
Վերջին տարիներին Թուրքիայի տնտեսական հզորության մասին պատկերացումները երերում են, համոզված են փորձագետները։ Թուրքական լիրան համառորեն արժեզրկվում է, գնաճի տոկոսները բարձրանում են, ինչը շատ վերլուծությունների կարծիքով Էրդողանի վարած քաղաքականության հետևանք է։ Խոսքը նրա ռուսամետ քաղաքականության հասցրած վնասների մասին է։
Թուրքիայի տնտեսությունը ծանր օրեր է ապրում, և դա վերագրվում է Էրդողանի անկարողությանը, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է թուրքագետ Մուշաղ Խուդավերդյանը: Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ թուրքական լիրան հակառեկորդ է սահմանել, փոխարժեքը մեկ դոլարի դիմաց գերազանցել է 30 լիրան՝ ամերիկյան արժույթի նկատմամբ, հասնելով պատմական նվազագույնին։
Արժեզրկումը տեղի է ունեցել Թուրքիայի Կենտրոնական բանկի ղեկավարի հրաժարականի պայմաններում։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի հրապարակած տվյալներով թանկացումներ են արձանագվում թուրքական շուկայում, հատկապես նշվում է, որ 16.5% թանկացել է հագուստը, սնունդն ու խմիչքը արժևորվել են մոտ 14%, թանկացումներ են արձանագրվում նաև ծառայությունների ոլորտում։
«Թուրքիան առաջին անգամ չէ, որ տնտեսական ճգնաժամի մեջ է հայտնվում։ Քաղաքական իմաստով Էրդողան-Արևմուտք հարաբերությունների լարվածությունը կարող է բերել Թուրքիայում տնտեսական ճգնաժամի։ Էրդողանի վերջին տարիների վարած ռուսամետ քաղաքականությունը բերել է նրան, որ Արևմուտքը լրջորեն սկսել է մտահոգվել, որ երկիրը տարվում է դեպի ռուսական կողմնորոշում։ Եվ կարող ենք փաստել, որ տնտեսական ճգնաժամը կապ ունի Արևմուտքի հետ ունեցած բարդ հարաբերությունների հետ։ Սա իհարկե, չի նշանակում թե Թուրքիա-Արևմուտք հարաբերությունները կարող են ամբողջովին սառեցվել, ոչ»։
Ի վերջո, չպետք է մոռանալ, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, ինչը Արևմուտքի հետ հարաբերություններում կարևոր է, հստակեցնում է Մուշեղ Խուդավերդյանը։ Ըստ նրա, Էրդողանը անկում ապրող քաղաքական գործիչ է, և նրան դժվար հաջողվի երկրի քաղաքական կողմնորոշումը փոխել դեպի Ռուսաստան։ Խուդավերդյանի համոզմամբ Էրդողանից հետո իշխանության եկող գործիչը արտաքին քաղաքականության ուղղությունը անշուշտ կփոխի դեպի Արևմուտք։
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը դիտարկում է թուրքական տնտեսության վիճակը ավելի քան 10 տարի և «Ռադիոլուրի» հետ զրույցում արձանագրում է, որ միայն վերջին 4 տարվա ընթացքում թուրքական լիրան երկու անգամ գերարժեզրկվել է։
«Գերարժեզրկումը երկնիշ կամ, այս պարագայում, եռանիշ թվերով է, ինչը կատաստրոֆիկ լուրջ վնասներ է հասցնում ոչ միայն տնտեսությանը, այլև քաղաքական առումով։ Կշիռը ոչ միայն երկրի ներսում, այլև արտաքին քաղաքական առումով նվազում է։ Այս պարագայում չեմ բացառում, որ բանկերի գործունեությունը կխաթարվի։ Նախադեպեր եղել են Թուրքիայում, երբ բանկերը փակվել են, ինչը ազդեցություն ունեցել է նաև Ադրբեջանի վրա։ Մանաթը գերարժեզրկում է ունեցել ,և դարձյալ մի քանի օրով ոչ միայն փոխանակման կետերն են փակվել, այլև բանկերը»։
Տնտեսագետի կարծիքով, եթե Թուրքիայում մոտեցումները չփոխվեն, ապա այդ երկրի ՀՆԱ-ն անկում կարող է ունենալ, խոսքը թուրքական ծավալապաշտական նկրտումներից հրաժարվելու մասին է։ Դրանք, Մանասերյանի կարծիքով` թյուր կարծիք են ձևավորել թուրքական ազդեցության մասին․
«Պանթուրանական ծրագրերը, որ հետապնդում են արդեն հարյուրամյակներ՝ թյուր կարծիք են ձևավորել հայ հասարակության մոտ, թե Միջինասիական երկրները կուրորեն հետևում են թուրքական բոլոր ցուցումներին՝ մշակութային, քաղաքական ու տնտեսական առումներով, ինչը այդպես չէ։ Ես կասեի, որ նույնիսկ կա որոշակի դժգոհություն, որ թուրքական ապրանքները, որ ներմուծվում են Ղազախստան, Տաջիկստան, Թուրքմենիա, Ուզբեկստան և այլն, սպառողները արդեն համեմատություն ունեն չինական ապրանքերի հետ, և շատ դեպքերում դրանք սկսել են զիջել իրենց որակական հատկանիշներով»։
Թուրքիան, ըստ տնտեսագետի պետք է լուրջ մտածի ու վերլուծություններ անի իր առավելապաշտական ցանկությունների հարցում, հակառակ դեպքում կոլապսն անխուսափելի է այդ երկրում։




