Քաղաքական

Ինչո՞ւ ՕԵԿ- ը դուրս եկավ կոալիցիայից. բացատրում է կուսակցության փոխնախագահը

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Մարդու պաշտպանություն, փոքր եւ միջին բիզնեսի աջակցություն, սոցիալական պաշտպանությանը վերաբերող օրենսդրական նախաձեռնություն. այս ուղղություններով ավելի քան 10 օրենսդրական նախաձեռնություններով է վերջին շրջանում հանդես եկել ՕԵԿ-ը: Խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը վստահեցնում է, որ նախկինում էլ ՕԵԿ-ը բավականին ակտիվ է եղել եւ բարձրաձայնել է խնդիրները: Խոսելով Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի փոփոխությունների մասին` Մհեր Շահգելդյանը շեշտեց, թե իրենց համոզմամբ` ՕԵԿ-ի ներկայացրած նախագիծն ավելի հստակ էր համապատասխանում այն մոտեցումներին, որոնք պետք է լինեն։

Պատգամավորը չկիսեց դիտարկումը, որ միայն կոալիցիայից դուրս գալուց հետո են իրենք բարձրաձայնում խնդիրը: Ասաց, թե քննարկումների ժամանակ մշտապես հայտնել են իրենց դիրքորոշումը, իսկ վերջին շրջանում ներկայացված օրենսդրական նախաձեռնություններում առաջադրվող հարցերի մասին նույնպես կան այնպիսի հարցադրումներ, որոնք կոալիցիայում գտնվելու ժամանակ էլ արել են: Իրենց դիրքորոշումներն այդ առումով չեն փոխվել, վստահեցնում է ՕԵԿ-ական պատգամավորը։

Անդրադառնալով քառյակի հետ համագործակցությանն առնչվող հարցին` Մհեր Շահգելդյանը շեշտեց, թե քառյակին միանալ-չմիանալու խնդիր չկա, քանի որ այն ոչ թե ինչ-որ կազմակերպություն է, այլ` ձեւաչափ հարցերը քննարկելու համար: Այս առումով, ըստ նրա, եթե լինեն հարցեր, որոնք ի նպաստ երկրի ու ժողովրդի են, ապա իրենք պատրաստ են համագործակցել: Նա նկատեց նաեւ, որ քառյակի շրջանակներում տարբեր հարցերի շուրջ կան տարբեր մոտեցումներ, հետեւաբար` ընդունել-չընդունելու հարց էլ չկա:

Ինչպիսի՞ն կլինի ՕԵԿ քվեարկությունը կառավարության ծրագրին: Մհեր Շահգելդյանը նշեց, թե առայժմ իրենք քննարկում են ծրագրային դրույթները: Կարծում են, որ ամենագլխավորը ծրագրերի իրականացման ինստիտուցիոնալ հենքն է, մինչդեռ, նրա ձեւակերպմամբ, այս փուլում շատ հաճախ տեսնում են միայն ընդհանրական ձեւակերպումներ: Կլինեն քննարկումներ, հարցուպատասխան, որին ակտիվորեն կմասնակցի եւ իր վերջնական դիրքորոշումը ՕԵԿ-ը կարտահայտի:

Խոսքը` խոսք, բայց մոտեցումը մեկն է` պետք է հասկանանք, թե ինչպիսի մոտեցումներ են լինելու եւ, մեծ հաշվով, ինչպիսի քայլեր հետագայում, եզրափակեց ՕԵԿ-ական պատգամավորը։

Back to top button