ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Բնակարանների գների 10-15% աճ է սպասվում․ շինթույլտվության վճարներն ավելացել են

Երևանի ավագանին 2023 թվականի դեկտեմբերի 26-ի նիստում Երևանում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու մասին որոշումներ է ընդունել։ Շինթույլտվության փաստաթուղթ ստանալու համար նախկինում վճարվող 700․000 դրամի փոխարեն կառուցապատողներն այսուհետ պետք է վճարեն մի քանի անգամ ավել գումար։ Շինարարության ոլորտում կատարված օրենսդրական փոփոխությունները դժգոհություններ են առաջացրել ոչ միայն կառուցապատողների, այլև բնակարանային ապահովման ծրագրերից օգտվողների շրջանում։ Այդ փոփոխություններն իրենց ուղիղ ազդեցությունն են թողել շինարարական ծախսերի և վաճառքի գների վրա։ Այսօր շինթույլտվությունների վերաբերյալ կառուցապատողների հետ քննարկում է կազմակերպվել ԱԺ-ում։

Խնդիրները, որոնց բախվում են կառուցապատողները, ինչպես ինստիտուցիոնալ, այնպես էլ տեղային բնույթ են կրում։ Վերջինի օրինակն են Երևանի ավագանու ընդունած տեղական տուրքեր և վճարներ սահմանող իրավական ակտերը, իսկ ինստիտուցիոնալ խնդիրները հանրապետական մասշտաբի են։ 

Ուղիղ մեկ տարի առաջ սկսեց շրջանառվել տեղական տուրքերի վճարների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում էր շինարարական թույլտվության գործող տուրքը ենթարկել փոփոխությունների։ «Կառուցապատողների հայկական ասոցիացիայի» խորհրդի անդամ Արմեն Սաքապետոյանի խոսքով՝ փոփոխություններից ակնկալվում էր, որ կլավարկվեն կառուցապատողներին մատուցվող ծառայությունները։ Սակայն հետագայում շրջանառության մեջ դրվեցին տարբեր նոր վճարներ, և, արդյունքում ստեղծվեց այլ իրավիճակ։

«Մասնավորապես, հողի կարգավիճակի փոփոխության համար սահմանվեց վճար, ապա կադաստրային, ջրային տրամադրման համար վճար, միջանկյալ ՃՀԱ-ի հաստատման վճար, շինթույլտվության հաստատման համար տեղական տուրք, շինթույլտվության երկարացման համար։ Անդրադարձ չեղավ նաև անցումային դրույթներին, այսինքն՝ երբ գոյություն ունեին սկսած նախագծեր, ներդրումներ։ Արդյունքում ունեցանք իրավիճակ, որ ընդունվեց ավագանու որոշումը բազմաթիվ հետևանքներով»։

Ըստ Սաքապետոյանի՝ 2025 թվականի հունվարի 1-ից հետո Երևանում կառուցապատման շուկայում անկում է սպասվում։ Բնակարանները կթանկանան ու շատերին այլևս հասանելի չեն լինի։ 

«Այս տուրքերը սահմանելով, ունենալու ենք լրացուցիչ ծախսեր, որոնք ազդելու են բնակարանների մատչելիության վրա։ Տուրքերի, վճարների, հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից սակագների փոփոխության արդյունքում առնվազն 10-15 տոկոսի չափով առաջիկայում կունենանք բնակարանների գնաճ »։

«Կառուցապատողների հայկական ասոցիացիան» իրավիճակը մեղմելու համար մի շարք առաջարկներ է ներկայացրել, որոնք, միության նախագահ Գուրգեն  Գրիգորյանի խոսքով, քաղաքային իշխանության կողմից չեն ընդունվել։ Մինչդեռ՝ հետխորհրդային երկրների մայրաքաղաքների և այլ խոշոր քաղաքների փորձի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ որևէ տեղ նման տուրքեր կամ վճարներ սահմանված չեն: Այդ քաղաքներում բոլոր քաղաքաշինական թույլտվություններն անվճար են կամ սահմանված են սիմվոլիկ գումարներ: Գրիգորյանի խոսքով՝ այսօրվա շուկայական պայմաններում կառուցապատմամբ զբաղվելն այլևս տնտեսապես անիմաստ է, դոմինոյի էֆեկտով հետևանքներից տուժելու են տնտեսության բոլոր ճյուղերը։

