
Մայրաքաղաքի ավագանին վաղը՝ փետրվարի 7-ին, հետաձգված արտահերթ նիստում կքննարկի ավագանու ընդդիմադիր 5 անդամին՝ այդ թվում նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին մանդատից զրկելու հարցը։ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետոթյուն» խմբակցությունների հեղինակած նախագծերն դրական եզրակացություն են ստացել ավագանու իրավական հարցերով մշտական հանձնաժողովի կողմից, մինչդեռ ավագանու ընդդիմադիր անդամները պնդում են՝ սա պարզապես իրենց լռեցնելու ու ընդդիմադիրներից ազատվելու փորձ է։ «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում արձագանքում է՝ իրենք պարզապես օրենքի պահանջն են կատարում։
Մենք ոչ թե բացակայել, այլ բոյկոտել ենք․ Երևանի ավագանու ընդդիմադիր անդամներն այսպես են արձագանքում «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունների՝ իրենց մանդատից զրկելու վերաբերյալ նախաձեռնությունը։ Սա պարզապես քաղաքական ճնշում է՝ պնդում է «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը։
«Եթե որոշում են կայացրել բացակայությունների հիմքով մանդատից զրկեն մեր գործընկերներին, ապա ինձ ինչո՞ւ չեն հեռացնում։ Մենք հանձնաժողովի 2 նիստ ենք անցկացրել, ես երկուսն էլ բոյկոտել ու չեմ մասնակցել։ Իրենք պարզապես ընտրել են կոնկրետ մեր դեպքում խմբակցության առաջնորդին, որպեսզի խնդիրներ առաջացնեն խմբակցության ներսում, «գլխատեն» քաղաքական ուժը»։
Քաղաքային իշխանությունը հիմնավորում է մտադրությունը՝ «Ազգային առաջընթաց» խմբակցության առաջնորդ, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Նարինե Հայրապետյանը, Սոնա Աղեկյանը, Գևորգ Ստեփանյանն ու Զարուհի Փոստանջյանը բացակայել են ու չեն մասնակցել քվեարկությունների։

Իսկ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի համաձայն մեկ նստաշրջանի ընթացքում տեղի ունեցած նիստերի կամ քվերակությունների կեսից ավելիից անհարգելի բացակայությունը մանդատից զրկելու հիմք է։ «Մայր Հայաստան» խմբակցության՝ մանդատից զրկվելու վտանգի առաջ կանգնած անդամներից Սոնա Աղեկյանը վստահ է՝ իշխանական գործընկերների մտադրությունը ոչ այլ ինչ է, քան ընդդիմությանը լռեցնելու փորձ։
«Սա քաղաքական որոշում է․ փորձում են ազատվել ավագանու այն անդամներից, ովքեր կարող են քաղաքական հնչեղություն ապահովել ցանկացած օրակարգային հարցի շուրջ»,– պնդում է Աղեկյանը։
Ավագանու ընդդիմադիր անդամներին մանդատից զրկելու նախագծի համահեղինակ «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանն արձագանքում է ընդդիմադիր գործընկերների պնդումներին, վստահեցնում՝ նախագծերը պարզապես օրենքի պահանջ են․ բացակայել են, ուրեմն պետք է հրաժարվեն մանդատից։

«Կա հստակ օրենքի պահանջ, որով նախագծերը կազմվել են․ ամբողջ նստաշրջանի ընթացքում մարդիկ կան, որ 0 քվեարկության են մասնակցել։ Այնպես որ, այստեղ չկա քաղաքական ենթատեքստ։ Մենք իրենց լռեցնելու խնդիր չունենք, իրենք ինչքան խոսում են, այնքան վարկաբեկում են իրենց, իսկ դա մեզ համար հարմար ու հաճելի է»։
Նիստը կամ քվեարկությունը բոյկոտելը ևս քվերակության ձև է՝ պնդում են ընդդիմադիրներն ու նկատում՝ ի վերջո ավագանու անդամի գործառույթը միայն նիստերի գալը չէ։ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը պնդում է՝ ոչ մի քաղաքական ուժ իրավունք չունի մանդատից զրկել երևանցիների քվեին արժանացած ավագանու անդամներին։ Նախագծի հեղինակներից Անի Խաչատրյանը, սակայն, հակադարձում է․
«Եթե այդպես է, թող օրենքը ու օրենքի պահանջները փոխեն։ Երևանցիները քաղաքական ուժերին են տվել իրենց ձայնը, այդ քաղաքական ուժի մյուս անդամները կվերցնեն մանդատները․ այնպես չէ, որ մենք ենք այդ մանդատները վերցնելու»։

Երևանի ավագանու իրավական հարցերով մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ընդդիմադիր անդամներին մանդատից զրկելու նախագծերին։ Դրանք ավագանու նիստում կքննարկվեն փետրվարի 7-ի արտահերթ նիստում։ Մինչդեռ նիստի կայանալը ևս ընդդիմադիրները կասկածի տակ են դնում։
«Ես կարծում եմ, որ ավագանու նիստին կմասնակցեն բոլոր այն անդամները, որոնք ինչ-որ չափով մտահոգ են Երևանի ապագայի համար»։
Ավագանու անդամին լիազորություններից զրկելու համար անհրաժեշտ է 33 կողմ ձայն։ «Քաղաքացիական պայմանագիրն» ու այդ խմբակցության հետ համագործակցության հուշագիր կնքած «Հանրապետությունը» միասին ավագանիում 32 ձայն ունեն։ Ավելի վաղ Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցությունն էր հայտարարել, որ որոշել է բոյկոտել ու չի մասնակցելու արտահերթ նիստին «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը ավագանու ընդդիմադիր խմբակցություններին ևս հորդորել է միանալ բոյկոտին։




