ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Վարդիկն ու նրա արցախյան «Վարդենի» բրենդը

Արցախի դաշտերից հավաքած ծաղիկները ճարտարցի Վարդիկ Սարգսյանը խնամքով մշակել ու չորացրել է: Հետո ձեռք է բերել զարդերի համար նախատեսված հատուկ ապակիներ, ամրացրել ծաղկի թերթիկներն  ու ավելացրել արծաթե դետալներ: «Վարդենի» բրենդ ունենալու մասին նա երազում էր դեռ  2020 թվականի պատերազմի օրերին, երբ Երևան էր եկել ձեռնունայն ու ոչինչ չուներ Արցախի հետ կապված: Հիմա Արցախից բերված չորացրած ծաղիկները վերջանում են, բայց Վարդիկը նոր լուծումներ է գտնում սեփական բրենդի ինքնատիպությունը պահպանելու համար:

«Վարդենի» բրենդի պարտադիր մասնիկներն արցախյան են: Հայրենի դրախտավայրի մի կտորը միշտ կրելու մտահղացումը ծնվել է 44-օրյա պատերազմի օրերին: Վերադառնալով հայրենի Ճարտար՝ Վարդիկ Սարգսյանը հստակ որոշել էր՝ ունենալ փոքրիկ բրենդ, որը  կապված կլինի Արցախի հետ:

«Քանի որ մասնագիտությամբ կենսաբան եմ և ինձ շատ դուր էր գալիս ծաղիկների խնամքը, որոշեցի Արցախի՝ մեր փոքրիկ դրախտավայրի ծաղիկներն անմահացնել զարդերի տեսքով»:  

Բույսերի լեզուն հասկանում եմ՝ ասում  է: Երկխոսելով նրանց հետ կատարել է իր ընտրությունը,  և  հատուկ պատրաստած արծաթապատ ապակիներին գեղեցիկ տեսք հաղորդելով ստացել է տարբերվող զարդեր:  Բրենդի անվան ընտրությունը դժվար չէր Վարդիկի համար: Ընտրված անվան հիմքում նրա  անունն է՝ հայկական ու հայտնի հին ավանդույթներից: Նրբություններին տիրապետել է ժամանակի ընթացքում։

«Սկզբնական շրջանում միայն ծաղիկներով էի զարդեր պատրաստում, իսկ հետո, երբ հաճախորդների շրջանակը մեծացավ, հետաքրքրությունը լայնացավ, սկսեցինք նոր մոդելների վրա աշխատել. ծաղիկների հետ քարերի ապառաժներ էինք տեղադրում՝ զարդն ավելի գեղեցիկ դարձնելու համար»:

Այդպես յուրաքանչյուր  զարդի ստեղծման ժամանակ նոր և հետաքրքիր դետալներ ավելացնելով` Վարդիկը պահպանում է բրենդի  յուրօրինակությունը:

«Քանի որ Արցախից շատ քիչ ծաղիկներ եմ բերել, և տեսականին այնքան էլ շատ չէ, սկսել եմ զարդերի մոդելավորման վրա ավելի շատ աշխատել. Գանձասարի, Շուշիի, Ճարտարի, քանի որ ես ճարտարցի եմ… Այժմ աշխատում ենք Ամարասի մոդելի  վրա: Շատ մեծ ջանքեր ենք գործադրում, որ նաև Արցախի բոլոր պատմամշակութային կոթողների, սրբավայրերի, տեսարժան վայրերի մոդելներն ունենանք և Արցախը միշտ պահենք մեզ մոտ»:

«Վարդենին» Վարդիկի համար նախ հոբբի էր, իսկ հետո եկամտի աղբյուր դարձավ: 2022 թվականին TechWeek Artsakh «Կորիզ» նախագծում «Վարդենին» ներկայացել է իր ինքնատիպությամբ ու զարգացման հեռանկարներով և արժանացել 3-րդ մրցանակի: Բոլոր աշխատանքներն ինքն է համակարգում, գծագրում-մոդելավորում: Արծաթյա գործեր ստեղծելու հարցում նրան օգնում են հայաստանյան իր գործընկերները: Վարդիկն Արցախից Հայաստան է տեղափոխվել 2023 թվականի օգոստոսի 28–ին, այն  օրը, երբ ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան տեղափոխվող 3 ուսանողի:

«19 օր ես ընդամենը չմնացի բլոկադայում: Եկա Հայաստան` ուսման նպատակով, քանի որ 2023 թվականի մարտ ամսին արդեն ընդունվել էի, նույնիսկ վարձավճարի 10 տոկոսը վճարել էի: Ինձ  հետ վերցրել եմ իմ չորացրած ծաղիկների մի քանի տարբերակ, Արցախյան քարերից էի վերցրել, Աստղաշենի քարերից, Դրմբոնի հանքավայրից մի մեծ քար ունեի: Բայց անցակետն անցնելիս ինձ թույլ չտվեցին, որպեսզի բոլոր քարերը բերեմ: Միայն Աստղաշենի քարերը բերեցի, որ պահում էի իմ գրպանում: Անցակետն անցնելիս մեր ձեռքի պայուսակները սքանավորեցին և այդ քարերը իմ պայուսակի մեջ էր,  նրանք իմ աչքի առաջ քարերը հանեցին ու  շպրտեցին: Դա այն օրն էր, որ 3 տղայի առևանգեցին»:

Վարդիկը պատմում է, որ այդ դեպքից հետո ծանր ապրումներ է ունեցել, բայց ամենասարսափելին՝ սեպտեմբերի 19-ին պատերազմի լուրը լսելն ու իր ընտանիքից  տեղեկություն չունենալն էր: Ասում է, որ անհանգստանում էր հատկապես զինվորական հոր համար:

«Երեք օր իմ ընտանիքից լուր չունեի: Ապատեղեկատվություն էր տարածվել, որ Ճարտարը գրավել են: Վերջապես երեք օր անց  մայրս ու եղբայրս ոտքով հասնում են հարևան գյուղ, կապ հաստատում  ինձ հետ և Ստեփանակերտում գտնվող քրոջս հետ և  ասում,  որ իրենք լավ են ու  Ճարտարը չեն գրավել»:

Դեռ Արցախում Վարդիկը երազում էր գծագրման փուլում գտնվող հավաքածուն պատրաստել, ստեղծել նոր փաթեթավորում և  փոքրիկ խանութ սրահ ունենալ: Այսօր նրա երազանքին ավելացել է ևս մեկը. նորից Արցախ վերադառնալ ու Արցախում իրագործել նվիրական երազանքը:

 «Քանի որ Արցախյան ծաղիկները շատ քիչ են և նրանց մեջ կան նաև  կոտրտված թերթիկներ, այսպես ասած սիրտս մի տեսակ ցավում է և գիտեմ, որ  շուտով վերջանալու է, և հնարավորություն չկա նորից այդ ծաղիկներից հավաքել: Շատ նրբորեն եմ վերաբերվում ծաղիկների հետ և նույնիսկ կտրտված թերթիկներն իրար եմ միացնում, թեկուզ կարող է 2-3 օր աշախտեմ ամբողջական պատկերը ստանալու համար: Ուզում եմ, որ բոլորն իրենց մոտ ունենան Արցախից որևէ մասնիկ»:

Back to top button