ԿարևորՀասարակություն

Օրը՝ կարճ. 06․02․24

Երևանում շուտով ներդրվելու է միասնական տոմսային համակարգ, իսկ փոխադրավարձերը լինելու են տարբեր, ըստ երթուղու սպասարկման։ Երևանի ավագանին փետրվարի 13-ի նիստում է քննարկելու «Երևան համայնքում ավտոբուսային փոխադրումների սպասարկման փոխադրավարձը սահմանելու» հարցը։ Այս նախագիծը հանրային լայն քննարկումների առարկա է դարձել արդեն։ Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն այսօրվա մամուլի ասուլիսում մանրամասնել է միասնական տոմսային համակարգի ներդրման գործընթացը։

Փետրվարի 6-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում դեռևս չպարզված հանգամանքներում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է պահեստազորային Արթուր Վարուժանի Գրիգորյանը (ծնված 1985 թ.):

Հրդեհը մեկուսացվել և մարվել է: Այլ տուժածներ չկան: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում պահեստազորայինի ընտանիքի անդամներին և հարազատներին:

«Ազնավուրը՝ դասական հնչողությամբ» համերգային ծրագրով փետրվարի 4-ին Կաննի Փառատոների և կոնգրեսների պալատում (Palais des Festivals et des Congrès) տրվել է Շառլ Ազնավուրի հարյուրամյակին նվիրված միջոցառումների պաշտոնական մեկնարկը, հայտնում են «Ազնավուր» հիմնադրամից։

Մայրաքաղաքի ավագանին վաղը՝ փետրվարի 7-ին, հետաձգված արտահերթ նիստում կքննարկի ավագանու ընդդիմադիր 5 անդամին՝ այդ թվում նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին մանդատից զրկելու հարցը։ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետոթյուն» խմբակցությունների հեղինակած նախագծերն դրական եզրակացություն են ստացել ավագանու իրավական հարցերով մշտական հանձնաժողովի կողմից, մինչդեռ ավագանու ընդդիմադիր անդամները պնդում են՝ սա պարզապես իրենց լռեցնելու ու ընդդիմադիրներից ազատվելու փորձ է։ «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում արձագանքում է՝ իրենք պարզապես օրենքի պահանջն են կատարում։

Սովորական դպրոցական առարկան այսօր դարձել է ներքաղաքական խնդիրներ պարզելու միջոց։ Խորհրդարանի քաղաքական ուժերի առճակատումը այս անգամ ծավալվել է «Հայոց պատմություն» առարկան վերանվանելու հարցի շուրջ։ Ավելի հեռուն և ավելի խորը գնացող ծրագրեր են «բացահայտում» քաղաքական ուժերը՝ միմյանց մեղադրելով դավաճանության և անսկզբունքայնության մեջ։ Խիստ լարված մթնոլորը խորհրդարանում հրահրել էր օրակարգի հետ որևէ առնչություն չունեցող հարցը։ 

Հրաչյա Զաքարյանը ծնվել է 1994 թվականին Երևանում։ 2012-ին ընդունվել է Ագրարային համալսարանի կադաստրային բաժին։ 2014-ին սեփական դիմումի համաձայն զորակոչվել է բանակ, ծառայել  է Արցախի Մարտակերտի շրջանի Ներքին Հորաթաղի զորամասում, սկզբում որպես վարորդ, ավելի ուշ՝ հրանոթի նշանառու։ Զորացրվել է 2016-ին, ապրիլյան պատերազմի մասնակից է։ Զորացրվելուց հետո ընդգրկվել է «Մեծն Տիգրան» աշխարհազորային ջոկատի կազմում, մասնակցել է «ՈՄԱ»-ի հավաքներին։ 2020-ի պատերազմին Արցախ է մեկնել  Լուսակերտի զորամասի հրետանու կազմում։ Եղել է առաջնագծի տարբեր հատվածներում։ 44-օրյայից հետո «ՈՄԱ» գումարտակի կազմում Հրաչյա Զաքարյանը մասնակցել է նաև Ջերմուկի դեպքերին։ Այժմ ծրագրավորում է սովորում  «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամում, աշխատում է արտադրության ոլորտում։ 2023-ի հունիսին Հրաչյան ամուսնացել է, իրեն երջանիկ մարդ է համարում, բայց հիշողությունից չի կարող ջնջել  հենց իր աչքի առաջ զոհված ընկերոջ հայացքը։ «Զրուցում էինք , ու հենց այդ պահին ընկերոջս դիպավ դիպուկահարի գնդակը։ Երբ մոտեցանք, ասաց՝ ամեն ինչ վերջացած է, սրտիս են խփել»,-պատմում է Հրաչյան։

Կառավարությունը հաստատել է մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների ներգրավման միջոցառումը, որի նպատակը մասնագետներ պատրաստելն ու հետագայում նրանց ոլորտում աշխատանքի ընդունելն է։ Շահառուին աջակցությունը տրամադրվում է այն դեպքում, եթե շահառուի և աշխատողի միջև աշխատանքային հարաբերությունների հաստատման առաջին տասներկու ամիսները ներառված են 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում։

Աշխատանք գտնելու և ապրելու նվազագույն պայմաններ ստեղծելու համար Արցախից տեղահանված քաղաքացիներից շատերը դեռ որոնումների մեջ են: Արմավիրի մարզի Լուկաշին բնակավայրում ի սկզբանե 32 ընտանիք էր տեղավորվել։ Դրանցից 3-ը վերջերս Երևանում աշխատանք է գտել ու տեղափոխվել, երեք ընտանիք էլ ցանկություն է հայտնել մշտապես ապրել Լուկաշինում:

«Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգություն» շտեմարանում նոր ենթաբաժին է ավելացել «Ուտեստների շտեմարան» վերնագրով, որը կազմվել է ՀՀ համայնքներում ուտեստների նախնական գույքագրման արդյունքում։ Գործընթացին մասնակցել են ՀՀ 10 մարզերի 50 համայնքների 40 բնակավայրերի, 20 գյուղերի և 7 քաղաքների 160 շահառուներ: Գույքագրվել են հայկական և եզդիական ազգային ուտեստների շուրջ 250 տարրեր։ Գույքագրմանը մասնակցել են պետական և հասարակական կազմակերպություններ, ուտեստի ոլորտի մասնավոր ձեռնարկություններ և անհատներ։

Փետրվարի 5-ին դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում ունեցավ Բրյուսելի քաղաքապետ Ֆիլիպ Կլոսի հետ։

Քաղաքապետի խնդրանքով` դեսպան Բալայանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացրած էթնիկ զտման պատճառով բռնի տեղահանված հայերի ներկա պայմանները և կարիքները՝ շեշտելով Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարման անհրաժեշտությունը։

Կարդացեք նաև

Back to top button