ԿարևորՀասարակություն

Սահմանվել է դպրոցի զարգացման ծրագրի կազմման նոր ձևաչափը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով փոփոխություն է կատարվել ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 22-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի մշակման ձևաչափը և զարգացման ծրագրի կատարման ամենամյա հաշվետվության կատարողականի ցուցանիշներն ու պահանջները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հունվարի 15-ի N 16-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 35-Ն հրամանում:

Նոր փոփոխությամբ սահմանվել է ուսումնական հաստատության զարգացման ծրագրի կազմման նոր ձևաչափ, որը, մասնավորապես, վերաբերում է զարգացման ծրագրի կատարման ամենամյա հաշվետվության կատարողականի ցուցանիշներն ու պահանջները ներկայացնելուն:

Մասնավորապես՝ առանձին սյունյակներով անհրաժեշտ է ներկայացնել՝
• նպատակներին ուղղված գործողությունների արդյունքները և դրանց հիմքերը,
• չկատարված կամ թերի կատարված գործողությունները,
• դրանց պատճառները,
• փոփոխությունների և լրացումների առաջարկություններ,
• հաղորդակցության և համայնքի հետ հարաբերությունների կազմակերպման մեխանիզմները:

Հաշվետվությունը պետք է ներառի յուրաքանչյուր կատարողական ցուցանիշի կատարման մասին անհրաժեշտ փաստացի տվյալներ, հիմնավորող փաստաթղթեր, վերլուծություններ, որոնք կցվում են հաշվետվության ձևաչափին։

Ծրագիրը հաստատության ռազմավարական փաստաթուղթն է, որի հիման վրա պլանավորվում են ուսումնադաստիարակչական աշխատանքները հաստատությունում: Ծրագիրը կազմվում է 5 տարվա համար և ընդգրկում է հետևյալ բաղադրիչները՝ իրավիճակի վերլուծություն, նպատակների և խնդիրների սահմանում, դրանց իրականացումն ապահովող գործողությունները, միջոցները և ժամանակացույցը, արդյունքների չափման մեխանիզմները և գործիքները, զարգացման ծրագրի ռիսկերը և դրանց կանխման հնարավորությունները:

Տեղեկացնենք նաև՝ 2024 թվականի փետրվարի 13-ից սկսած պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար հայտարարվող մրցույթները կազմակերպելիս անհրաժեշտ է առաջնորդվել վերոգրյալ հրամանով հաստատված զարգացման ծրագրի կազմման նոր ձևաչափով:

Կարդացեք նաև

Back to top button