Լուսինե Տոնոյանը ծնվել է 1989 թվականին Երևանում։ Ավարտել է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, մասնագիտությամբ մաշկաբան է։ Մինչ համալսարանը Լուսինեն ավարտել է նաև Երևանի հենակետային բժշկական քոլեջը՝ մասնագիտանալով որպես մանկաբարձ, միաժամանակ, ստացել զինվորական գրքույկ։
2020-ի սեպտեմբերի 27-ին զինկոմիսարիատից ստացած զանգը հենց այս գրքույկով էլ պայմանավորված էր։ Ի դեպ, Լուսինեն պատմում է, որ նույն օրը ընկերուհու հետ պատրաստվում էին ուղևորվել դեպի Արցախ։ Ավտոմեքենային սպասելիս առավոտյան 7.40 վարորդին զանգ է գալիս, որից հետո նա ասում է՝ Ստեփանակերտին թխալ են։ Ընդհատված ուղևորությունը դեպի Արցախ վերականգնվում է կարճ ժամանակ անց։
Զինվորական հոսպիտալում մասնագիտական բաշխում կատարելիս պարզվում է, որ մաշկաբանի մասնագիտությամբ Լուսինեն առաջնագծում անելիք չունի, ասում են՝ կարող ես տուն գնալ, ինչին արձագանքում է՝ տուն չեմ գնա, կմնամ ու կօգնեմ, ինչով կարող եմ։ Սեպտեմբերի 28-ին արդեն Իշխանաձորի հոսպիտալում էր։
Ամենատպավորիչը պատերազմական այդ օրերից ժամկետային մեր տղաների կամքի ուժն ու մարդկային որակների աներևակայելի դրսևորումներն էին։ Պատերազմից ավելի սարսափելին «խաղաղություն» ավետող նոյեմբերի ինն էր։ Կոչումով սերժանտ Լուսինե Տոնոյանն այժմ աշխատում է թիվ 8 և 17 պոլիկլինիկաներում որպես մաշկաբան։ Հիվանդներին օգնում է հաղթահարել մաշկային խնդիրները, իսկ ինքն ամբողջ մաշկով ու էությամբ զգում է Արցախի կորստի ցավը՝ հավատալով, որ մեզնից խլածը մի օր վերադարձնելու ենք։