
Ոսկու և բազմամետաղների հնարավոր պաշարների որոնման նպատակով ռուսական «Սագամար» հանքարդյունաբերական ընկերությունը մտադիր է Լոռու մարզի Ստեփանավանի հանքային դաշտի «Չքնաղ-Արմանիս» տեղամասում 2024-2027թթ. երկրաբանական ուսումնասիրություն իրականացնել: Ընկերությունը հանրային լսումներ է անցկացրել Ստեփանավան համայնքի Ուրասար, Գյուլագարակ համայնքի Պուշկինո և Փամբակ համայնքի Արջուտ բնակավայրերում: Մինչ ընկերության ներկայացուցիչները հավաստիացնում են, որ ուսումնասիրությունները չեն վնասելու շրջակա միջավայրը, բնակիչները դեմ են արտահայտվում՝ մատնանշելով գործող հանքավայրերի թողած տխուր հետևանքներն ու դատարկվող համայնքները:
Ի տարբերություն Ուրասարի, ուր լսումները հարթ անցան, Պուշկինո բնակավայրում կարծիքները հակասական էին: Գյուլագարակ համայնքի Պուշկինո բնակավայրից Արարատ Արզոյանը դեմ է գյուղում ընդերքը հետախուզելուն: Արմանիսի ոսկու հանքը մեզ հերիք է, գոհ ենք՝ ասում է։
«Դուք մեզ թունավորելու եք, մեր երեխեքին, մեր թոռներին։ Էս ձորն է մեզ պահում, ամբողջ գյուղը օգտվում է էդ ձորից, ձորի մալինան 2 ամիս պահում է էս ժողովրդին։ Էլ չասեմ անասնապահության մասին։ Բոլորն էլ գիտեն՝ էդ տարածքից է քամին փչում, թույնն ու փոշին նստելու է մեր հողերի վրա»:

Գյուղից հայցվող շուրջ 2 հա տարածքը բնակիչները որպես արոտավայր են օգտագործում: Այդտեղ են նաև գյուղի ջրային պաշարները։ Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասաց՝ իր բնակիչների հետ է, ինչ որոշեն, կհամաձայնի։
«Մարդիկ ինչ որոշեն, ես դրան եմ համաձայն, կքննարկենք, կհասկանանք»:
Մինչ հանքարդյունաբերողները վստահեցնում են, որ չեն վնասելու շրջակա միջավայրը, բնակիչները մատնանշում են գործող հանքերի տխուր հետևանքներն ու դատարկվող համայնքները: Ռուսական «Սագամար» հանքարդյունաբերական ընկերությունը, որ երկար տարիներ շահագործում է Արմանիսի ոսկու հանքը, ոսկու և այլ թանկարժեք մետաղների որոնումներ է նախատեսել Ստեփանավանի հանքային դաշտի «Չքնաղ-Արմանիս» տեղամասում՝ 2024-2027թթ.–ին: Եթե հայտնաբերված պաշարները գոհացնեն, լրացուցիչ հումքի աղբյուր կդիտարկեն Արմանիսի ոսկու հանքի համար: Բնապահպանության նախարարությունից Հերիքնազ Մկրտչյանը, ներկայացնելով ՇՄԱԳ հայտի մանրամասները, ասում է՝ այն փոփոխվել է, որովհետև հայցվող տարածքը հարում է «Գյուլագարակ» ազգային պարկին, որում կարմիրգրքյան բուսատեսակներ կան:

2022-ին ընկերությունը լսումներ էր հրավիրել մարզի 6 բնակավայրերում, այժմ հայցվող տարածքը կրճատել են՝ սահմանափակվելով 3 բնակավայրով: «Սագամար»-ի ծրագրին դեմ էին նաև արջուտցիները։ «Կարճ կոնկրետ» դեմ ենք՝ ասաց Արջուտի տարեց բնակիչներից մեկը:
«Առանց այն էլ ամբողջ Վանաձորի աղբը մեր մոտ է թափվում ու վառվում, մի ոսկու հանք արդեն ունենք, էդ մի հանքից չենք պրծել, հիմա էլ նո՞րը: Գիշեր—ցերեկ էդ ծանրաքարշ մեքենաների ձայնից չենք կարողանում քնել»:

Ինչպես 2 տարի առաջ, այս անգամ էլ հանրային բոլոր լսումներին մասնակցում էին «Սագամար»-ի աշխատակիցները: Ընկերության գլխավոր տնօրեն Ստանիսլավ Մարոզովը, որ 2 տարի առաջ է ստանձնել ղեկավարումը, արջուտցիներին փոխշահավետ առաջարկ արեց՝ 9 մլն դրամի ներդրում՝ գյուղի զարգացման համար համաձայնության դիմաց: Կոնկրետ ուղղություններ չնշեց:

Դեռ 2022-ին «Ռադիոլուր»-ի հետ զրույցում Մորոզովն ասել էր, որ «Սագամար»-ը վերագործարկման է պատրաստվում և առաջիկա 10 տարիների համար նոր պաշարներ են պետք: Լրիվ գործարկման դեպքում շուրջ 400 աշխատատեղ կունենան: Մինչդեռ լսումների ժամանակ այդպես էլ չհստակեցվեց՝ ի վերջո ո՞րն է ընդերքի հետախուզման նպատակը: Բնապահպան –իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանն ասում է՝ Արջուտը կրկնակի խոցելի ազդակիր համայնք է՝ շարունակ ծխացող աղբավայրով ու ոսկու գործող հանքով:
Մորոզովի առաջարկը համոզիչ էր գյուղի վարչական ղեկավար Վարդան Մկրտչյանի համար: Մկրտչյանը, որ դիրքորոշում արտահայտելու իրավունք չուներ, առաջարկեց կողմ և դեմ թերթիկներով քվեարկել։ Կողմ ցուցակում ինքն առաջինն էր։ Մկրտչյանին էլ է հետաքրքրում՝ ինչ պաշարներ ունի գյուղը, մանավանդ որ ուսումնասիրվող տարածքը գյուղից 15 կմ հեռու է։ Այս փուլում հանք չենք շահագործում, այլ միայն ուսումնասիրում ենք՝ նախագծողներն են համոզում։

Տարոն Նավասարդյան, «Էկոմենեջմենթ» ընկերության ներկայացուցիչ․ «Մի հատվածը որ բացվում է, նայվում է ու անմիջապես ռեկուլտիվացվում, այսինքն՝ եթե խոսենք վտանգի մասին, մեկ վեգետատիվ սեզոնի մասին է խոսքը»:
Գյուղի ջրբաշխ Արտյոմ Հովհաննիսյանը ջրային պաշարների աղտոտումն է մատնանշում՝ արդեն գործող հանքի շահագործման հետևանքով։
Արտյոմ Հովհաննիսյան․ «Ճար ունենամ եղած ոսկու հանքն ու աղբավայրը կփակեմ: Գյուղի վերջում եմ ապրում, ամեն առավոտ վառած աղբի ծխից շնչահեղձ լինում: Եղածը մեզ հերիք է, նոր հանքի մասին մտածել չենք ուզում:»

Սա օբյեկտիվ մտահոգություն է՝ ասում է Օլեգ Դուլգարյանը։ Պաշարներ գտնելուց հետո տարածքը գրավիչ է դառնալու հանքարդյունահանողների համար։ Հիշեցնենք՝ 2022թ․ ամռանը «Սագամար» ընկերությունը խոշորացված համայնքների 6 բնակավայրերում հանրային լսումներ էր նախաձեռնել, որոնք միայն 3 –ում դրանք կայացան, մյուսներում չեղարկվեցին:




