ԿարևորՏնտեսական

Քրաուդֆանդինգի առաջին հայկական հարթակը գործարկված է․ ընկերությունները սպասում են  ներդրողներին

Հայաստանում ներդրումային քրաուդֆանդինգի առաջին հարթակը գործարկված է։ arfi.am-ը ստարտափերին  և մասնավոր բիզնեսին թույլ կտա կապիտալ ներգրավել առցանց եղանակով։ Հարթակն աշխատում է դասական մեխանիզմով՝  ընկերությունները ներկայացնում են իրենց բիզնես նախագծերը, աշխարհի տարբեր կետերից ներդրումներ են ներգրավում և ներդրողին բաժնեմաս հատկացնում: ԱՌՖԻ-ում ներկայացված բոլոր նախագծերն ունեն մեկ ընդհանրություն՝ արտացոլում են երկրում առկա նորարարական ներուժը՝ նպատակ ունենալով ավելի զարգացնել այն:

Planet Fiber–ը  ՏՏ ենթակառուցվածքների մատակարար առաջին ընկերությունն է, որը arfi.am հարթակում նախաձեռնել է ներդրումային քրաուդֆանդինգ՝ ավելի մեծ շուկաներ նվաճելու համար: Հարթակը բացվել է հունվարի 10–ին, այն հայկական շուկայում առաջինն ու առայժմ միակն է։ Ընկերության տնօրեն Տիգրան Գրիգորյանը «Ռադիոլուրի» հետ զրուցում ընդգծում է՝ ցանկանում են ամբողջությամբ ավտոմատացնել բիզնես գործընթացները

«Հաշվի առնելով մեր 13 և ավելի տարիների փորձը, շուկայի մասին տեղեկատվությունը՝ մենք գտանք այն պրոդուկտը, որը կկարողանանք ստանալ և դուրս գալ միջազգային շուկա։ Հասկացանք, որ աշխարհը գնում է դեպի Marketpleace  օնլայն հարթակներ։ Մեր մրցակից ընկերություններից շատերը  լոկալ տարածքում օնլայն ու օնֆալյն ռեժմիով արդեն ձևավորված շուկաներ ունեն, աշխատում են։ Քանի որ մեր երկիրը փոքր է, մենք գտանք այն պրոդուկտը, որով դուրս կգանք միջազգային շուկա»։

Միջազգային ու սուրհանդակային փոստային գործուներությամբ զբաղվող մեկ ընկերություն ևս ներկայացված է հարթակում։ Երրորդ ընկերությունն էլ հավելված է թողարկել, որի միջոցով Երևանում և Լոս Անջելոսում մաքրման ծառայություններ են տրամարում։  ԱՌՖԻ–ում 300 հայտ են ուսումնասիրել, հաստատել մեկ տասնյակից ավելին։ Այստեղ կարևոր է, որ ընկերությունները  բաց բաժնետիրական կառավարման անցնեն։ Դրանք հարթակի միջոցով բաժնետոմսեր և պարտատոմսեր տեղաբաշխելու հնարավորություն կստանան:18 տարեկանից բարձր յուրաքանչյուր անձ աշխարհի ցանկացած կետից կկարողանա հարթակի միջոցով ներդրումներ կատարել։ ԱՌՖԻ ներդրումային ընկերության տնօրեն Էդգար Էվոյանը պատմում է՝ ընկերությունները հարթակում կավելանան, երբ կավարտեն ԲԲԸ–ի ընկերության ստեղծման, ապա ռեեստրը  որպես հաշվի օպերատոր ԱՌՖԻ–ին հանձնելու գործընթացն ու մարկետինգային  փուլը՝ նկարահանելով տեսահոլովակ։

«Ներդրողներն իրենց որոշման մասին մտածելու չորս օր կունենա, որի ընթացքում կարող են չեղարկել ներդրումը՝ առանց որևէ միջնորդավճարի, առանց տուգանքների ու տույժերի։ Մտածելու ժամանակը, կարծում ենք, ներդրողների ակտիվության վրա մեծ ազդեցություն կունենա»։

Ֆինանսավորումը համարվում է ավարտված, երբ ընկերությունը հասնում է իր առավելագույն նպատակին կամ ավարտվում է ֆինանսավորման ժամանակը։ 

«Արդեն գումարը մենք փոխանցում ենք ընկերությանը, գրանցում ենք ներդրողների իրավունքները դեպոզիտարիատում։ Եթե ընկերությունը չի հավաքում նվազագույն գումար այդ ժամանակահատվածում, ֆաանսնավորումը հաջորղված չի համարվում։ Մինչ այդ ներդրում իրականացնող անձինք գումարները հետ են ստանում»։

Ներդրողներ ներգրավելու, այսպես ասենք, թիրախում ԱՄՆ-ն ու Եվրոպան են։ ՌԴ-ն նունպես դիտարկվում է, բայց իրավիճակով պայմանավորված՝ ակնկալիքներն այս պահին մեծ չեն։  Հայտերի ոլորտները դիվերսիֆիկացված են՝ ՏՏ, արտադրություն, ծառայությունների ոլորտ։ Միանգամից մերժվում են խաղադրույքների ու ծխախոտի արտադրության ոլորտներից ստացվող հայտերը։

Կարդացեք նաև

Back to top button