ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Մուրադ Փափազյանն ու Մասիս Աբրահամյանը «անցանկալի անձ» չեն կարող լինել. Վարչական դատարանի որոշմանը ԱԱԾ-ն դեռ չի արձագանքել

Հունվարի 22-ին ՀՀ վարչական դատարանը բավարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի և ՀՅԴ Հոլանդիայի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Մասիս Աբրահամյանի դատական հայցերը։

Վարչական դատարանը պարտավորեցրել է ԱԱԾ-ին Մուրադ Փափազյանի և Մասիս Աբրահամայանի վերաբերյալ տվյալները հանել ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից։ Փափազյանի ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը և փաստաբան Ռուբեն Մելիքյանն այսօր մեկնաբանել են դատարանի վճիռը։

Մանրամասնելով գործի իրավական պատմությունը, Մուրադ Փափազյանի և Մասիս Աբրահամյանի ներկայացուցիչ ՀՅԴ անդամ, ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հակիրճ ներկայացրեց Վարչական դատարանի հրապարակած որոշման բովանդակությունը.

«Դատարանը շատ հստակ և համակարգային վերլուծությունների միջոցով ճանաչել է իրավահարաբերության բացակայությունը և նաև ԱԱԾ-ին պարտավորեցրել է, որպեսզի հանեն Մուրադ Փափազյանի և Մասիս Աբրահամյանի տվյալներն անցանկալի անձանց ցուցակից»։

Արծվիկ Մինասյանը նշեց, որ այս պահին ևս 5 սփյուռքահայի գործ իրավական տարբեր գործընթացներում են։

«Ամենևին չնսեմացնելով ԱԱԾ-ի կարևորությունն ու դերակատարությունը, այնուամենայնիվ, այս երկու գործերը սկզբունքային նշանակություն ունեն սփյուռքահայ մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության տեսակետից»։

Իրավական տեսանկյունից դատարանի որոշումը կարևորում է նաև գործով փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ այն բնութագրելով, որպես շատ որակյալ։

Փաստաբանը հույս ունի, որ գործով վեճը շարունակելու առիթ չի լինի։

«Իհարկե, ակնկալվում է, որ Ազգային անվտանգության ծառայությունը բավարարված չի լինի և վերաքննիչ դատարան կդիմի, սակայն մի փոքր հույս ունեմ, որ խնդրին խորապես ծանոթանալով՝ Ազգային անվտանգության ծառայությունը կփորձի լուծումներ գտնել այս իրավիճակների համար»:

ԱԱԾ-ն առայժմ չի արձագանքել վարչական դատարանի կայացրած որոշմանը։

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ կարևորելով ազգային անվտանգության ինստիտուտի դերակատարությունն ու նշանակությունը, նաև տեսնում են, որ խորը խնդիրների մասին խոսելու անհրաժեշտություն և իրավական առումով զարգացման հնարավորություն կա, որ հատկապես կասկածի տակ չդրվի այն մարդկանց ՀՀ վերադառնալու իրավունքը, ում համար այն հայրենիք է։

«Հատկապես, երբ խոսքը վերաբերում է ազգությամբ հայերին, այստեղ չափանիշները պետք է շատ հստակ լինեն։ Սա արդեն քաղաքական հարց կարող ենք համարել․ արդյոք այս պետությունը միայն ՀՀ քաղաքացիների երկի՞րն է, թե՞ բոլոր հայերի երկիրն է»։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի մուտքը ՀՀ արգելվել էր 2022 թվականի հուլիսի 13-ին. նա «անցանկալի անձ» էր ճանաչվել Հայաստանում: Փափազյանը հայտարարել էր, որ իրավական բոլոր միջոցներով պայքարելու է ՀՀ վերադառնալու իրավունքը վերականգնելու համար։

Կառավարության պարզաբանմամբ՝ Մուրադ Փափազյանի մուտքը ՀՀ արգելվել է այն պատճառով, որ նա հանդիսացել է 2021 թվականի հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ Հայաստանի վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը: 2022 թվականի օգոստոսի 1-ին արգելվել էր նաև Հոլանդիայի Հայ Դատի ատենապետ Մասիս Աբրահամյանի մուտքը ՀՀ:

Կարդացեք նաև

Back to top button