա էլ կգնամ:

-Իսկ եթե տունը քանդված, փլված լինի…

-Ոչինչ, թող քանդված լինի, բայց թուրք չլինի: Մինգիչաուրից,  երբ եկել եմ Արցախ, ինձ մի գրիչ էլ չի եղել… Կինս ամբողջ օրը լացում է, ուզում եմ մեքենայով տանեմ Հակարի կամուրջ ու ասեմ՝ դե գնա:

-Որ գնալու լինի, ես ոտքով եմ գնալու:

-Գիտեմ, ես քեզանից առաջ եմ գնալու»:

Նաիրա և Գուրգեն Բաբայաններն Արցախ վերադառնալու մասին են միշտ խոսում: Մեկը մյուսին հերթ չտալով՝ Ստեփանակերտ գնալու պայմաններն են քննակում․ կինը պատրաստ է ոտքով հասնել, ամուսինն ասում է, որ ինքն առաջինը կգնա կամ կնոջը մեքենայով կտանի, եթե համապատասխան պայմաններ ստեղծվեն:  Նաիրան ընդհատում է՝ մեքենադ թողել ես, ինչո՞վ ես ինձ տանելու: Մի պահ լռում են երկուսով, հետո հիշում, թե ինչպես թողեցին մեքենան․ պատճառը վառելիքը չէր:

«Ասեմ՝ նրա մեքենայի մեջ 12 մարդ կար, Մարտակերտից էին եկել: Մեքենայի անվադողերը փչացել էր, մարդը լացում էր, մենակ էր։ Ասացի՝ վերև Աստված կա, հաշվեցի՝ մեր բակում քանի մարդ ու քանի մեքենա կա և իմ մեքենայի անվադողերը հանեցի ու տվեցի նրան: Մեքենան Նաիրայի համար էի գնել: Գյուղ էինք գնում, հոն, մոշ  էինք քաղում, փայտ էինք բերում…

Նա ինձ համար սիրտ էր, համարյա մի երեխա: Այդ մեքենան միշտ ծառայել է մեզ ու մեր 5 երեխաներին. աշխատավայր, դպրոց, մանակապարտեզ էր բոլորիս հասցնում: Երբ այդ մարդն ասաց, որ մութ է եղել, մեքենան խփել է քարին և անվադողերը փչացել են, ամուսինս ասաց՝ ես իմ մեքենայինը կտամ: Նա ինձ լռեցրեց, երբ ասում էի՝ իսկ մենք ինչպե՞ս ենք մեր մեքենան տանելու: Կեսգիշերին անիվները հանել  ու  տվել  է նրան…»

Այդ օրը 2023 թվականի սեպտեմբերի 25-ն էր: Արցախի հայաթափումը շարունակվում էր, երկրում քաոս էր, խուճապ: Արդեն ադրբեջանական մեքենաներ էին շրջում Ստեփանակերտում: Վառելիքի ու մեքենաների բացակայության պատճառով ձգձգվում էր մարդկանց տարհանումը: Զինծառայողներ կային, որոնք շրջափակումից հենց այդ օրն էին դուրս եկել: Նաիրայի և Գուրգենի որդիներն էլ էին պայմանագրային զինծառայողներ: Կրտսեր որդին շրջափակման մեջ էր: Վերադարձավ: Սեպտեմբերի 25-ին մայրաքաղաքում միայն բենզինի հերթ էր՝ հորդ անձրևի տակ: Որդիներին մի կերպ են  համոզել, որ չգնան բենզինի պահեստ, թեև վառելիք ընդհանրապես չունեին։

«Բենզին չկար, իմ երեխաների ընտանիքների հետ 30 հոգով մեր տանն էինք:

-Որ բենզին չի եղել, բայց նման հնարավորություն կար, ինչո՞ւ չեք թողել Ձեր որդիները գնան:

-Սիրտս ա էլի..

Պայթյունի օրը  զանգել են տղաներիս ու ասել՝ բենզին են տալիս, եկեք տարեք: Բանալիները գաղտնի վերցրել եմ և գնացել մեքենայի մեջ նստել: Չեմ թողել գնան, բայց ընկերները գնացել են… Ուժեղ անձրև էր: Պայթյունի ժամանակ ես մեքենայի մեջ էի…»:  

Ցավով ու սարսափով են պատմում այդ օրվա  իրենց տեսածի ու լսածի մասին: Հաջորդ օրը՝սեպտեմբերի 26-ին, վառելիք են ձեռք բերում ու երկմտում՝ գնա՞լ, թե՞ մի քանի օր էլ մնալ: Շարժվում են: Մինչև Շուշի հասնելը Նաիրան նկատում է՝ ճանապարհը շատ է երկարելու, մեքենաները ժամերով նույն տեղում էին, գրեթե չէին շարժվում: Նա ոտքով վերդառնում է տուն:

«Տանը շատ ուտելիք չի եղել, բայց  փառք Աստծո, հավ եմ եփել վերցրել, բրինձ, կարտոֆիլ, մի քիչ խմոր եմ արել հացի  նման մի բան սարքել… Հասել ենք Մազի կամուրջը, մոտ երկու ժամ կանգնել ենք այնտեղ, ես նորից տուն եմ գնացել, որ հաց թխեմ»:

Այդպես մի քանի անգամ Նաիրան մտել է տուն և դուրս եկել, հասցրել է կիսաեփ վերցրած հավերը նորից եփել, վառարանի վրա հաց թխել: Ճանապարհին մենակ չենք կերել՝ասում է: Ամուսինները ցույց են տալիս հեռախով արված լուսանկարներն ու փորձում առանց հուզմունքի խոսել։

« Գիշերները չեմ քնում, գյուղի տնով մտնում եմ, Ստեփանակերտի  տնով դուրս գալիս:

Այդ տունը ես եմ  հիմնել, ամեն քար իմ ձեռքին կպել է: Աղջիկներիս օգնել եմ, տուն են կառուցել, որդիներիս համար բոլոր հարմարություններով  նույն ձևի տուն եմ կառուցել»:

Նաիրա  և Գուրգեն Բաբայաններն ունեն 5 զավակ, 13 թոռ: Բոլորով ապաստանել են Հայաստանի Հանրապետությունում: Հիմնական աշխատանք դեռ չեն գտել, բայց երկրից դուրս գալ չեն պատրաստվում: Առայժմ պետության կողմից տրամադրվող աջակցության ծրագրերից են օգտվում, թեև կանոնավոր չեն վճարվում: Դժգոհ են տան վարձավճարներից:

«Դեկտեմբերի գումարն ամբողջությամբ դեռ չենք ստացել, ստացածը տան վարձ ենք տալիս: Տանը դպրոցական 4 երեխա կա, խնդիրները շատ են: Գործի համար քանի տեղ դիմել եմ՝մերժել են: Փաստաթղթերը կարգավորել ենք, բայց թոշակ, նպաստ դեռ չենք ստացել»:

Ինչպե՞ս են շարունակում ապրել, որտե՞ղ են տեսնում իրենց  ապագան. եզրափակելով զրույցը՝ հարցնում եմ:

«Մենք արմատներով Արցախի Պատարա համայնքից ենք: Ես այնտեղ եմ ծնվել, 35 տարի ապրել եմ Արցախում: Հարազատ քույրերս Ամերիկայում են, բայց ես չեմ գնում: Իմ 5 երեխաներն էլ այստեղ են: Մեր ապագան Ստեփանակերտում ենք տեսնում, բայց կգնանք միայն համապատասխան պայմաններ ստեղծվելու դեպքում»:

Back to top button