
Բաքուն կրկին Երևանից ականազերծման քարտեզներ է պահանջում։ Ադրբեջանի արտգործնախարարությունը կոչ է արել միջազգային հանրությանը «պարտադրել Երևանին՝ հանձնել ականապատ դաշտերի քարտեզները»։ Հայտնում են, որ 2020 թ.-ից սկսած 342 մարդ է մահացել ականի պայթյունից։ Նախօրեին էլ Ադրբեջանի դատախազությունն Աղդամում ականի պայթյունից մեկ մարդու վիրավորվելու մասին է հայտնել։ Ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը, մինչդեռ, նկատում է, որ ադրբեջանական նման հայտարարությունները խորքային նպատակ ունեն՝ միջազգային հանրության աչքերին թոզ փչել ու սեփական հնարավոր սադրանքների համար հող նախապատրաստել։
Ադրբեջանական ձեռագիրը նույնն է, այն չի փոխվել ու չի փոխվում՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատեց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը։ «Հիմա պայթյուն կլինի, ինչ կլինի, չգիտեմ՝ Ճապոնիայում երկրաշարժ կլինի, ամեն ինչի մեջ հայերին են մեղադրելու»։
Այվազյանի համոզմամբ՝ նման ամենատարբեր մանր-մունր պատրվակներով Ադրբեջանի հայտարարություններն ընդամենը շղարշ են իրենց սանձարձակ հնարավոր գործողություններն արդարացնելու համար։
«Ադրբեջանը, երբ որ ինչ-որ ահաբեկչական քայլի է դիմում, քարոզչական նախապատրաստական աշխատանքն է տանում։ Փորձում է բոլոր մեղքերի մեջ մեղադրել հայկական կողմին, որ արդարացնի սեփական չարագործությունները։ Այնպես որ՝ նպատակը հենց դա է։ Ընդամենը իրենց սեփական երեսը որոշ չափով փրկելու համար»։
Հայկական կողմը մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ բոլոր քարտեզները հանձնել են Ադրբեջանին։ Դեռ 2021 թվականի հունիսի 12-ին Ադրբեջանը Հայաստանին հանձնեց 15 գերեվարված հայերի՝ Հայաստանի կողմից դրա դիմաց ստանալով հենց Աղդամի ականապատ դաշտերի քարտեզները: Այս մասին դեռ այն ժամանակ հենց Ադրբեջանի արտգործնախարարությունն էր հայտարարել։ Տեղեկությունը միաժամանակ լայնորեն տեղ գտավ ադրբեջանական լրատվամիջոցներում՝ նույն Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությանը հղումով։ Պարզից էլ պարզ է, որ զուտ հումանիտար նկատառումներից ելնելով, ՀՀ-ն տրամադրել է թշնամուն ականապատ տարածքների ամբողջական քարտեզները՝ ասում է ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը.
«Բոլոր փաստաթղթերը անգամ կանխավ տրամադրվեց՝ նախքան որևէ մեկին կազատեին գերությունից»։
Այվազյանը նկատում է, որ Ադրբեջանը չի զլանում և հազարումի մանր-մունր պատրվակ օգտագործում է՝ իր խնդիրները փորձելով լուծել միջոցների՝ ստի-կեղծիքի, մեջ որևէ խտրականություն չդնելով։ Տվյալ պահին, միջազգային հանրությանն ուղղված այդ երկրի ԱԳՆ հայտարարությունն այն մասին, որ պետք է «պարտադրել Երևանին՝ հանձնել ականապատ դաշտերի քարտեզները», նույն տրամաբանության շրջանակում է։ Իսկ այդ տրամաբանության հիմքում, ադրբեջանագետի համոզմամբ, մեկ նպատակ է.
«Իրենց սադրանքները վերսկսելու համար, որոնց հավանականությունը չի բացառված։ Մանավանդ՝ հաշվի առնելով Բաքվի ռեժիմի ամենաբարձր մակարդակով ներկայացուցիչների վերջին հայտարարությունները մամուլի ասուլիսի ժամանակ։ Ալիևի ախորժակը ուտելուց է բացվում։ Այնպես որ, իրենք չեն պատրաստվում, այսպես ասեմ, ոչ մի քայլ անել դեպի խաղաղություն։ Ամեն ինչից՝ հռետորաբանությունից սկսած երևում է, որ չեն պատրաստվում»։
Այվազյանը համոզված է՝ նոր սադրանքներ չեն լինի, եթե Ադրբեջանի համար հարմար իրավիճակ չստեղծվի։ Բոլոր դեպքերում չպետք է զգոնությունը կորցնել ու պետք է հասկանալ, որ վտանգն իրկան է։
«Ուղղակի, ասում եմ, նախապատրաստական աշխատանք է, կստացվի՝ կստացվի։ Իրենք սպասում են. տեսնում եք, ընտրություններ ԱՄՆ-ում՝ շուտով, ԵՄ-ում նույնպես նախընտրական իրավիճակ է։ Իրենք, ինչպես շնագայլը, սպասում են իրենց համար, ինչպես ասում են, հարմար առիթի, որպեսզի անեն այն, ինչ-որ, իրենք կարծում են, որ հարմար ժամանակն է դա անելու։ Որովհետև շատ լավ գիտեն, որ այսպիսի իրավիճակը տարածաշրջանում երկար չի տևելու»։
Փորձագետը նաև տարակուսում է, որ քաղաքակիրթ մարդկության աչքերի առաջ բռնապետական մի պետության կողմից անընդհատ սպառնալիքներ են հնչում դեմոկրատական պետության անգամ գոյության վերաբերյալ և, ակնհայտորեն, այդ երկիրը հող է նախապատրաստում հերթական սադրանքի համար, բայց միջազգային հանրությունը, ադրբեջանագետի ձևակերպմամբ, «չափազանց ըմբռնումով է մոտենում» ադրբեջանական իշխող ռեժիմի այդ քմահաճույքներին։ Բոլորն իրենց շահերն ունեն, դրա համար էլ դիկտատորական Ադրբեջանն ամբողջ տարածաշրջանի կայունությանը մարտահրավեր է նետում, իսկ նրա նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին խոսքերը գործեր չեն դառնում։ Ադրբեջանը չի հանգստանա, քանի դեռ նրան չհանգստացնեն, ասաց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը՝ այդուամենայնիվ եզրափակելով համոզմամբ, որ Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները չեն իրականանա։




