
Գերմանիայի Մյունխեն քաղաքում երկրորդ օրն է՝ ընթանում է անվտանգության ամենամյա համաժողովը։ Բարձրաստիճան տասնյակ հանդիպումների կիզակետում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եռակողմ հանդիպում է։ Գերմանացի պաշտոնյայի նախաձեռնությամբ կայացած հանդիպմանը մասնակցել են Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները։ Հանդիպումից շատ բան հայտնի չէ․ հայկական պաշտոնական աղբյուրները հաղորդում են՝ կողմերը քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված քայլերը։ Եռակողմ հանդիպմանը նախորդել է նաև Փաշինյան-Բլինքեն հանդիպումը։
Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են շարունակել բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ․ սա Մյունխենում կայացած եռակողմ հանդիպումից հետո հայտնի սակավաթիվ դրվագներից մեկն է։ Պաշտոնական աղբյուրները մանրամասներ չեն հայտնում, հայտնի չէ նաև, թե որքան է տևել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների երկկողմ հանդիպումը։ Տարածված լուսանկարներում միայն երևում է, որ հանդիպմանը մասնակցել են նաև երկու երկրների արտգործնախարարները: Ավելի ուշ ադրբեջանական աղբյուրները գրում էին, որ քննարկումները շարունակվել են արտգործնախարարների մակարդակով։ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին նաև հանձնարարվել է շարունակել սահմանազատման շուրջ բանակցությունները։
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցած հանդիպումը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի նախաձեռնությամբ էր։ ՀՀ Կառավարությունից հայտնում են, որ եռակողմ բարձրաստիճան հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված քայլերը:

Եռակողմ հանդիպումից հետո Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը X-ի իր միկրոբլոգում ամփոփել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ քննարկումը, շեշտել, որ երկու կողմերը պայմանավորվել են բաց հարցերը լուծել առանց նոր բռնությունների։
«Գերմանիան և Եվրոպան պատրաստ են իրենց հնարավորությունների սահմաններում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին։ Ես դա հաստատել եմ երկու երկրների հետ քննարկումներում»,-գրել է Շոլցը։
Մինչ եռակողմ հանդիպումը գերմանացի պաշտոնյան նաև առանձին հանդիպումներ էր ունեցել Փաշինյանի ու Ալիևի հետ՝ հանդիպումների առանցքում կրկին Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացն էր։ Մյունխենում ընթացող անվտանգության ամենամյա համաժողովում սրանք միակ բարձրաստիճան հանդիպումները չէին։
Վերջին շաբաթվա ընթացքում հայ–ադրբեջանական սահմանի լարվածությունն ու հայ դիրքապահների թիրախավորումը Փաշինյանի ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպման կիզակետում էին։ Հայաստանի վարչապետը ամերիկացի գործընկերոջը հայտնել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա է լարվածության նոր փուլ, ինչի հետևանքով հայ դիրքապահներ են սպանվել։

Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Բլինքենի ջանքերը` բանակցային գործընթացին ու երկխոսությանն աջակցելու, Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության ապահովման ուղղությամբ: Վարչապետը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ գնալ կոնկրետ լուծումների, մասնավորապես, արդեն իսկ միջազգային հարթակներում գրավոր կերպով հրապարակային արձանագրված սկզբունքների հիման վրա:
«Կարծում եմ` մենք հաստատել ենք շատ արդյունավետ գործընկերություն և 2019-ին սկսեցինք ռազմավարական երկխոսությունը: Այս տարին ևս կարևոր է, մենք սպասում ենք մեր ամերիկյան գործընկերների հետ բավականին ծավալուն օրակարգով նիստին։ Իհարկե, տարածաշրջանային հարցերը ևս շատ կարևոր են մեր օրակարգի համար։ Դժբախտաբար, այս պահին Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա է լարվածության նոր փուլ, վերջերս տեղի ունեցավ լարվածության նոր աճ, որը պատճառ դարձավ մեծ կորուստների»,– ասել է Փաշինյանը։
Հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը X սոցիալական ցանցում գրառում է կատարել Փաշինյանի հետ հանդիպման մասին՝ այն որակելով արդյունավետ՝ թե՛ Բաքվի, թե՛ Երևանի համար։

Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի ու ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենի հանդիպման օրակարգում է եղել։ Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ ադրբեջանցի պաշտոնյան անդրադարձել է նաև Հայաստանի Սահմանադրությանը, պնդելով, որ դրանում Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ պահանջներ կան, որոնցից հրաժարվել է պետք։
Արդեն հանդիպումից հետո Փաշինյանը ադրբեջանցի լրագրողների՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու մտադրության վերաբերյալ հարցին չի պատասխանել։
Մյունխենում երեկ՝ փետրվարի 16-ին մեկնարկած անվտանգության ամենամյա համաժողովին մասնակցում են մի քանի տասնյակ երկրների նախագահներ, կառավարությունների ղեկավարներ ու արտաքին գործերի նախարարներ, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել նաև ԵԱՀԿ գործող նախագահ Իեն Բորջի և Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրի հետ։ Վերջինը 2022-ի դեկտեմբերին էր այցելել Հայաստան, հանդիպել վարչապետի ու ԱԱԾ տնօրենի հետ։




