ԿարևորՏնտեսական

Գյուղատնտեսական սեզոնը Արմավիրում կթեթևացնի արցախցիների հոգսերը

Աշխատանք գտնելու և ապրելու նվազագույն պայմաններ ստեղծելու համար Արցախից տեղահանված քաղաքացիներից շատերը դեռ որոնումների մեջ են: Արմավիրի մարզի Լուկաշին բնակավայրում ի սկզբանե 32 ընտանիք էր տեղավորվել։ Դրանցից 3-ը վերջերս Երևանում աշխատանք է գտել ու տեղափոխվել, երեք ընտանիք էլ ցանկություն է հայտնել մշտապես ապրել Լուկաշինում:

Պետունցների 11 հոգանոց ընտանիքը, հինգ անչափահասներով, Արմավիրի մարզի Լուկաշին գյուղում է տեղավորվել: Երեխաներն արդեն հարմարվել են նոր պայմաններին։

Ընտանիքի ամենակրտսեր անդամը Հայաստանում է ծնվել՝ 44-օրյա պատերազմի օրերին: Երեխաները ընտանիքի միակ ուրախությունն են, որոնց հետ փորձում են մոռանալ բոլոր կորուստներն ու զրկանքները: Էդուարդ Պետունցի ընտանիքը Լուկաշին է եկել Ստեփանակերտից: Տունը, որտեղ հիմա ապրում են, 20 տարուց ավելի դատարկ է եղել, տանտերերն արտերկրում են: Այժմ ապրելու համար որոշակի կենցաղային հարմարություններ են ստեղծել:

Աիդա Պետունց. «Այս տանը ոչ մի բան չի եղել, մենք կոյուղին ենք քաշել, խողովակներն անցկացրել, ջուր քաշել, զուգարանը չէր աշխատում, ամբողջը մենք ենք արել: Անձրևների ժամանակ ամբողջ գիշեր ջուրը հավաքում, թափում էի: Տանիքը վնասված էր: Գյուղապետարանը 10-ից ավելի ազբեստե ծածկ է տվել, մենք էլ թիթեղներ ենք առել ու ծածկել տանիքը»:  

Ստեփանակերտից բեռնատարով են եկել։ Իրենց հետ միայն մի քանի կենցաղային տեխնիկա բերել: Մնացած իրերն այստեղ են ձեռք բերել։ Ասում են՝ արդեն հարազատ դարձած մարդիկ են օգնել:

«Գյուղապետարանից Գևորգն է օգնել, տանը միայն սա է եղել, մնացածը մեզ մեր նախկին տանտերերն են տվել. 44-օրյայի ժամանակ Արգավանդում ենք մնացել, իրենք են բերել: Այս գյուղում էլ շատ լավ ժողովուրդ են, մարդկային, օգնող, ամեն ինչով էլ օգնել են. մեկը՝ արկղով խնձոր է բերել, մյուսը՝ կաղամբ, ով ինչով կարողանում է, օգնում է»:

Գևորգ Զեյնալյանը Լուկաշին համայնքի վարչական ղեկավարն է: Արցախցիների տեղահանման առաջին օրվանից, պայամանավորվելով արտերկրում գտնվող համագյուղացիների հետ, նրանց տների փակ դռները բացել, անվճար տրամադրել է արցախցիներին: Պետունցների ընտանիքն էլ է անվճար բնակվում:

Էդուարդ Պետունցը 2-րդ խմբի հաշմանդամություն ունի։ Նա միայն հայրենի Արցախ վերադառնալու մասին է երազում: Ամուսիններն արցախյան առաջին պատերազմի վետերաններ են:

«Ոչ մի բանի կարիք չունենք, միայն թե նորից հետ վերադառնանք մեր տները՝ ավելի լավ կլինի: Իրենց (թուրքերի) հետ չէ, եթե մեզ այնտեղ նորից բանակ լինի»:

«Բա ինչի համար ենք այսքան ծառայել: Ես երկու անգամ եմ վիրավորվել, ամուսինս՝ չորս անգամ 90-ական թվականներին, գլուխը վիրահատվել է ու պլաստիկ դրվել: Ինչու պետք է գնանք ու թուրքի հետ ապրենք»:

Էդուարդ Պետունցը վատառողջ է, տեղահանվելուց հետո սրտի վիրահատություն է տարել, բայց չի կարողանում հանգիստ նստել: Տնամերձ փոքրիկ հողակտորը մաքրել է մացառներից ու պատրաստել մշակության:

«Դե, առայժմ այսքան տեղն ենք մշակել, շատ վատ վիճակում էր, լրիվ մաքրել ենք, միայն խաղողի վազերն էին կանգնած ու վրան բերք կար: Ով մշակել է, ինքն էլ բերքը տարել է՝ մեզ էլ մի քիչ տվել: Այստեղ էլ սխտոր եմ ցանել»:

11 հոգանոց ընտանիքի միակ կերակրողը երեխաների հայրն է: Նա 17 տարի ծառայել է Արցախի Պաշտպանության բանակում, իսկ հիմա ծառայությունը շարունակում է ընտանիքից հեռու:

Լուկաշինում Արցախից տեղահանված 32 ընտանիք կա, շուրջ 140 մարդ: Վարչական ղեկավար Գևորգ Զեյնալյանն ասում է, որ արցախցիները դեռ շարունակում են գալ իրենց գյուղ, նաև ափսոսում է աշխատանքի պատճառով գյուղից հեռացողների համար.

«Երեք լավ ընտանիքներ գնացին, Երևանում գործ են ճարել, երկուսը մնում են Էջմիածնում, մեկը՝ Մասիսում: Մասիսում մնացողը փոշմանել է: Լավ մասնագետներ էին: Երեք ընտանիք գնաց, մյուսները եկան: Մեկ ընտանիք եկել է, իրենց անվճար տուն եմ տվել. մայրն է, ինքը՝ երկու երեխաների հետ: Երկու ընտանիք պիտի գան, աշխատող մարդիկ են, երկու հոգի էլ եկել գրանցվել են»։

Մինչև Հայաստանում զինվորական ծառայության անցնելը Էդուարդ Պետունցի երկու որդիներն էլ են Երևանում աշխատել, սակայն գնալ-գալու դժվարություններից ելնելով՝ հրաժարվել են այդ աշխատանքից:

Լուկաշինում գյուղատնտեսությամբ զբաղվելու, հողի հետ շփվելու և հողից բարիք ստանալու մեծ հնարավորություն կա: Մոտ մեկ ամսից կսկսվեն գյուղատնտեսական աշխատանքները, որին զուգահեռ աշխատատեղեր կբացվեն նաև Արցախից տեղահանվածների համար:

Կարդացեք նաև

Back to top button