«Կառուցապատման ոլորտի անկումը միայն կառուցապատողին չէ վնաս, շատերը կիրականացնեն ռելոկացիա՝ իրենց բիզնեսը, գործարար փորձը կտեղափոխեն այլ երկրներ և կիրականացնեն կառուցապատում այլ երկրներում։ Ակնհայտ է, որ կառուցապատման ոլորտի անկմամբ ունենալու ենք դեմոգրաֆիկ նոր մարտահրավեր, հայ տղամարդիկ նորից կորդեգրեն արտագնա աշխատանքի ճանապարհը, բազմաթիվ աշխատատեղեր կփակվեն»:

Իրավիճակն ահագնացող է՝ նշում է խորհրդի անդամ Տիգրան Հարությունյանը։ Կադաստրի կոմիտեի տվյալների համաձայն, նախորդ եռամսյակում բնակարանների վաճառքների անկում է եղել ավելի քան 25 տոկոսով: Հարությունյանի խոսքով, ամենօրյա աշխատանքում էլ տեսնում են, որ վաճառքների նվազման միտում կա: Կառուցապատողը ուշադադրություն է հրավիրում հանրային ծառայություն մատուցող ընկերությունների առաջարկած պայմաններին։

«Եթե դուք նոր քաղաքաշինական նախագիծ եք սկսում Երևանում և, օրինակ, մի փոքր մեծ է ձեր քաղաքաշինական նախագիծը և դիմում եք ջրի տեխպայման ստանալու համար, ձեզ այսօր ուղարկում են Հրազդանից ջուր բերելու: Դա հանրապետական նշանակության ճանապարհի եզրով մոտ 60-70 կմ,. հազարավոր հողերի միջով ջուր բերելու մասին է խոսքը: Իրականում ոչ մի կառուցապատողի համար դա հաղթահարելի խնդիր չէ: Հաջորդը ՀԷՑ-ի միացման սակագինը 5-ապատիկ ավելացնելն է: Հաջորդը գազի միացման խնդիրն է»: 

Ինչո՞ւ քաղաքապետարանը նման որոշումների գնաց՝ հնչած տեսակետներին արձագանքեց Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։

«2 հիմնական գործոն կա։ Նախ՝ շինթույլտվությունների մասով ԱԺ-ն օրենքի փոփոխություն է կատարել, որով մեզ լիազորել է սահմանել այդ սանդղակը։ Այստեղ մենք լուրջ վերլուծություն ենք կատարել և այլևս համաձայն չենք եղել, որ կառուցապատողը կարող է գալ և քաղաքի ցանկացած մասում վճարել 700 հազար դրամ՝ չկառուցապատելով մանկապարտեզ, չթարմացնելով կոյուղին, միջավայրի համար կոմունալ առումով հավելյալ բեռ ստեղծելով և ընդամենը գերշահույթ ստանալով, վաճառել բնակարանը և անցանել հաջորդ պրոյեկտին։ Այդպես չի լինում և չի լինում ցանկացած քաղաքում»։

 Լևոն Հովհաննիսյանը վստահեցնում է՝ ամենևին նպատակ չունեն խոչընդոտելու կառուցապատման բիզնեսը: Մարտ ամսին Երևանի քաղաքապետարանում շարունակելու են քննարկումները կառուցապատողների հետ՝ առաջացած խնդիրներին հնարավոր լուծումներ տալու համար:

Կարդացեք նաև

Back to top button